Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա մայիսին

Համահայկական խորհուրդը կձևավորվի հաջորդ տարվա մայիսին

Սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում անցկացված Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն ամփոփվեց ոչինչ չասող հայտարարության տեքստով, իսկ մինչեւ համաժողովը բուռն քննարկվող հարցը՝ համահայկական խորհուրդ ձեւավորելու անհրաժեշտության մասին, համաժողովի վերջում այլեւս չհիշատակվեց: Հիշեցնենք, որ ամփոփիչ հայտարարությունում անորոշության մեջ ընդամենը հիշատակվեց խորհրդի ձեւավորման մասին․ «Ողջունելով Համահայկական խորհրդի՝ որպես համազգային առաջնահերթությունների ճշգրտման, ազգային ներուժի մեկտեղման եւ բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության հարթակի ձեւավորման գործընթացը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի սկզբունքներին, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ միասնաբար եւ փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական եւ հոգեւոր ներուժի համախմբմամբ առավել ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը` այն ուղղորդելով հետեւյալ նպատակների եւ խնդիրների իրագործմանը»։ 



«Նպատակների եւ խնդիրների» շարքն սկսվում է ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացներից, վերջանում հույսով, որ «Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր կառույցները, երիտասարդության լայն ներգրավմամբ, պատշաճորեն կնշեն Հայաստանի առաջին հանրապետության ու Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա, ինչպես նաեւ քաղաքամայր Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները»։ Սակայն ոչ մի առարկայական խոսք Համահայկական խորհրդի մասին։ Մինչդեռ իշխանական կուլիսներում մինչեւ նշված համաժողովը լրջորեն ու առանձնակի եռանդով էին նախապատրաստվում սույն կառույցի ձեւավորմանը։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Համահայկական խորհրդի ստեղծման գլխավոր նպատակը Արցախի հարցում տհաճ զարգացումների դեպքում Սփյուռքը մոբիլիզացնելն է, պրոիշխանական դիրքորոշում ձեւավորելը։



Համաժողովից շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանն այս հարցով խորհրդակցություն հրավիրեց, որի ընթացքում, Համահայկական խորհրդի ձեւավորման կազմակերպչական հանձնախմբի պատասխանատուներից մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ խորհրդի հիմնական մոտեցումներն ու մեխանիզմները կքննարկվեն սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի նիստերից մեկում: «Հաշվի առնելով համահայկական նոր կառույցի վերաբերյալ նախորդ տարիների քննարկումները՝ նախագահը հանձնարարել է նախապատրաստել Համահայկական խորհրդի ձեւավորման նպատակների, անդամակցության չափանիշների, 2018թ. կայանալիք առաջին նիստի օրակարգի եւ աշխատակարգի նախագծերը՝ շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու կառույցների հետ համապատասխան քննարկումների արդյունքում»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:



Մինչդեռ տեղեկություններ կան, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն առանձնապես տոչորված չեն իշխանությանն աջակցելու գաղափարով, համաժողովի օրերին էլ առանձնապես շահագրգիռ քննարկումներ չեն կայացել։ Իշխանությունների նկատմամբ Սփյուռքի ոչ բարյացակամ վերաբերմունքն ակնհայտ դարձավ նաեւ համաժողովի օրերին․ եթե անցյալում երբեւէ նման միջոցառումների ժամանակ քննադատություն չէր հնչում, ապա այս անգամ ոմանք չխորշեցին հրապարակային քննադատություններից։ Ու չնայած Սերժ Սարգսյանը հստակ ժամկետ է նախանշել, որ խորհրդի առաջին նիստը տեղի կունենա 2018-ին, այդուհանդերձ չի բացառվում, որ անգամ այս գաղափարը մնա թղթի վրա։



Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը երեկ տեղեկացրեց, որ արձակուրդում է, սակայն կարծիք հայտնեց, որ խորհրդի ձեւավորումը «մեկ օրվա բան չէ», տարիներ կտեւի։ Ասաց, որ մեզ հուզող հարցերին իրավասու է պատասխանել նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը։ Միակ կոնկրետ բանը, որ Արշակյանը մեզ հայտնեց, այն է, որ Համահայկական խորհուրդը կձեւավորվի հաջորդ տարի, առաջին նիստը նախատեսված է մայիսին։ Սակայն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ժամկետն ինչ-ինչ պատճառներով հետաձգվի, Արշակյանն ասաց, որ չի կարող պատասխանել։ «Այն, որ Սփյուռքում բոլորը ցանկանում են նման կառույց, ես կարող եմ դա ասել, համահայկական կառույցները մեծապես հետաքրքրված են նման կառույցի ձեւավորմամբ, բայց ինչ ձեւաչափով, ինչ ֆորմատով, ես ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Գրիգոր Արշակյանը՝ տեղեկացնելով նաեւ․ «Համահայկական համաժողովի ընթացքում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որի արդյունքում որոշվեց, որ մայիսին տեղի կունենա Համահայկական խորհրդի առաջին նիստը։ Թե ընթացքում երբ, որտեղ, ինչ քննարկումներ կլինեն, իրավական այլ հարցերի չեմ տիրապետում։ Դա մեկ օրվա լուծվելու հարց չէ, տարբեր քննարկումներ պետք է կազմակերպել, բոլորի ցանկությունները պետք է հաշվի առնվեն»։ Արշակյանը հավելեց, որ մի քանի ամիս հետո միայն կհստակեցվի, թե որտեղ են քննարկումները կազմակերպվելու, ում մասնակցությամբ, ինչ ձեւաչափով․ «Ի վերջո, այդ կառույցի ձեւավորման աշխատանքները ոչ թե սփյուռքի նախարարությունն է իրականացնում, այլ՝ Սահմանադրական դատարանը»։



Հիշեցնենք, որ Համահայկական խորհուրդ ձեւավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումն ընդունվել է դեռեւս 2015թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը, ամփոփելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, նշել էր, որ «նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձեւավորելու ընդհանուր պահանջ»: Նույն նիստում ձեւավորվել էր կազմակերպչական հանձնախումբ, որին հանձնարարվել էր նախաձեռնել խորհրդատվությունների լայն, ներառական գործընթաց: Աշխատանքների համակարգման պատասխանատուներ էին նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ այդ ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ