Մաքսայինի պետը նաև զինամթերք էր պահում

Մաքսայինի պետը նաև զինամթերք էր պահում

Մայիսի վերջին կաշառքի դիմաց ապրանքն օրենքով սահմանված արժեքից ցածր գնով մաքսազերծելու համար ԱԱԾ-ն ձերբակալել էր Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանին։ Նա մինչ այդ էլ մամուլի տեսադաշտում էր հայտնվել նրանով, որ մաքսավորների համար կազմակերպված սեմինարից հետո Ալրաղացի Լյովիկին պատկանող հյուրանոցում «ջակուզի փարթի» էր կազմակերպել, մոռացել էր ջուրը փակել, ավերել էր օբյեկտը, ինչի պատճառով մաքսավորների եւ Ալրաղացի մարդկանց միջեւ թեթեւ մարտեր էին տեղի ունեցել։ Օրերս այս գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան։ Մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի։ Նրանց թվում է մաքսային ձեւակերպումներով զբաղվող «Կանաչ ուղի» ՍՊԸ տնօրեն, ԲՀԿ-ական Արմեն Էբոյանը։ Նա տարբեր անուններով բրոքերական գրասենյակներ է բացել եւ մշտապես սերտ կապերի մեջ է եղել մաքսավորների հետ, որոնք իր համար հաճախորդներ են ապահովել։ Կոռուպցիոն այս սխեման գործել է անխափան, մինչեւ մայիսի 12-ը, երբ պետք է կատարվեր հերթական գործարքը։ Բայց խառնվել է ԱԱԾ-ն։ Պաշտոնական վարկածի համաձայն, Էբոյանի ծանոթ Արտյոմ Գրիգորյանը կապվել է նրա հետ եւ հայտնել, որ իր բարեկամը ցանկանում է «էժանով» ապրանքներ արտահանել ՌԴ։ Էբոյանն էլ այդ մասին հայտնել է Բավրայի մաքսակետի պետին, որը 400 դոլարով համաձայնել է կազմակերպել ապօրինի արտահանումը եւ մայիսի 12-ին ստացել է կաշառքը։ Հընթացս քննիչներն Էբոյանի եւ Երեմ Մարգարյանի կատարած այլ հանցագործություններ էլ են բացահայտել։



Բավրայի պետը, պարզվում է, անօրինական ձեռք էր բերել եւ իր մոտ պահում էր մարտական փամփուշտներ, իսկ բրոքեր Էբոյանը «Ռեսո» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ գույք էր հափշտակել։ Նա կեղծ վթար էր կազմակերպել իր «Լեքսուսի» մասնակցությամբ եւ, օգտվելով ավտոմեքենա վերանորոգող մասնագետի ցուցումներից, իրական վթարի տեսարան էր բեմադրել, որի համար «Ռեսոյից» մեծ գումար էր «պոկել»։ Երեմ Մարգարյանն ու Էբոյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, իսկ Երեմ Մարգարյանը՝ նաեւ ապօրինի զինամթերք ձեռք բերելու-պահելու մեջ։