«Իզմիրլյան» ԲԿ-ում «թարսվե՞լ» ու տանջե՞լ են հիվանդին

«Իզմիրլյան» ԲԿ-ում «թարսվե՞լ» ու տանջե՞լ են հիվանդին
Իրավաբան Աբգար Կլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որտեղ մեղադրում է «Իզմիրլյան» ԲԿ-ին քաղաքացուն, որին իրավաբանական ծառայություններ է մատուցում, խոշտանգելու, առանց ամբողջական անզգայացման վիրահատելու մեջ: Կլյանը պատրաստվում է դիմել Գլխավոր դատախազություն և հանցագործության մասին հաղորդում տալ.



«Կարծում եմ ամենաուշը ժամեր անց հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ Գլխավոր դատախազություն ընդդեմ Զեյթունի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի։ Քաղաքացին, որին իրավաբանական օգնություն եմ ցուցաբերում ու որի իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում, իսկական մղձավանջում է հայտնվել այս բժշկական կենտրոնում՝ նրան առանց ամբողջական անզգայացման վիրահատել են, անասելի տառապանքներ (խոշտանգում) պատճառել, նա զգացել է ողջ վիրահատությունը, իսկ բուժքույրերը ծաղրել են հիվանդին, և այս ամենը այն պատճառով, որ հիվանդը հակառակվել է իրենց, հրաժարվել է տեղային անզգայացումից ու պահանջել ընդհանուր անզգայացում։ Ո՞նց կարող է բժիշկը «թարսվել հիվանդի հետ» ո՞նց ու ո՞նց կարող է վիրահատող բժիշկը սպորտային փնթի շորերով մտնել հիվանդասենյակ ինչպես որ տեղադրածս լուսանկարում է։ Չգիտեմ, թե որ հաստատություններին են վերաբերվել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որից բոլորը խոսում են, բայց այս բուժհիմնարկում փողոցային սպասարկում է ու Մարդու իրավունքների տոտալ խախտում։ Արդեն իսկ պատրաստել եմ գրությունը՝ հասցեագրված Առողջապահության նախարարին։



**Հ.Գ**. Հիշեցնեմ բոլոր բժիշկներին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 129 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հիվանդին օգնություն ցույց չտալու համար։



**Հ.Գ**. Հիշեցնեմ նաև ինձ հետ այսօր «Դու» ով խոսող պոպուլիստ և շատ համարձակ ոմն գլխավոր բժշկին ՝ դուք ձեր գործն արեք, ես՝ իմ, արդյունքը շուտով» ,- գրել է Կլյանը: Նրանից նաև տեղեկացանք, որ քաղաքացու վիճակը համեմատաբար լավ է: «Հրապարակը» կփորձի դեպքի վերաբերյալ ներկայացնել նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի պարզաբանումը: