Պատասխան պահանջողը չի լինելու

Պատասխան պահանջողը չի լինելու

Օրերս, Հ1-ի «Լուրերի» ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների հարթակում աչքովս ընկավ ադրբեջանական անուն, ազգանունով մեկի գրառումը. «Դուք տղամարդիկ չունենք, մեզ ձեր կանայք են պետք»։

Նախկինում, թշնամու նման ցանկությանը հումորով կվերաբերվեի, բայց 44-օրյա պատերազմից հետո հասկացա, որ նրանք, ի տարբերություն մեզ՝ գլուխ չեն գովում, այլ կոնկրետ նպատակ են դնում եւ հետևողականորեն, քայլ առ քայլ դրան ընդառաջ են գնում։ 

Մինչ մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը վերագրում էինք մեզ և ի լուր աշխարհի հայտարարում այդ մասին, ձեռքի հետ էլ հեգնում վախկոտ ադրբեջանցիներին ու նրանց բանակը, վերջինս զինվում էր, հզորանում և ընդլայնում բարեկամների ու համախոհների շրջանակը, որ դանդաղ, բայց վճռական մոտենա իր նպատակին։ Եվ դա անում էր անթաքույց՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Իսկ հիմա ձեռքի հետ էլ ծաղրում է Նիկոլ վերընտրած հային, որը պարտության իշխանություններին կրկին ընտրեց` համաձայնելով կորուստների եւ խաղաղության փաշինյանական կոնցեպցիայի հետ։ 

Թշնամին, թերևս գիտակցում է, որ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի վավերացումը սարերի հետևում չէ, և դրանից ավելի ցինիկ է դառնում, ավելի է լկտիանում իր ցանկությունների մեջ։ Իսկ մենք դեռ շարունակում ենք լռել ու աղոթած կենդանու պես նստած սպասել մեր օրհասին:

Վերջերս քաղաքական գործիչներից մեկը, չեմ հիշում՝ ով, պատմում էր, որ ՔՊ-ական իր ընկերոջը հարցրել է՝ պատկերացնում ե՞ք՝ ինչ կանի ձեզ հետ հաջորդ կառավարությունը, երբ գա իշխանության, ի՞նչ պատասխան եք տալու ձեր ազգադավ քաղաքականության համար։ «Իսկ ո՞վ է պատասխան պահանջելու, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի լինելու», -լկտիաբար հակադարձել էր ՔՊ-ական գործիչը։

Ահա, սա է այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ազգակործան խունտան՝ ոլորտ առ ոլորտ անապատացնելով Հայաստանը։ Եվ դա անում է գիտակցաբար՝ թքած ունենալով հազարավոր նահատակների, անհետ կորածների, գերիների ու հաշմանդամների թափած արյան վրա։ Կարևորը՝ մուրալով ձեռք բերված «խաղաղությունն» է՝ թրքահպատակ իշխանության տանիքի տակ։