Փաշինյանը մոռացա՞վ, որ ժողովուրդն է որոշում

Փաշինյանը մոռացա՞վ, որ ժողովուրդն է որոշում
ՖԲ-ում տարածված մի տեղեկությամբ էի «կիսվել»: Խիստ կասկածելի կայքը հայտնում էր, որ նոյեմբերին ԼԳԲՏ քրիստոնեական համայնքի միջազգային հավաք է տեղի ունենալու Երեւանում: Նաեւ կից գրառում էի արել, որ դա խայտառակություն է: Քիչ անց կրտսեր գործընկերներիցս մեկը` Վով Մուշեղյանը, արձագանքեց. «Հետո էլ մեզ ես ասում` ամեն կայքի հրապարակում պետք չէ լուրջ ընդունել»: Նա ճիշտ էր, իհարկե, բայց մի ներքին ձայն ինձ հուշում էր, որ այս կարգի հայտարարություն որեւէ լուրջ լրատվամիջոցով հնարավոր էլ չէր տարածել: Ինչեւէ:



Արդեն որքան ժամանակ է` մեր հասարակությունը բեւեռված է այդ հավաքի հեռանկարի վրա, եւ պաշտոնական որեւէ աղբյուր չի էլ պատրաստվում հերքել: ԼԳԲՏ համայնքի խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետը, ԱԺ-ում` խոստովանելով, որ խնդիրը կա, եւ եթե ոչ այս կառավարությունը, ապա վաղվանը, ստիպված է լինելու որոշում կայացնել` կա՛մ թույլ չտալ` տանկերը քշելով այդ փոքրամասնության վրա, կա՛մ որոշում կայացնել` հաշտվելով երեւույթի առկայության հետ:



Տարբեր երկրներում տարբեր կերպով են լուծել հարցը: Ռուսաստանում, Իրանում եւ այլուր արգելված է այդ համայնքի բացահայտ գոյությունը, այլ երկրներում նույնիսկ նույնասեռական ամուսնություններն են թույլատրելի եւ օրինական: Սա նշանակում է, որ տարբեր երկրներ եւ ժողովուրդներ տարբեր ընկալումներ ունեն խնդրի կապակցությամբ` կապված իրենց հասարակություններում իշխող վերաբերմունքի հետ: Մենք վերջերս ականատես եղանք Վրաստանում գեյ-շքերթի ժամանակ սկսված մեծ ծեծկռտուքին: Սրանից պետք է մեկ հետեւություն անել` հասարակությունը չի ընդունում այդ այլասերությունը: Հակառակ պարագայում այդ շքերթը գուցե տոնախմբության եւ համերաշխության ցույցի վերածվեր: Հայաստանում, վստահ եմ, ծեծկռտուքն ավելի սաստիկ է լինելու, եւ, չի բացառվում, լինեն ավելի լուրջ հետեւանքներ, եթե պետությունը չմիջամտի եւ չկանխի հիշատակված հավաքը: Փաշինյանը պետք է լուրջ մոտենա այս հարցին, մանավանդ որ սոցիալական կայքերում արդեն քննարկվում է նրա ընտանիքի անդամների` ԼԳԲՏ հավաքին հրավիրված լինելու «փաստը»: Այդ «փաստին» ես իսկապես չեմ հավատում եւ հակված եմ մտածելու, որ դա ընտրություններից առաջ սեւ PR է ընդամենը: Բայց, ինչ էլ լինի, պետության ղեկավարն իրավունք չունի անձամբ համոզել իր երկրի հասարակությանը` լոյալ վերաբերվել ԼԳԲՏ առաջիկա հավաքին: Նա այդ մասին խոսեց ԱԺ-ում` ձեռքի հետ պատմելով, թե ինչպես է Հայաստանից փախած մի գեյ իրեն սուրճ տվել Փարիզի հյուրանոցում:



ԼԳԲՏ համայնքի հարցն այսօր համաշխարհային հարց է դարձել: Ընդհուպ այդ հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքով են երկրներին ճամբարների բաժանում` առաջադեմ եւ հետադեմ: Սա կեղծ բաժանում է, որովհետեւ, եթե երեւույթը կա, ապա կա բոլոր երկրներում: Նույն «առաջադեմ» աշխարհն էլ դժվարությամբ է հաղթահարել երեւույթի հետ հաշտվելու եւ այն օրինականացնելու պրոցեսը: Այսօր, սակայն, նկատվում է «առաջադեմ» աշխարհի ճնշումը, որով փորձ է արվում նույնը պարտադրել նաեւ «հետադեմներին», որոնցից մեկն էլ, անշուշտ, Հայաստանն է: Եթե ընտանիքն իսկապես բացարձակ արժեք է Փաշինյանի համար, եւ նա վստահ է, որ այդպես է նաեւ մեր հասարակության 90 տոկոսի համար, ապա նա առնվազն պարտավոր է իր «առաջադեմ» գործընկերների հետ հարցի քննարկումը հանել պարտադրանքի ոլորտից եւ ավելորդ անգամ չգրգռել մի հասարակության, որն առանց այն էլ սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունի եւ 30 տարի ապրում է պատերազմական իրավիճակում` ունենալով ծնելիության ու վերարտադրության լրջագույն խնդիրներ:



Հասկանալի է, թե մեր երիտասարդության համար ինչպիսի կործանարար ազդեցություն կարող է ունենալ «մարտնչող» ԼԳԲՏ համայնքը: Բայց, հասկանալով հանդերձ, ժողովուրդը համապատասխան լծակներ չունի ԼԳԲՏ-ի դեմ պայքարելու համար, եթե փողոցային ծեծկռտուքը չհաշվենք: Հետեւաբար, խնդրի լուծման հոգսը դարձյալ ընկնում է իշխանության ու կառավարության վրա, որոնք շատ ավելի խոցելի են «առաջադեմ» աշխարհի կողմից, քան ժողովուրդը: Կգնա՞ մեր կառավարությունը ժողովրդի դեմ` դրամաշնորհներ ու վարկեր կստանա, չի՞ գնա` ոչինչ էլ չի ստանա, ու նրա առաջ կփակվեն շատ դռներ, որոնք մեզ, իբր, կապում են «առաջադեմ» աշխարհի հետ:



Մեր ժողովուրդը փորձություններ շատ է տեսել: Սա էլ մի փորձություն է, որ պետք է հաղթահարենք, քանի դեռ այլասերության երեւույթը չի ապականել հայկական ընտանիքն ու բանակը, քանի դեռ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկաններին ծեծելուց հետո չեն անցել ավանդապաշտ գյուղացիներին ու գյուղապետերին ծեծելուն: Մենք արդեն որոշ քաղաքներում շատ «առաջադեմ» քաղաքապետեր ունենք, որոնց վարքը, մեղմ ասած, հավատ չի ընծայում, որ հանրապետության մեծ բնակավայրերում ԼԳԲՏ-ն արդեն ճյուղավորված հանրույթներ չի ձեւավորել: Չի կարելի ժողովրդին միայնակ թողնել «իրենց իրավունքների» համար պայքարող ինչ-որ խմբերի դեմ, որոնց ինչ լինելն անհասկանալի է: Պետք է նաեւ հասկանալ, որ ՀՀ իշխանություններից նույնիսկ ամենահետին պաշտոնյայի մասնակցությունը նոյեմբերին կայանալիք հավաքին բոլորովին այլ մեկնաբանությունների տեղիք է տալու, եթե չասեմ, որ կարող է պատճառ դառնալ այդ իշխանությանը Հայաստանից սրբելու: Այնպես որ՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են առնվազն արգելել այդ հավաքը: Իսկ եթե այդքան ուժ չունեն, ապա կարող են ընդամենը հայտարարել, որ իրենք մեխի գլուխ են եւ պատասխանատու չեն հետեւանքների համար, ինչը եւս ենթադրում է հեռացում, բայց գոնե` պատվաբեր:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**