Մանրամասն քննարկվել են ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագրի և ինտեգրացիոն գործընթացների համատեղումը․ Վաչե Գաբրիելյան

Մանրամասն քննարկվել են ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագրի և ինտեգրացիոն գործընթացների համատեղումը․ Վաչե Գաբրիելյան
«Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ձեռքբերում է, որը միտված է կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը և խորացմանը»-այսօր Ազգային ժողովում համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:



Նա նշեց, որ այս համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական զարգացմանը, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կայունացման ամրապնդմանը: «Համաձայնագրով ամրապնդվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, որոնք խթան և հիմք կհանդիսանան հետագա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,-ասաց նա։



Փոխվարչապետն ընդգծեց նաև, որ մանրամասն քննարկվել են ԵՄ-ի հետ արդեն ստորագրված համաձայնագրի և ինտեգրացիոն գործընթացների համատեղումը․ «Ես կարող եմ ասել, որ փաստաթուղթը պարունակում է համատեղելիություն Հայաստանի բոլոր պարտավորությունների հետ և այդ համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալու Հայաստանին խորացնել համագործակցությունը թե Եվրասիական տնտեսական միության, թե Եվրոպական Միության շրջանակներում»։



Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագիրը, բնականաբար, առևտրային չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ է պարունակում: «Սա նշանակում է, որ մենք չենք խոսում միայն ժողովրդավարության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և քաղաքական երկխոսության մասին: Համաձայնագիրն ունի նաև տնտեսական հնարավորություններ»,- նկատեց Վաչե Գաբրիելյանը:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**