Տարկետման իրավունքի փաստացի վերացմամբ վերանալու են երիտասարդ կադրերը

Տարկետման իրավունքի փաստացի վերացմամբ վերանալու են երիտասարդ կադրերը
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամները, որոնք տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներ են, չեն հանձնվում, շարունակում են պայքարը։ Նրանց չեն գոհացրել վարչապետի հետ հանդիպման արդյունքները, որին մասնակցում էին նաեւ պաշտպանության նախարարն ու ԿԳ նախարարը։ Ի սկզբանե այս շարժման վրա տարբեր խողովակներով փորձ արեցին ստվեր գցել, թե՝ ուղղորդված են, քաղաքականացված, Արեւմուտք ու Ռուսաստան խառնեցին, բայց երիտասարդներն ասում են՝ իրենց նպատակն օրինագծի դեմ պայքարն է, որի ընդունմամբ, համոզված են, գիտությունը կտուժի։ Դրա համար նրանք ունեն հստակ հակափաստարկներ։ Մենք զրուցեցինք նախաձեռնության անդամներից մի քանիսի հետ։



**Մարտուն Կարապետյանն** ավարտել է ԳԱԱ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, «ծածկագրություն» մասնագիտությամբ, նաեւ դասավանդում է Ամերիկյան համալսարանում,  կրիպտագրաֆիայով զբաղվող գիտական թիմի անդամ է։ Մարտունն օգտվել է տարկետման իրավունքից, այս տարի ստացել է գիտությունների թեկնածուի կոչում եւ վստահ է՝ ինքը չէր հասնի այն մակարդակին, որին հասել է, եթե տարկետման իրավունքից չօգտվեր ու զորակոչվեր բանակ։ «Ես կհասնեի ավելի բարձր մակարդակի, որովհետեւ ուղղակի Հայաստանից կգնայի ու էլ չէի վերադառնա։ Այդպիսի օրինակներ կան իմ ուսանողության շրջանում, երբ որ շատ փայլուն ուսանողներ, իմանալով, որ իրենք չեն կարողանալու ստանալ տարկետում, ունեն երկու ընտրություն՝ մեկնել Գերմանիա ու այնտեղ զբաղվել գիտությամբ կամ գնալ բանակ։ Մարդիկ գիտակցում են՝ երկու տարվա ծառայությունը խաչ է քաշում իրենց գիտական կարիերայի վրա»,- ասաց նա՝ նշելով, որ սա կխթանի առանց այդ էլ եղած գիտական մտքի արտահոսքը։



Մենք հիշեցրինք, որ իրենց քննադատում են՝ համեմատելով ապրիլյան պատերազմի հերոսների հետ, որ նրանք էլ էին երիտասարդ, բայց թողեցին ուսումն ու զոհվեցին հանուն հայրենիքի, հիմա իրենք փորձում են խուսափել ծառայությունից։ Մարտուն Կարապետյանն ասաց, որ փորձում են ցույց տալ, թե այս նախագիծը վերաբերում է միայն մի քանի հարյուր գիտնականի։ «Եթե խոսքն այդ 100 իսկական գիտնականի մասին է, ես համարում եմ, որ ես երեք տարի անվճար՝ համարյա 25 հազար դրամ թոշակով Հայաստանի համար հոդվածներ տպագրելով՝ ավելի մեծ օգուտ եմ տվել Հայաստանին, քան այն մարդը, ով բանակում ուղղակի սովորական զինվորի կարգավիճակով պիտի ծառայի։ Ես համարում եմ, որ այնքան վատ չէ էսօր մեր բանակի վիճակը, որ 100 հոգու կարիք ունենա։ Իսկ եթե 100 հոգու կարիք ունի, էդ 100 հոգին կարելի է ուրիշ տեղից գտնել, մասնավորապես՝ էդ բժշկական չարաշահումների միջից»,- նկատեց երիտասարդ գիտնականը։



Գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդները կարծում են, որ գիտությամբ պետք է զբաղվել անընդհատ, որպեսզի արդյունքի հասնեն, ընդհատումը վնասաբեր կարող է լինել։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող **Արշակ Հովհաննիսյանն** էլ նոր է վերադարձել ՌԴ-ից, որտեղ միջուկային հետազոտությունների ինստիտուտից հրավիրել էին ուսանելու եւ աշխատելու։ Մեկ տարի մնալուց հետո վերադարձել է եւ հիմա պատրաստվում է հրատարակել իր մեկ տարվա աշխատանքի արդյունքը։ «Նախ հարցն ի սկզբանե սխալ է դրվում, եթե գիտականորեն ձեւակերպենք, գծային կապ էստեղ ուղղակի գոյություն չունի։ Պարզապես էստեղ փորձ է արվում մի ոլորտի հաշվին լուծել մյուս ոլորտի խնդիրները։ Իրականում տարկետման փաստացի վերացմամբ հետեւյալ խնդիրն է առաջանում, որ երիտասարդ կադրերն ուղղակի ստիպված վերանալու են։ Այսօրվա դրությամբ մենք ֆիզիկայի, քիմիայի ու գրեթե բոլոր բնագիտական թեւի ֆակուլտետներում ունենք կադրերի պրոբլեմ, հատկապես, որ ուսանողների քանակն էլ շատ ցածր է։ Եվ տարկետման փաստացի վերացմամբ մենք հասնելու ենք նրան, որ մասնագետներ, կադրեր չեն լինելու, որ աշխատեն բուն գիտության ոլորտում։ Մենք ունենք մեր ռեսուրսներն օպտիմալ բաշխելու խնդիր։ Ու եթե պիտակավորում ենք էն մարդկանց, որոնք բռնում են գիտության ուղին՝ ասելով, թե դուք բռնել եք գիտության ուղին, որ բանակից խուսափեք, դրանով ի սկզբանե արդեն հարվածում ենք գիտությանն ու նաեւ պաշտպանական ոլորտին, որովհետեւ առանց գիտական ապահովման պաշտպանական ոլորտ չի լինում»,- կարծում է Արշակ Հովհաննիսյանը։



Ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանն էլ է օգտվել տարկետման իրավունքից, այսօր արդեն պաշտպանել է եւ բանակ գնալու խնդրի առաջ կանգնած չէ։ Բայց կանգնած է այն ուսանողների կողքին, որոնք չեն օգտվելու տարկետման իրավունքից։ Նա կարծում է, որ նախագծի հեղինակները, խոսելով այս օրինագծով սոցիալական արդարություն հաստատելուց, տեղափոխվում են մանիպուլյացիաների դաշտ։ «Ընդհանրապես, եթե կա ինչ-որ խնդիր ու կա էդ խնդրին լուծում, կարելի է էդ խնդրի լուծման մեջ գտնել մի բաղադրիչ, որն իրոք խնդիրն է լուծում, եւ գտնել մեկ այլ բաղադրիչ, որն արդարության դեմ է։ Ես կարծում եմ, որ կա՛մ պետք է բոլոր հարցերը տանել արդարության դաշտ ու ինչ-որ մանիպուլյացիաների գնալ, կա՛մ էդ արդարության հարցը փակել ու խնդիրներին ռեալ նայել»,- նշեց Հրանտը։



Տղաներն անդրադարձան նաեւ ՊՆ-ի այն հիմնավորումներին, թե մարդիկ ավարտում են ասպիրանտուրան ու հետո հրաժարվում  զբաղվել գիտությամբ, նրանց միայն 17 տոկոսն է շարունակում գիտական ուղին։ «Հարց է առաջանում, թե էդ տոկոսն ինչպես են հաշվել։ Իմ կարծիքով՝ հետեւյալ կերպ են հաշվել․ վերցրել նայել են, թե ավարտելուց հետո մարդիկ գիտական հոդված տպագրո՞ւմ են որեւէ ժուռնալում, թե՞ ոչ։ Ու եթե չես տպագրում, ուրեմն եզրակացնում են, որ դու գիտությամբ չես զբաղվում։ Ու ես հիմա, փաստորեն, մտնում եմ էն մնացած 83 տոկոսի մեջ։ Հետեւաբար, ինչո՞վ է զբաղվում մարդը, ով հոդված չի տպագրում ավարտելուց հետո։ Ես երկու տարի է՝ դասավանդում եմ Ամերիկյան համալսարանում, որը գիտական գործունեություն չի համարվում, ես զբաղվում եմ ուսանողների կրթությամբ։ Դրանից բացի, յոթհոգանոց գիտական թիմում աշխատել եմ ժամանակին «Սամսունգ» ընկերության համար, հիմա «Վոլո» ընկերության համար, եղել են նաեւ «Մենտերգրաֆիքս» ընկերության համար պրոյեկտներ, որտեղ ստեղծվում է գիտական արդյունք, որը պատկանում է ընկերությանը, որն էլ հետո որոշում է՝ դա պատենտավորի՞, վերցնի օգտագործի՞, թե՞ ինչ անի։ Այսինքն՝  արդյունքում ստեղծվում է գիտական պրոդուկտ, որը չի երեւում իրենց թվերի մեջ»,- իր հիմնավորումները ներկայացրեց Մարտուն Կարապետյանը։



Նշենք, որ Վիգեն Սարգսյանի առաջարկած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօրվանից մեկնարկող ԱԺ քառօրյայում։ Ուսանողները հույս ունեն, որ ՊՆ-ն իրենց պահանջին ընդառաջ քայլ կանի եւ հետ կկանգնի այս որոշումից։



**Վահե Մակարյան**