Պետական մարմիններում փոթորիկներ են սպասվում

Պետական մարմիններում փոթորիկներ են սպասվում
_Կադրային հարցերը նոր Հայաստանում, ինչպես ցույց են տալիս նոր նշանակումները, որոշվում են կամայական սկզբունքով։ «Քաղծառայության մասին» օրենքը դրվել է մի կողմ։_



Հիմնարկների ղեկավարներն ընտրվում են կեղծ մրցույթներով, իսկ չափանիշն անձնական կապերն են, ազգակցական, ընկերական կամ այլ առնչությունները։



**Սուբյեկտիվությունը բացառվելու է**



Պետական մարմինների կադրային համալրումներով զբաղվում է նոր մարմինը՝ Քաղծառայության գրասենյակը, Գարուշ Դավթյանի գլխավորությամբ։ Այն ստեղծվել էր Քաղծառայության խորհրդի փոխարեն։ Դավթյանը երկար ժամանակ Քաղծառայության խորհրդի իրավաբանական վարչությունն էր ղեկավարում։ «Քաղծառայության մասին» նոր օրենքի համաձայն, ամեն մի մարմին ինքն է անցկացնում քաղծառայության մրցույթը, այլ կերպ ասած՝ նշանակվում է նա, ում կորոշի «շեֆը»։ Բայց անգամ այս ձեւով քաղծառայության մրցույթները չեն անցկացվում։ Աշխատողներին արագ ընդունում են աշխատանքի, ամեն պետական մարմին հարցաշար է սահմանելու, իսկ մրցույթներն անցկացվելու են հետո։ Ե՞րբ է լինելու այդ «հետո»-ն։ Գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը մոտավոր ժամկետ է նշում՝ 2019-ի հունվարից։ Ըստ նրա, կան չլուծված տեխնիկական հարցեր․ էլեկտրոնային ծրագիր է ստեղծվում, որի մասով առաջարկները ներկայացված են, դահլիճների ե՛ւ քանակն է ավելացվում, որոնք պետք է պարտադիր համալրված լինեն տեսախցիկներով՝ թեստավորումն առցանց հեռարձակվելու է։ «Հարցազրույցի մեթոդաբանության վրա ենք աշխատում։ Հիմա 4 կարգերից երեքը շրջանառել ենք, մինչեւ դեկտեմբերի վերջ բոլորը պատրաստ կլինեն։ Մարմինները պետք է կազմեն հարցաշարերը եւ ներբեռնեն էլեկտրոնային ծրագրի մեջ։ Աշխատելու ենք, որ հունվարին ողջ գործընթացն ավարտվի, որ մարդիկ կարողանան արդեն պաշտոն զբաղեցնել»,- ասում է Գարուշ Դավթյանը։ Նա խոստանում է, որ այն պաշտոնյաները, որոնք չեն կարողանա հանձնել քննությունը, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։ «Անձը պետք է իր արժանիքներին համապատասխան պաշտոն զբաղեցնի»,- հայտարարում է Գարուշ Դավթյանը։





**Ռեզերվայինների վճարման ժամկետը կրճատվում է**



Պետական ապարատի օպտիմալացման հարց դրել են ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանը, նույնիսկ՝ Տիգրան Սարգսյանը։ Բայց բոլոր վարչապետերի «բարի» ցանկությունները կա՛մ մնացին թղթի վրա, կա՛մ բերեցին «դժոխք», որտեղ հայտնվում էին աշխատանքը կորցրած չինովնիկները։ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարում է կրճատումների, պետական կառավարման բարեփոխումների մասին։ Ի՞նչ սկզբունքներ, մոտեցումներ են կիրառվելու։ Կադրային համալրումների համար պատասխանատու գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը հայտնեց, որ սկզբունքներ լինելու են, սուբյեկտիվ մոտեցումները բացառվելու են, բայց կրճատումների հարցում առարկայական հիմքերը, մոտեցումները, չափանիշները դեռ որոշակի չեն։ «Մի քանի եղանակներ կան, պետք է կարողանանք ընտրել այն տարբերակը, որը ե՛ւ պետության համար է ճիշտ, ե՛ւ քաղաքացու, որը կմնա առանց աշխատանքի, կազատի խնդիրներից։ Մենք նոր մեթոդաբանության ենք գնում։ Նախկինում, օրինակ, աչքաչափով որոշում էինք, որ մեզ պետք է մեկ գլխավոր մասնագետ, մեկ կրտսեր, բայց հիմա նոր մեթոդով ենք որոշելու, թե տվյալ պաշտոնը որ ենթախմբում կհայտնվի։ Սա կբերի նրան, որ ավտոմատ, արհեստականորեն տրված բարձր դասերի պաշտոնները կիջնեն։ Կամ՝ խնդիր է ձեւակերպվել, որ միջին օղակի ղեկավար պաշտոնները պետք է կրճատվեն։ Հիմա փորձում ենք սա լուծել եւ դրան գումարած՝ արհեստականորեն ստեղծված փոքր օղակները վարչությունների մեջ․ ասենք, կա 7 հոգանուց վարչություն, որի մեջ կա երկու բաժին եւ մեկ վարչության պետ։ Այսինքն ստացվում է՝ երեք ղեկավար, չորս աշխատող։ Սա չի կարող արդյունք տալ»։ Ի՞նչ է լինելու գործազուրկների հետ: Եթե, ինչպես հայտարարվում է, 18 պետական մարմիններից մնալու է 8-ը, ապա մեծ գործազրկություն կլինի։ Ի՞նչ պայմաններ են ստեղծվելու աշխատանքը կորցրածների համար, արդյոք նրանք համալրելո՞ւ են կադրային ռեզերվը։ «Այդ թվերը հարաբերական են։ Կադրային ռեզերվի գաղափարն է մնալու է,- պատասխանում է Քաղծառայության գրասենյակի ղեկավարը։- Նախկինում մարմինները ժամանակ առ ժամանակ չարաշահում էին ռեզերվի իրավունքը։ Ասում էին՝ մարդը վեց ամիս, միեւնույն է, ստանալու է իր գումարը, բայց վճարվում էր նրանց ոչ թե քաղծառայության բյուջեից, այլ կառավարության պահուստային ֆոնդից։ Հիմա մենք մարմիններին ասում ենք՝ եթե դուք կրճատում եք անում, նրա վարձատրությունը կկատարեք մարմնի բյուջեից։ 6 ամիսը համարվում է ստաժ։ 6 ամսվա ընթացքում աշխատողը կարող է մրցույթների մասնակցել թե՛ այդ մարմնում, թե՛ մյուսներում։ Տվյալ մարմնում պաշտոն լինելու դեպքում նա կարող է ղեկավարի ցանկությամբ, առանց մրցույթի, պաշտոնի նշանակվել։ Ռեզերվը յուրաքանչյուր մարմին ինքն է վարելու, նախկինում կենտրոնացված կարգով էր վարվում»։ Գարուշ Դավթյանը հայտնեց, որ եթե նախկինում ռեզերվում մնալու դեպքում աշխատողը վեց ամիս էր վճարվում, ապա հիմա վճարվելու է երեք ամիս։ Կրճատումների վերաբերյալ դեռ վերլուծություններն ավարտված չեն։ Դրանք տարվում են փոխվարչապետերի կողմից եւ վերաբերելու են կրկնվող գործառույթներին, ստորաբաժանումներին։ Մի խոսքով, առջեւում մեծ փոխատեղումներ են։ Այս պահի դրությամբ Հայաստանում մոտ 8 հազար քաղծառայող կա։ Քանիսը նրանցից կպահպանի քաղծառայողի կարգավիճակը, որ պաշտոնները դուրս կգան ցանկից, որոնք կավելացվեն, եւ քանիսը կմնան կրճատումից հետո, առայժմ հայտնի չէ։



**Օպտիմալացման առաջնեկը**



2017 թվականին Սերժ Սարգսյանի կառավարությունը վերջապես ավարտեց տեսչությունների վերակազմավորումը, որը սկսվել էր դեռ 2009 թվականին։ Նորաստեղծ տեսչական մարմինները գործեցին աշնանը, իսկ հունվարին գործընթացը պետք է ավարտվեր։ Տեսչական նոր համակարգով զբաղվում էր Հայկ Այվազյանի ղեկավարած բարեփոխումների խումբը։ Այժմ այն վերանվանվել է գրասենյակ։ «Ստեղծվել է գրասենյակ՝ տեսչական մարմնի մասին փոփոխված օրենքով»,- ուղղում է մեզ Հայկ Այվազյանը։ Ըստ նրա, նախկին կառավարությունների կողմից իրագործվող գործընթացն ավարտվել է, իսկ Փաշինյանի ազդարարած կառուցվածքային փոփոխություններն ու կրճատումներն այս համակարգին չեն առնչվելու։ «Մենք մեր օպտիմալացումն ավարտել ենք, կարելի է ասել՝ օպտիմալացման առաջամարտիկն ենք»,- ասաց Հայկ Այվազյանը։ 18 տեսչությունների փոխարեն ստեղծվեց 6 տեսչական մարմին։ Այս համակարգը նաեւ ցնցումների առաջին կրողը դարձավ։ Մեծ թվով աշխատողներ գործազուրկ դարձան։ Հատկապես ցավոտ էր առողջապահության տեսչության օպտիմալացումը, որտեղ 400-ից ավելի հաստիքներից մնաց ընդամենը 200-ը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**