Վերաքննիչը ցմահ դատապարտյալին պայմանական ազատ չարձակեց. նա կհասնի մինչեւ ՄԻԵԴ (տեսանյութ)

Վերաքննիչը ցմահ դատապարտյալին պայմանական ազատ չարձակեց. նա կհասնի մինչեւ ՄԻԵԴ (տեսանյութ)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի բողոքը։ Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գրիգորյանի եւ նրա փաստաբանի հայցը՝ պայմանական վաղաժամկետ համակարգով ազատ արձակվելու հետ կապված։ Որոշումը պաշտպանական կողմը վիճարկել էր Վերաքննիչ քրեական դատարան։



Դեռ նախորդ դատական նիստին դատարանը հարցում էր կատարել պարզելու համար՝ Ստեփան Գրիգորյանի գործում առկա՞ է ռեցիդիվ, ոտիկանությունից այսօր տվել էին բացասական պատասխան։



Նիստի ավարտից հետո Ռոբերտ Ռեւազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարան, այնտեղ արդյունքի չհասնելու դեպքում կդիմեն ՄԻԵԴ։ «Եթե ներպետական ատյանները չեն ուզում այդ հարցը լուծել, պետք է փորձենք միջազգային դատարանները օգտագործել։ Կարող ենք արձանագրել, որ չգործող ինստիտուտ է, հնարավորությունը միայն թղթի վրա է նշված, որովհետեւ, եթե այս գործի վերաբերյալ հիմնավորումը նայենք, ես չգիտեմ՝ դատարանը ինչով պետք է հիմնավորի իր որոշումը։ Ասենք, կարո՞ղ է նշել, որ 20 տարվա ընթացքում 2 տույժ է ունեցել, միայն դրանո՞վ, դա պատճառ չի։ Տույժի առկայություններն այս պահին ձեւական բնույթ են կրում, ընդամենը 2 տույժ 20 տարվա ընթացքում, որից մեկը 7-8 տարի առաջ»,- նշեց փաստաբանը։