Շտապ օգնության բողոքող վարորդները տույժի կենթարկվե՞ն

Շտապ օգնության բողոքող վարորդները տույժի կենթարկվե՞ն

Շտապ օգնության վեցերորդ ենթակայանի վարորդներն երեկ բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Ասում էին, որ իրենք 7-10 օր են աշխատում, 24 ժամվա համար վարձատրվում են 11 հազար 300 դրամով, իսկ 10 օրվա համար անգամ մոտավորապես 113 հազար դրամ են ստանում, որը չի բավականացնում: Նշում էին, որ ախտահանություն չկա, անսարք մեքենաներն իրենց հաշվին են նորոգում եւ այլ դժգոհություններ։

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը մեզ հետ զրույցում ասաց՝ նման պահելաձևը ճիշտ չի համարում․ «Ոչ մեկը չի ասում, որ իրենց պահանջն աննպատակ է, բայց իրենց արածն այսօր, այդ ծանր օրվա պայմաններում բացարձակ անընդունելի էր։ Եթե ունեին իրենք նման բան անելու միտք, կարող էին գալ ինձ մոտ կամ գնային իրենց «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրենի մոտ՝ իրենց հարցը բարձրացնեին, մենք էլ կփորձեինք ինչ-որ բանով օգտակար լինել, այլ ոչ թե այդ ձեւով։ Տանը այդքան ծանր հիվանդ մարդիկ կան, բա իրենց ո՞վ պետք է սպասարկի, այդ մոտեցումը ճի՞շտ է, ես գտնում եմ, որ բացարձակ ճիշտ չէ»։

Բաբինյանի խոսքով՝ վարորդներն ի սկզբանե ծանոթ են եղել պայմաններին․ «Ես էլ եմ ուզում բոլոր բժիշկների աշխատավարձը բարձրանա, իրենք երբ աշխատանքի են ընդունվել, իրենց տվել են աշխատանքային պայմանագիր, իրենք ստորագրել են, չէ՞, իրենք ծանոթացել են այդ պայմաններին․․․․Հիմա կա առանձին մասնագիտացված 80-33 հեռախոսամարով կովիդի շտապ օգնություն, որը բոլոր կովիդի կանչերը սպասարկում է»։

«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ տեղյակ չէ՝ բողոքավոր վարորդները վաղը գնալո՞ւ են աշխատանքի, թե՞ ոչ․ «Ես չգիտեմ իրենք վաղը լինելու են թե ոչ աշխատանքի մեջ, իրենք կիմանան, բայց, ամեն դեպքում, մեր մեքենաներն անխափան աշխատել են։ Նույն իրենք երեկ աշխաել են»։

- Նրանց աշխատավարձը բարձրանալո՞ւ է։

- Բարձրացումը կախված է բյուջեից, հատկացված գումարներից։ Դա նոր խոսակցություն չի, դրան միշտ էլ անդրադարձել ենք, եւ եթե հնավորավորությունը լինի գալիք տարում բարձրացնելու, անպայման կբարձրացվի։ Այնպես որ պետք է սպասենք որ տարին սկսվի։

- Շտապօգնության մեքենաները երբ անսարք են լինում, վարորդներն իրենց գրպանի՞ց են սարքում մեքենան, երեկ, կարծեմ, նման հայտարարություն եղավ։

- Ոչ, դա ճիշտ չէ։ Մենք դրա համար ունենք կազմակերպություն, որը տենդերի արդյունքում շահել է մրցույթը, եւ վերանորոգում է մեր բոլոր մեքենաները։ Խոսքը գնում է նրա մասին, որ, երբ վարորդի անփութության պատճառով, վթարի ժամանակ, երբ վարորդը 100 տոկոս մեղավոր է դուրս գալիս, այդ դեպքում մեղավորությունը ինքը պետք է շտկի եւ մեքենան սարքի։

- Տիկին Ստեփանյան, վարորդներն երեկ ասում էին, որ լինում են դեպքեր, երբ կորոնավիրուոսվ վարակված անձի են տեղափոխում, հետո առանց ախտահանվելու, օրինակ, գնում եւ երեխայի են տեղափոխում։

- Ես այդ անհեթեթ, անկապ բաները լսեցի, իրենք խոսում են, որ միանգամյա օգտագործման իրերը չկա եւ այլն։ Մենք այնքա՜ն ուշադիր ենք նման բաներին։

- Օրական 40 կանչ են ունենում՝ իրենց ասելով, դա շատ չէ՞ մեկ վարորդի համար։

- Օրական, եթե մենք ունենք 800-850 կանչ, դա բաշխվում է ենթակայանների միջեւ՝ ըստ հասցեների։ Չեմ կարծում, որ 40-ի հասնում է, ենթակայանը, որը ամենաշատ կանչերն է սպասարկում «Կենտրոն» ենթակայանն է։

- Տույժ-տուգանքի կենթարկվե՞ն վարորդները երեկ մի քանի ժամ չաշխատելու համար։

- Իրենց պահվածքի արդյունքում ստացվեց այնպես, որ բժիշկները, որոնք ուզում էին աշխատել չէին կարող կանչ սպասարկել, այնուամենայնիվ, իրենց աշխատանքով չէր միայն, գծի դուրս եկած 45 մեքենան մնացած կանչերը սպասարկեցին։ Պետք է այդ ամեն ինչը վերլուծենք, հասկանանք՝ տույժ տուգանքի կենթարկվեն թե ոչ։