Որ կարգոներին հարցնեք, կարող է ասեն՝ որ շուտ լիներ, ավելի լավ

Որ կարգոներին հարցնեք, կարող է ասեն՝ որ շուտ լիներ, ավելի լավ

Մոտ երկու ամիս է ինչ աշխատում է ՊԵԿ-ի ստեղծած նոր հիմնարկը՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ն։ Պետեկամուտների կոմիտեն այն ստեղծեց կարգոների փոխարեն, որոնք հսկայական գումարներ էին աշխատում ինչպես բեռների փոխադրումից, այնպես էլ մաքսազերծումից։ Այս վերջին գործառույթը նրանք իրականացնում էին «տնավարի»՝ թանկ գներով ու ստվերային գործարքներով։ Կարգոները, որոնցից ամեն մեկը մի հզոր օլիգարխի կամ չինովնիկի է պատկանում, կարող են այսուհետ զբաղվել միայն բեռնափոխադրմամբ։ ՊԵԿ-ի ստեղծած նոր կարգոյի ղեկավար կարգվեց «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանը։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ «Նորֆոլկ քոնսալթինգն» օֆշորային ընկերություն է, ՊԵԿ-ից էլ լիարժեք պարզաբանում չեղավ։ Ինչեւէ, ընկերությունն արդեն աշխատում է, եւ, մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այնքան էլ գոհ չեն իրենց ստեղծած ընկերության արդյունքներից, ասում են՝ բյուջե մուտքերն անգամ նվազել են։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, սակայն, վստահեցրեց, որ իրենց լրիվ գոհացնում է «Նորֆոլկ քոնսալթինգի» տված արդյունքը։ 



- Իսկ մյուս կարգոները, որոնք կային, շարունակո՞ւմ են գործել։



- Գործում են բոլորն էլ, ուղղակի իրենք իրականացնում են միայն տեղափոխման գործառույթ՝ դրսում բեռների հավաքագրման, տեսակավորման, բարձման, տեղափոխման գործառույթ։



- Էլ դժգոհություն չկա՞, հարմարվե՞լ են նոր պայմաններին։



- Իհարկե։ Նաեւ, որ իրենց հարցնեք, կարող է ասեն՝ որ շուտ լիներ, ավելի լավ։



- Իսկ բյուջեի մասով ի՞նչ կասեք, այն հոսքերը, որ ապահովում էին կարգոները, օրինակ, մեկ տարի առաջ այս ժամանակահատվածում, եւ հիմա նոր՝ «Նորֆոլկ քոնսալթինգը», կա՞ տարբերություն, ավելացե՞լ են մուտքերը, թե՞ պակասել։



- Այդ հարցին անդրադառնանք եռամսյակային հաշվետվությունները ներկայացնելուց հետո, որպեսզի ավելի հստակ լինի պատկերը։ Էստեղ ոչ միայն մաքսային վճարների խնդիրն է, այլ նաեւ հարկային պարտավորությունների խնդիրը եւ դրանից բխող փոքր տնտեսվարողների՝ ընդհանուր հարկային դաշտում երեւալու խնդիրը։ Այսինքն՝ դա ենք կարեւորել, որը բավականին լավ է ընթանում, ուղղակի թվային տեսքով կներակայացնեմ եռամսյակային արդյունքներն ամփոփելուց հետո։



- Իսկ բրոքերական ընկերություննե՞րն ինչ եղան, դրանք եւս մաքսային ձեւակերպումներով էին զբաղվում։



- Դրանք նորից կան, մենք բավականին մեծ թվով բրոքերական կազմակերպություններ ունենք գրանցված, որոնք իրենց բնականոն ընթացքով աշխատում են։ Դրանց ոչ մեկը չի անդրադարձել։ Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեին։ Մաքսային ձեւակերպումների գործընթացն իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների եւ մաքսային մարմինների մեջ բրոքերական կազմակերպության միջոցով։ Այսինքն՝ կա՛մ բրոքերական կազմակերպությունը պետք է իրականացնի մաքսային ձեւակերպումը, կա՛մ տնտեսվարողը, եթե ունի որակավորված մասնագետ, իր մասնագետի միջոցով։ Այսինքն՝ էստեղ զուտ տնտեսվարողների միջեւ պայմանավորված արդյունքում ձեւավորվող հարաբերություններ են, որոնց մաքսային մարմինները չեն խառնվում։



- Իսկ «Նորֆոլկը» չպե՞տք է դրան նպաստեր, որ մաքսային ձեւակերպումներն ապահովեր։



- Եթե խոսքը տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների մասին է, «Նորֆոլկը» կազմակերպում է դրանց ապրանքների՝ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո մաքսային ձեւակերպումներն ու հետագա հարկային դաշտում դրանց փաստաթղթավորումը։ Այսինքն՝ էստեղ բրոքերական կազմակերպության կամ այլ տնտեսվարողների խնդիրը չկա։ Այստեղ զուտ այդ տոնավաճառներում գործունեություն իրականացնողների ներմուծած ապրանքների մաքսային ձեւակերպումների խնդիրն է իրականացվում։ Իսկ բրոքերներն զբաղվում են մյուսներով, օրինակ՝ ավտոմեքենա ներմուծող ընկերություններով։ Ավելին ասեմ․ եթե ֆիզիկական անձ է մեքենա ներմուծում, դրա ձեւակերպումներն իրականացվում են առանց մաքսային բրոքերի միջնորդության, ուղիղ մաքսավորի միջնորդությամբ։ Այդ սկզբունքն էլ ենք ներդրել մոտավորապես 4-5 ամիս առաջ, մաքսային մուտքի օրդեր է կոչվում, բայց՝ ֆիզանձանց մասով։ Մենք էդտեղ խնդիր ունեինք՝ ֆիզիկական անձինք դժգոհում էին բրոքերների թանկ ծառայությունից, այդ մասով մենք կարողացել ենք ապահովել, որ պարզեցված մաքսային գործընթաց լինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ