Երբ իշխանությունը ցավեցնում է փաստաբաններին, կամ «պրինցիպ» դարձած խնդրի հետեւանքը

Երբ իշխանությունը ցավեցնում է փաստաբաններին, կամ «պրինցիպ» դարձած խնդրի հետեւանքը
Դատական օրենսգրքից Դատավարական օրենսգիրք տեղափոխված մի կետ լրիվ իրար է խառնել փաստաբանական համայնքը։ Փաստաբանները ընդդիմանում են՝ նշելով, թե այդ կետը, որը հնարավորություն է տալիս դատարաններին դատական սանկցիա կիրառել փաստաբանների նկատմամբ՝ տուգանք 100 հազար դրամի չափով, իրենց կարող է կաշկանդել եւ որն էլ վնաս է հասցնելու արդարադատության իրականացմանը։



Չտեսնելով այլ ելք ու ճար՝ փաստաբանների մի խումբ սկզբում գործադուլ հայտարարեց հենց դատական նիստերի դահլիճում՝ լքելով այն, մի քանի մարզերի փաստաբաններ հետեւեցին իրենց գործընկերների օրինակին եւ տարբեր օրերի մեկօրյա գործադուլ հայտարարեցին։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ այդ կետը բացառելու վերաբերյալ դիմեց էլ կառավարությանը, էլ Աժ-ին, հանդիպում ունեցավ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հետ, սակայն հարցը կարգավորվեց միայն այնքանով, որ փաստաբանների գլխին փորձանք դարձած այդ կետը գնաց Դատավարական օրենսգիրք։



Այսօր էլ մի խումբ փաստաբանները հավաքվել էին գլուխ գլխի տալու, քննարկելու, թե ոնց դուրս գան այս իրավիճակից։ Արա Զոհրաբյանն իր խոսքում ասաց, որ մտածում են՝ կառավարությունը սա սկզբունքի հարց է դարձրել և ճնշում է փաստաբանական համայնքին, որն, ամեն դեպքում, լավ բանի չի հանգեցնելու։ «Փաստաբաններն այսօր գնացել են ամենածայրահեղ քայլի՝ հրաժարվել են իրենց վստահորդներին պաշտպանելուց: Մենք հասկանում ենք, որ սա իրականում խնդիր է մեր մասնագիտական առաքելության համար: Բայց մենք հասկանում ենք, որ եթե այդ տուգանքները ուժի մեջ մտան, և այդ տուգանքը դարձավ այլևս իրականություն, ապա նույն փաստաբանն իր վստահորդի շահերը չի կարողանալու արդյունավետ պաշտպանել: Եթե փաստաբանը դատարանում դատավորի գործողությունների դեմ առարկություն ներկայացնելու ժամանակ հանդիպի դատավորի վատ տրամադրությանն և վերաբերմունքին, դատավորն, օրինակ, ասի, որ ես համարում եմ, որ իմ մասին անհարգալից արտահայտվեցիր և այդ պահին դատական տուգանք կիրառի, մենք երաշխավորված չասենք, թե որ փաստաբանը որ տուգանքից հետո կսկսի իր կեցվածքը փոխել»,-նշեց Արա Զոհրաբյանը։



Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի կարծիքով՝ հարկավոր է սկսած պայքարը մինչեւ վերջ շարունակել․ «Սա ըստ էության ընդվզում է և հարկավոր է պայքարը մինչև վերջ շարունակել: Ես կարծում եմ, որ գործադուլը մեկօրյա չպետք է լինի: Կան առաջարկներ, որ գործադուլը դառնա անժամկետ»։



Ըստ տիկին Առուստամյանի՝ փաստաբանները պետք է մոռանան միմյանց մեջ եղած անհաշտությունները եւ միասնական լինեն․ «Երբ միասնական ենք լինում անպայման հաղթում ենք և պետք է հետևենք մեր պալատի նախագահի հորդորներին»։



Փաստաբան Նինա Կարապետյանցը թեեւ միացել է այսօրվա գործադուլին, սակայն չի մասնակցել ՓՊ-ում տեղի ունեցած քննարկմանը։ «Մասնակցել եմ, այո, այսօր Շենգավիթում ունեի քննչական գործողության մասնակցելու ծանուցագիր, սակայն քննիչին զանգով տեղեկացրի, որ չեմ կարող մասնակցել, քանի որ բոլորը հայտարարել են, եւ կարեւորում եմ շատ միասնական լինելը, կազմակերպական առումով, բայց իմ դուրը չեկավ։ Այդքան էլ պալատին չեմ վստահում, վերջին 6 ամսում տեղի ունեցող գործողությունները, ցավոք սրտի, կասկածի տեղիք են տալիս՝ ինչքանով է սա ուղղորդված կամ չուղղորդված, բայց ամեն դեպքում, միասնական գործադուլը անհրաժեշտ էր եւ այլընտրանք չկար, բնականաբար, մենք էլ ենք մասնակցելու։ Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում, ցանկացած տարբերակ, որն ուղղված է լինելու փաստաբաններին ես պատրաստ եմ միանալ օրենքի սահմանում։ Սակայն, ինտերնետում տարածված նյութերը, ՀՀԿ-ի մոտ մեքենայի լինելը, այդ ամեն ինչը ավելացրեց բացասական մոտեցումները»։



Նինա Կարապետյանցի կարծքով՝ փաստաբանների միջեւ եղած անհաշտությունը միասնական պայքարի հետ որեւէ կապ չունի․ «Անհաշտությունները սկզբունքների հետ են կապված եղել, իսկ պայքարը բոլորինն է, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն է վերաբերվում։ Այլ խնդիր է, թե ինչ ճանապարհներ կընտրեն, ինչ-որ ակցիաների հետ կապված ահանգստություններ եմ ունենում, որովհետեւ դրանք ավարտվում են թղթի ստորագրմամբ, որոնք իրավական որեւէ ուժ չունեն, եւ ավելի վատ իրավիճակում է հայտնվում փաստաբանը»։



Փաստաբանները վաղը եւս կշարունակեն իրենց բողոքի ակցիան։ ՓՊ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ բոլոր փաստաբանները տեղեկացված են եղել գործադուլին, սակայն, թե նրանցից քանի՞սն է միացել գործադուլին, չկարողացավ նշել։



**Աննա Պապիկյան**