Դատարկ խոսքեր

Դատարկ խոսքեր

Տասնամյակներ շարունակ նույն տեսարաններին ենք ականատես լինում` իշխանության այս կամ այն ներկայացուցիչը կարմիր ժապավեն է կտրում, ինչ-որ գործարանի մեկնարկի, շինության հիմնարկեքի, ծրագրի շնորհանդեսի մասնակցում` հպարտ տեսքով կանգնելով տեսախցիկների առաջ, դատարկ ֆրազներ արտասանելով, ծեքծեքուն շնորհավորանքներ ու մաղթանքներ արտաբերելով: Իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ ջրագիծը, որը բացեցին, գործարանը, որը հիմնադրեցին, ծրագիրը, որի մեկնարկը տվեցին, իսկական փուչիկ էր` ոչինչ իրենից չներկայացնող մի բան: Իսկ իրականում` իշխանությունների փիառն էր, որն ուզում է ցույց տալ, որ ինքն աշխատում է, ստեղծում է, հարցեր է լուծում:

Այնքան շնորհանդես, որ Հայաստանում է իրականացվել այս 30 եւ ավելի տարիներին, այնքան հիմնարկեք, որ մենք ենք տեսել, այնքան կիլոմետրով կարմիր ժապավեն, որ մեզանում է կտրվել, բավական էր, որ մենք դարձած լինեինք Շվեյցարիա ու Բելգիա, գոնե` Բուլղարիա կամ Ռումինիա: Բայց մենք այդպես էլ նորմալ ենթակառուցվածքներ չունենք մեր երկրում: Մեզանում գյուղեր կան, որտեղ մշտական ջուր չկա: Մեզանում մեծ թվով մարդիկ ապրում են չքավորության մեջ եւ հյուղակներում, որտեղ տարրական կենցաղային պայմաններ չկան: Մեզ մոտ արտադրական կարողությունները չեն զարգանում, եթե չասենք` առհասարակ որեւէ արտադրություն չի հիմնվում:

Մեզ մոտ մարդու իրավունքները համատարած խախտվում են: Կրթությունը ժամանակակից չէ, գիտությունն արտադրության հետ կապ չունի: Տրանսպորտի հարցը չի լուծվում` ո՛չ քաղաքներում, ո՛չ մարզերի ու մայրաքաղաքի միջեւ: Սպորտը մասսայական չէ: Գրքեր քիչ են հրատարակվում: Մշակութային արժեքների, հուշարձանների պահպանությունը վատ վիճակում է: Մի խոսքով` պետությունն իր պարտականությունները վատ է կատարում: