Եթե հանրությունը որոշի, որ չպիտի այսպես լինի, ես էլ նախարար չեմ լինի

Եթե հանրությունը որոշի, որ չպիտի այսպես լինի, ես էլ նախարար չեմ լինի

Կառավարության երեկվա որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից 80-100 հազար սոցիալական փաթեթի շահառուներ կընդգրկվեն ապահովագրական ծրագրի մեջ։ Այսինքն՝ մինչ օրս պետական ապարատի 80-100 հազար աշխատողները, որոնք ունեին սոցփաթեթներ եւ անվճար օգտվում էին բուժօգնությունից, հիմա դա կանեն ապահովագրական ընկերությունների միջոցով։ Պետությունը սոցփաթեթի համար հատկացրած այդ գումարներն այսուհետ կվճարի ապահովագրական ընկերություններին։



Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասաց, որ Հայաստանում գործում է 6 ապահովագրական ընկերություն, որոնք բոլորն էլ կմասնակցեն այս ծրագրին՝ ամեն մեկն իր ծավալի չափով։ Սրանով սոցփաթեթի շահառուները կազատվեն հերթերի մեջ սպասելուց եւ դառը իրականությունից, որ այլեւս անվճար տեղեր չկան։ Նախարարն ընդունեց, որ այս քայլը կարող է պիլոտային լինել՝ հետագայում ամբողջովին առողջության ապահովագրությանն անցնելու համար։ Այս նախագիծը, իրականում, առողջապահության ոլորտում առկա անթիվ-անհամար խնդիրների մի մասին կարող է լուծում տալ։ Իսկ համակարգում խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման դեղատոմսերը դեռեւս չեն երեւում։ Մինչդեռ, երբեմն խնայում են անվճար դեղորայքի ու բուժօգնության վրա, թանկ դեղը փոխարինում էժանով։



Նախարարը բացատրում է, որ նման փոփոխությունները գումարների անտրամաբանական բաշխման հետեւանքով էին, այսինքն՝ օպտիմալ կառավարման են գնացել։ «Ոչ մի տրամաբանություն չկա, ինչո՞ւ մի հիվանդ պետք է խմի դեղ, որի արժեքը 40-50 հազար դրամ է, իսկ մեկ ուրիշ հիվանդ պետք է խմի դեղ, որի արժեքը 7-8 հազար դրամ է։ Երկրորդը․ ցանկացած երկիր պետք է իր ցանկություններն ու հնարավորությունները համադրի։ Այո, մենք կարող ենք մեր բյուջեի հաշվին համաշխարհային մակարդակի բարձրակարգ ծառայություններ տրամադրել 50-100 հազար բնակչության կամ միայն մեկ ոլորտի հիվանդներին։ Սակայն դրանով բյուջեն կսպառվի։ Մեր հմտությունը հենց դրանում է, որ մեր բյուջեի սահմաններում մեր բնակչությանը մաքսիմալ հավասար պայմաններ ապահովենք եւ հնարավոր լավագույն բուժումը»,-բացատրեց նախարարը։



- Պարոն Ալթունյան, բայց եթե Ձեզ նշանակել են այս պաշտոնում, հասարակությունը Ձեզնից հստակ դեղատոմս է ակնկալում, այսինքն՝ ոչ թե կրճատել ինչ-որ բան, հիվանդ օրգանը հեռացնել, այլ՝ բուժել։



- Տեսեք, այսօր Չեխիան կառուցել է առողջապահության լավագույն մոդելներից մեկը՝ տասը տարվա ընթացքում։ Մենք էլ ենք ուզում դրանից։ Ուղղակի պետք է հասկանալ՝ ինչի հաշվին է դա կատարվել։ Առաջինը․ դա կատարվել է Չեխիայի ՀՆԱ-ի՝ տասնյակ անգամներ Հայաստանի ՀՆԱ-ից ավելի լինելու հաշվին, երկրորդը՝ աշխատավարձի միջին չափը 2 հազար եվրոյի չափ ունենալով, եւ երրորդը՝ աշխատավարձից ամսական 12.5 տոկոս առողջապահության ոլորտին պարտադիր ապահովագրության տեսքով հատկացումներ կատարելու հաշվին։ Այսօր մենք դեռ խոսում ենք 6 հազար դրամ պարտադիր վճարի հաշվին եւ այն էլ՝ ոչ ամբողջ հանրության համաձայնությունն ունենք։ Պետք է դրա մասին մտածել։ Ամեն ինչ իր գինն ունի։



- Իսկ որոշակի ժամկետով ծրագիր կա՞, որով ապահովագրության հարցը կլուծեք, հիվանդանոցների անբարեկարգ լինելու հարցը, որակյալ բուժօգնության հարցը։



- Իհարկե։ Մենք մի քանի դրույթ ենք ասում, որ եթե սենց լինի, եթե սենց լինի, եթե սենց լինի, եթե, այ, էս սոցիալական փաթեթն ուժի մեջ մտնի, եթե հունվարին 612 հազար հոգի 25 հազարանոց ապահովագրություն ստանա, եւ եթե 2019 թվականի վերջերից մտնի պարտադիր բժշկական ապահովագրությունն ամսական ամեն շնչի հաշվով 6 հազար դրամ վճարով, մենք կունենանք բավականին վայելուչ առողջապահություն։



- Իսկ չունե՞ք ծրագիր, որ «եթե»-ով չլինի, այլ ասեք՝ պիտի այսպես լինի, հետո այսպես լինի, երրորդ քայլով էլ այսպիսի արդյունք կլինի։



- Ես, որպես առողջապահության նախարար, ասում եմ՝ պիտի այսպես լինի։ Եթե հանրությունը որոշի, որ չպիտի այսպես լինի, ես էլ նախարար չեմ լինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ