«Մենք հիմա մի հարց ենք քննարկում, որը խաղից դուրս վիճակում է հայտնված»․ Ռուստամյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի մասին

«Մենք հիմա մի հարց ենք քննարկում, որը խաղից դուրս վիճակում է հայտնված»․ Ռուստամյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի մասին
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ հարցի քննարկումը «Ելքի» նախաձեռնությամբ։ Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իրենց հիմնավորումները, հնչեցին հարցեր և հակադարձումներ։ Հարցի կապակցությամբ ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա նշեց, որ այս հարցն այնքան ենք քննարկել, որ կարծում է՝ ավելի մանրակրկիտ, բովանդակային վերլուծությունների կարիք չկա։ Դրա համար Ռուստամյանը որոշեց հնարավորինս համառոտ և կարճ ձևակերպել ՀՅԴ մոտեցումը։



«Նախ սոցիալ-տնտեսական առումով մենք ուղղակի պատճառահետևանքային կապ չենք տեսնում այն մատնանշվող խնդիրների և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։ Այսինքն՝ պնդել, որ սոցիալ-տնտեսական առումով Հայաստանը հետընթաց է ապրել ԵԱՏՄ-ին անդամակցության առումով, դա խիստ վիճելի է և այն հիմնավորումները, որ դրվում են դրա տակ, համոզիչ չեն»-ասաց Ռուստամյանը։



Երկրորդը, որ շատ ավելի կարևոր է Ռուստամյանի համար, քաղաքական կամ աշխարհաքաղաքական առումով է։ «Արծարծվող հարցը այս իրադրության մեջ իսկապես հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Մենք հիմա, իմ խորին համոզմամբ, մի հարց ենք քննարկում, որը խաղից դուրս վիճակում է հայտնված։ Եթե ԵՄ-ն անհամատեղելիություն գտներ այս գործընթացների հետ, իրենք հաստատ այդ համաձայնագրին չէին գնա։ Իսկ այդ համակարգը համապարփակ է բոլոր կողմերով։ Եվ եթե այդ ամեն ինչը վերլուծում են եվրոպացիները և չեն տեսնում անհամատեղելիություն, հենց դա էլ այսօր այս հարցը խաղից դուրս վիճակում է դնում»-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը։ Ռուստամյանի կարծիքով՝ այսօր Հայատսանի համար ստեղծվել է մի նոր իրավիճակ, որով հնարավոր է մի նոր մակարդակի բարձրացնել այդ համատեղելիությունն ու Հայաստանի համար ձեռք բերել նոր ռեսուրսներ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**