«Սասնա ծռերի» գործով նիստին ոչ ամբաստանյալները, ոչ էլ փաստաբաններն էին ներկա

«Սասնա ծռերի» գործով նիստին ոչ ամբաստանյալները, ոչ էլ փաստաբաններն էին ներկա
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» 11 ադամների գործով դատական նիստը սկսվելուն պես հետաձգվեց․ դատական նիստին չէին ներկայացել ոչ ամբաստանյալները, ոչ նրանց պաշտպանները: Հիշեցնենք, որ դեռ նախորդ նիստին ամբաստանյալները հայտարերել էին, որ ի պաշտպանություն իրենց՝ հացադուլ սկսած ընկերների բոյկոտելու են նիստերը ու չեն ներկայանալու, բացի այդ հրաժարվել էին իրենց պաշտպանների փաստաբանական ծառայություններից:



Փաստաբաններն այսօր դատարան եկել էին, բայց նիստերի դահլիճ չմտան, նրանք նախագահող դատավոր Արթուր Օհանյանին դիմում գրեցին՝ իրենց չներկայանալու մասին:



Փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք դատարան են ներկայացել, քանի որ դատարանից ծանուցագիր են ստացել. «Մեր պաշտպանյալները հրաժարվել են մեզանից, սակայն դատարանը մեզ ուղարկել է ծանուցագիր , որ ներկայանանք ժամը 11։00-ին, մենք ներկայացել ենք։ Սակայն նիստը տեղի չի ունեցել այդ ժամին։ Մենք դիմում ենք մուտք արել դատարան, որ հարգելի դատարան, քանի որ դատական նիստ չկա, մենք հեռանում ենք»։



Մեղադրողը նշեց, որ միջնորդում է փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ դիմելով Փաստաբանների պալատ։



Արթուր Օհանյանը փաստաբանների ժամանակ տվեց՝ ներկա գտնվել դատական նիստին։



Նիստը ընդմիջվեց։