Բագրատաշենում ավտոմատ համակարգի խնդիրները շտկվե՞լ են

Բագրատաշենում ավտոմատ համակարգի խնդիրները շտկվե՞լ են
Բագրատաշենի անցակետում տեխնիկական խնդիրներով պայմանավորված մեքենաների կուտակումների վերաբերյալ լրատվամիջոցների՝ նոյեմբերի 11-ի հրապարակումների առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի որոշ ծառայությունների՝ նոյեմբեր 11-ին ժամը 15:00-ից երեք ժամով անհասանելիությունը պայմանավորված է եղել այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության փոխանակման հանգույցների բնականոն աշխատանքի խափանմամբ,- այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։



Խափանումից անմիջապես հետո գործընկեր երկրների համապատասխան մարմինների հետ իրականացվել են համակարգերի բնականոն աշխատանքի վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ ընթացքում մաքսային մարմիններին հանձնարարվել է կազմակերպել հնարավոր անհարմարությունների նվազեցման միջոցառումներ: Ինչ վերաբերում է «մեքենաների մուտքը հայկական կողմ արգելելուն» և «100-ավոր մեքենաների կուտակումներին», ապա հարկ է հստակեցնել, որ թեև ծրագրված աշխատանքները ժամանակավոր դանդաղեցրել են սահմանահատման գործընթացը, սակայն մեծ կուտակումների առաջացման մասին լուրերը չափազանցված են և չեն համապատասխանում իրականությանը:



Վերականգնողական աշխատանքների արդյունքում բացահայտվել և վերացվել են խնդիրների պատճառները, իսկ ներկայում գործող համակարգերն ապահովում են առավել բարձր արտադրողականություն: Պատճառված անհանգստությունների համար կոմիտեն հայցում է քաղաքացիների ներողամտությունը։