Նախկին փոխնախարարը սպասողական վիճակում է

Նախկին փոխնախարարը սպասողական վիճակում է

Տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը պաշտոնը թողնելուց հետո դեռ պարապ է։ Բայց առաջարկներ շատ ունի՝ ոչ պետական ապարատից։ «Առաջարկներ ունեմ, մտածում եմ դեռ։ Պետական ապարատից առաջարկ չունեմ դեռ, բայց մասնավոր՝ շատ ունեմ։ Հիմա դեռ մտածում եմ՝ ինչով զբաղվեմ, հիմա մանկավարժական գործունեությունս կշարունակեմ, նախկինում դասավանդում էի ու էդպես հանգիստ, առանց շտապելու կմտածեմ ապագայի վերաբերյալ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Տնտեսագիտական համալսարանում էր դասախոսում։



Նկատեցինք, որ շատ փոխնախարարներ պետական ապարատում աշխատանքից հոգնած են դուրս գալիս՝ նախընտրելով զբաղվել մասնավոր գործունեությամբ։ «Չէ, նման խնդիր չկա, ես աշխատանքից խուսափելու կամ հոգնածության համար չեմ դուրս եկել, ուղղակի երեւի ժամանակ է լինում, որ ուզում ես մի բան փոխես, էլի»։ Նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի թիմակիցը վստահեցրեց, որ իր ցանկությամբ է հեռացել Վահան Մարտիրոսյանի առաջին տեղակալի պաշտոնից։ Նրա տեղը հիմա զբաղեցնում է Գագիկ Գրիգորյանը, ով Առաքելյանի օրոք նախարարության աշխատակազմի ղեկավարն էր։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ