Ասի`ամոթ ա արա, չե՞ք ամաչում, մեծ կին կա, թարգեք․ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող (տեսանյութ)

Ասի`ամոթ ա արա, չե՞ք ամաչում, մեծ կին կա, թարգեք․ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող (տեսանյութ)
Այսօր հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ցուցմունք տվեց տուժող Սանասար Բադալյանը։ Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը Բադալյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել։



Նա դատարանին հայտնեց, որ դեպքի օրը ավտոտեխսպասարկման կետ է գնացել՝ որդուն վերցնելու։ Նա տեսել է, որ երեք տղաներ են կանգնած «Ֆորդ» մեքենայի մոտ, որոնք վիճաբանում են, հայհոյում, իսկ 5 մետր այն կողմ կանգնած է տարեց կին եւ մի աղջիկ։



Նրա խոսքով՝ ինքը ասել է՝ թարգեք, արա, մեծ կին կա, որից հետո նրան մոտեցել է մի տղա եւ պատասխան պահանջել, թե ինչո՞ւ է իրենց դիմում «արա»-ով։



«Անցնում էի, տեսա, որ վիճաբանում էին, հայհոյանքներ էր լսվում: Մոտեցա, ասի` ամոթ ա արա, չեք ամաչում, մեծ կին կա, թարգեք: Հետո մոտեցավ մի տղա, ասաց` արան ով ա: Ես մտածեցի` վթար ա եղել: Հետո մի հոգի էլ հետեւիցս քաշեց: Տղաս սերվիսում էր, հարեւանս էստեղ ա աշխատում, տղայիս ասել էր, որ իրեն օգնի։ Ես էլ հետո գնացի, որ որդուս վերցնեմ, գնանք տուն»։



Տուժողի խոսքով՝ ամբաստանյալներից ինքը հիշում է միայն Արարատ Նիկողոսյանին՝ Արիկին, եւ հենց նա իրեն ասել՝ «արա» ո՞ւմ ես ասում։



«Արիկն ա եղել, իրան եմ տեսել։ Իքն ինձ ասում էր` արա ում ես ասում։ Ինչ-որ մեկը հետո իր ձեռքից քաշեց, չթողեց, որ գա իմ վրա, ծաղկավոր մայկով ինչ-որ մեկն էր: Մյուսներին չեմ հիշում, մութ էր, չեմ տեսել։ Ես էլ իրենց չմոտեցա, որովհետեւ էդ պահին տղայիս մասին մտածեցի, ասի` չլինի դրանց հետ կապ ունի եւ գնացի սերվիս»:



Հարցաքննությունից հետո դատախազը միջնորդություն ներկայացրեց տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ, պաշտպանական կողմը միջնորդեց՝ մեկ շաբաթ ժամանակ տալ տուժողի դատաքննական ցուցմունքին ծանոթանալու համար։ Դատարան բավարարեց դատախազի եւ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերջիններիս տրամադրելով 1 ժամ ժամանակ։



Դատական նիստը ընդմիջվեց 1 ժամով։



Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:



Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:



**Աննա Պապիկյան**