Ճոյտը Լեւոն Տեր-Պետրոսյանին է տեսնում նախագահի աթոռին

Ճոյտը Լեւոն Տեր-Պետրոսյանին է տեսնում նախագահի աթոռին
Սերժ Սարգսյանը օրերս մտավորականների հետ հանդիպման ժամանակ կիսվել է Հայաստանի ապագա նախագահի վերաբերյալ իր չափորոշիչներով եւ հայտնել, որ խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:



«Ծառուկյան դաշինքից» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ Սերժ Սարգսյանը խոսել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին, մինչդեռ ինքը նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․ «Մենք պատերազմ ենք կրել, հաղթել ենք պատերազմում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ բոլոր չափանիշներին համապատասխանում է, բացի նրանից, որ ինքը քաղաքական ուղղվածություն ունի»։



Անդրադառնալով հունվարի 19-ի Ելք դաշինքի երթին՝ ընդդեմ թանկացումների, Հակոբ Հակոբյանը ողջունեց նախաձեռնությունը, սակայն կմասնակցի ցույցին, եթե այդպես որոշի իր քաղաքական ուժը․ «Ես ողջունում եմ ցանկացած ակցիա, որ ժողովուրդն է անում։ Քանի որ ես «Ծառուկյան դաշինքի» անդամ եմ, եթե թիմը որոշում կայացնի՝ կմասնակցեմ»։



**Աննա Պապիկյան**