ԱԺ կգանք «դուբինկաներով»

ԱԺ կգանք «դուբինկաներով»

Հոկտեմբերի 5-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խորհրդարանի միջանցքում բռունցքով հարվածել է իրեն: Ինքն էլ հաջող պաշտպանվել է, կոշիկները մի քանի անգամ սրբել Գեղամյանի վրա:



Արտաշես Գեղամյանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ՝ Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում։ Եւ թեպետ միջադեպին ըստ լուրերի՝ ականատես է եղել Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, սակայն նա հրաժարվում է «վկայություն» տալուց։ Այսօր ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք»-ի նախագիծը` այս դեպքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Ըստ առաջարկի` հանձնաժողովը կազմված է լինելու 10 անդամներից: ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը նկատեց, որ նման դեպքերում ճիշտը կենտ թիվն է: Նա նաեւ առաջարկում է վերնագիրը փոխել: Ասում է` Գեղամյանից բացի, եթե մեկ այլ պատգամավոր էլ է հարվածել, նրա գործողությունները չե՞նք քննելու: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ դիտողություն արեց` հիմքում չեն կցվել միջադեպի մանրամասներ, թե կոնկրետ որ արտահայտությունն է, որ ըստ նրանց՝ խախտել է էթիկան: Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը հակադարձեց` ԱԺ կանոնակարգ օրենքում նման պահանջ չկա: Հրայր Թովմասյանը հորդորեց` գոնե բանավոր խոսքում ներկայացնել:



Մի խոսքով՝ մոտ մեկ ժամ քննարկումը վերածվել էր իրավաբանական գիտելիքների ցուցադրության մրցույթի, որտեղ հատկապես իշխանության ներկայացուցիչները փորձում էին «կեղտեր» բռնել ներկայացված նախագծում։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կողմերին հանդարտության կոչ արեց. «Բարձր կանգնեք դեպքի հանգամանքներից եւ փոխադարձ հասկացողության պայմաններում փորձեք ընդհանուր հայտարարի գալ: Նման ապացուցողական բազայով բարդ է լինելու հարցը քննել եւ որոշում կայացնել»- ասաց Գեւորգ Պետրոսյանը, ում կողքից քննարկումը սկսելուց քիչ անց հասցրեց ճողոպրել դեպքի միակ վկան՝ Նապոլեոն Ազիզյանը։



Այնուհետեւ, ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, թե քննարկումն իր համար հենց սկզբից տարօրինակ մթնոլորտում է ընթանում․ «Պարոն Թովմասյանը նախարար, պատգամավոր ժամանակ ինչ օրենք ասես բերեց մտցրեց, հիմա մեր նախագծի մասին ասում է, թե համաձայն եք երկու պատգամավորների պահվածքն էլ քննենք»,- հասավ նաեւ ընդդիմադիր գործընկերոջը․ «Պարոն Պետրոսյան, որ Դուք էլ ասում եք, թե իրեղեն ապացույց չկա, գնացեք Ձեր կուսակցության պատգամավորների հետ խոսեք, տեսեք ինչ են ասում: Նոր Ձեր կողքը նստած էր, ու՞ր գնաց Նապոլեոն Ազիզյանը, հարցրեք իրան: Հանձնաժողովը ստեղծվում է, որ իրավիճակը քննարկի, ինչ ասել է, թե ապացույց չկա: Էդ, որ ասում եք, թե հինգ տարի իրար հետ աշխատելու եք, մենք էլ ասում ենք, թե պետք է իմանանք, ինչ պայմաններում ենք աշխատելու: Եթե այս միջադեպը գնահատական չստացավ, ապա անկախ նրանից, թե հետո ապացույցներ կլինեն, թե ոչ, բայց նման դեպքերը միշտ էլ միջանցքներում կրկնվելու են: Սա մեր նախագիծն է, ունե՞ք ուրիշ նախագիծ, բերեք, դրեք շրջանառության մեջ: Ունե՞ք մտահոգություն պատգամավորների գրառումների վերաբերյալ, ուրեմն ստեղծեք ժամանակավոր հանձնաժողով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու համար: Ստեղծեք, բերեք, ես էլ կողմ կքվեարկեմ: Հրայր Թովմասյանն ասում է, թե մեկ հոգին ավել է: Իբր հանրապետականների կարծիքները տարբեր են, այդ հանձնաժողովում էլ պետք է համակարծիք չլինեն, ուզում են ստեղծվելիք հանձնաժողովի 10 անդամը դարձնել 9-ը: Ուզում է 71 հոգի լինեք, ուզում եք 171 հոգի եղեք, մեկ է ձեռքերներդ մեկ հոգու նման վերեւ եք հանում: Սա մեր առաջարկած նախագիծն է, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք»,- իր ելույթում ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք խնդիր չունեն, խորհրդարան կարող են գալ նաեւ «դուբինկաներով», բայց եթե այս դեպքով քաղաքական մեծամասնությունը պատշաճ դիրքորոշում չարտահայտի, ինքը երաշխավորում է` խորհրդարանում նման բաների հաճախ ենք ականատես լինելու։



Հարցի քննարկումը հետաձգվեց: «Ելք»-ը կներկայացնի նախագծի լրամշակված տարբերակ` հաշվի առնելով առաջարկները։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ