ROMAN HOLIDAY-ի հավերժ երիտասարդությունը

ROMAN HOLIDAY-ի հավերժ երիտասարդությունը

Հեռավոր1953-ին Հոլիվուդը կրկին շշմեցրեց իր հեռուստադիտողներին: Ամերիկացիներին առաջարկվեց լայն էկրանը, ստերեոձայնը եւ ընդգրկուն պատկերը: Նոր համակարգը ստացավ «Սինեմասկոպ» անվանումը: Նորարարության ամենաթունդ ջատագովը Դերիլ Զանուկն էր, ով կարողացավ «ХХ դար-Ֆոք»-ը վերածել արդյունաբերության առաջամարտիկի: «Սինեմասկոպ»-ի հեղինակներին Ակադեմիան շնորհեց «Օսկար», ինչպես այն ժամանակ հայտարարվեց՝ ցուցաբերած երեւակայության եւ ջանասիրության համար: Բուն մեթոդն այնքան էլ նորարարական չէր: Դեռևս 1937-ին այն փորձել էր կիրառել գյուտարար Հենրի Կրետյենը: Նա առաջարկել էր ֆիլմեր նկարահանել միանգամից մի քանի տարբեր նեգատիվներով եւ հայտնագործել էր հատուկ լինզաներ պատկերն էկրանին պրոյեկտելու համար: Դիտողները հագնում էին այդ հատուկ ակնոցն ու կարողանում վայելել էկրանի խորության պատրանքը: Համակարգը, սակայն, բավական թանկարժեք էր եւ տեխնիկապես ոչ կատարյալ, ուստիեւ դրանից հրաժարվեցին: Հիսունականներին, սակայն, մրցակցությունն ավելի թեժացավ, եւ գաղափարը դարձավ պահանջված: Հեղափոխական տեխնոլոգիաների ստեղծման համար ներգրավվեցին ժամանակի լավագույն ուղեղները: Առաջին ցուցադրությունները մեծ աղմուկ հանեցին: Էպիկական Robe-ը գրավեց բոլոր առաջին հորիզոնականները կինոթատրոնային ֆիլմերում: Միայն Դիսնեյի «Պիտեր Պենը»-ը կարողացավ նրանից առաջ անցնել: Իրարանցումն այնքան մեծ էր, որ առաջնայնության մրցավազքի համար իրենց երեւակայությունն ու ջանքերը ներդրեցին բոլոր խոշոր ստուդիաները: Հսկայական միջոցներ սկսեցին ծախսվել տեխնիկական վերազինման վրա, սակայն նոր դարաշրջանի մեկնարկի մասին եւ ոչ մեկը չշտապեց հայտարարել: Սովորական ձեւաչափով նկարված ժապավենները այդ ժամանակ դեռ հիացմունքի արժանանում էին:



ROMAN HOLIDAY



1952-ի վերջին Լոս Անջելեսի փողոցներում հայտնվեցին «Ժիժի» ներկայացման ազդագրերը: Այն ֆրանսիացի հայտնի գրող Սիդոնի Կոլետի հայտնի վեպի թատերականացված տարբերակն էր: Գլխավոր դերը մարմնավորում էր մի դերասանուհի, ում անունը լրագրողները կարելի է ասել, որ առաջին անգամն էին լսում եւ միայն ամենից պրպտողներն էին, որ գիտեին, որ այդ գեղեցիկ նիհարավուն աղջնակը նկարահանվել է Ուայլերի ROMAN HOLIDAY-ում: Ու չնայած որ եվրոպական հյուրախաղերը ֆիլմի, բավական լավ էին անցնում, ամերիկյան մամուլը անհամեմատ ավելի սառն արձագանքեց: «Պարամաունթ» ստուդիան, որտեղ ստեղծվել էր ROMAN HOLIDAY-ը, լրագրողներին անվճար տոմսեր էր ուղարկել եւ միայն մի քանի գրախոսություններ կարողացավ նրանցից կորզել՝ հիմնականում զուսպ գովեստի խոսքերով շարադրված:



Եթե միայն մամուլն իմանար, թե ինչ անակնկալ է պատրաստված իր համար: Կանցնի մի քանի ամիս, եւ արդեն ողջ լրագրողական համայնքը կսկսի վազել նոր աստղի հետեւից՝ երազելով հարցազրույց վերցնել նրանից, իսկ դերասանուհին իր մասին մի քանի հիացական հիմարություններ կկարդա: Նրա խաղն, օրինակ, կհամեմատեն ադամանդի շողարձակման հետ, իսկ քննադատներն էլ իրենց արձագանքներում սիրո խոստովանություններ կանեն: Նա կարժանանա «Օսկարի»: Առաջարկներ կստանա աջ ու ձախ եւ այս ամենի համար 23-ամյա Օդրի Հելբերնը պարտական կլինի Ուիլյամ Ուայլերի ֆիլմին:



ROMAN HOLIDAY-ը զարմանալի ստեղծագործություն է եւ այսօր էլ այն նույնքան գրավիչ է եւ թարմ, որքան իր պրեմիերայի օրերին, որ տեղի ունեցավ հեռավոր 1953-ի օգոստոսին: Ասում են, որ նման երկարակեցություն ունենում են միայն գլուխգործոցները: Ժապավենի գաղափարը պատկանում էր Ֆրենկ Կապրային: Նա ցանկանում էր կրկնել «Դա տեղի ունեցավ մի անգամ գիշերը» ֆիլմի հաջողությունը: Նման էին նույնիսկ սեցնարները. Արքայադուստրը փախչում է պալատից, հանդիպում լրագրողին եւ սկսվում է արկածներով լի սիրավեպը: Որպես անկախ պրոդյուսեր նա գրական սցենարը պատվիրեց Յան Հանտերին, իսկ նա էլ գաղտնի կերպով պատվերն ու հոնարարը փոխանցեց գործազուրկ դարձած Տրամբոյին: Կապրան կարող էր ինքն էլ միայնակ իրականացնել իր նոր նախագիծը, սակայն «Լիբերթի» ստուդիան արդեն սնանկացման եզրին էր եւ ստիպված էր վաճառել այն գնված սցենարներով հանդերձ:



Հաճախ գրում են, որ Կապրային առաջարկել են ROMAN HOLIDAY-ը նկարահանել «Պարամաունտում», սակայն նա չի համաձայնել, իմանալով որ հեղինակը Տրամբոն է: Սա իրականում, չափազանց վիճելի հարց է: Առավել հավանական է, որ Կապրային վանել է այդ գաղափարից այն բյուջեն, որը առաջարկվել է, քանի որ այն ըստ էության թույլ չի տվել, որպեսզի նկարի այն, ինչ ուզում է:



Ֆիլմի նկարահանումներին նախորդեցին մեծ փնտրտուքները:Ուիլյամ Ուայլերը փորձում էր գտնել մի այնպիսի դերասանուհի, ով կխոսեր առանց ամերիկյան առոգանության, եւ կկարողանար համոզել դիտողներին, որ ինքը արքայադուստր է: Այս պահանջներին, ըստ նրա, համապատասխանում էր միայն Ջին Սիմոնսը, սակայն նա արդեն զբաղված էր: Ուայլերն արդեն պատրաստ էր հրաժարվել աշխատանքից, երբ նրա օգնականը հայտնեց, որ հոլանդացի երիտասարդ դերասանուհի է գտել, ով խաղում է լոնդոնյան թատրոնում:



Ուայլերի պահանջներին բավարարում էր այնքանով, որ գեղեցիկ էր, նիհարավուն եւ ուներ անթերի շարժուձեւ: Առաջին փորձերը հիացրեցին բոլորին: Պետք է ասել, որ Ուայլերը հոլիվուդյան առաջին ռեժիսորը չէր, որ ուշադրություն էր դարձրել Օդրի Հելբերնին: Երկու տարի առաջ, դեռ այդ ժամանակներից, Մարվին Լը Ռոյը ցանկանում էր նրան դեր տալ, սակայն հրաժարվեց պատճառաբանելով, որ աղջիկը դեռ փորձ չունի: Ուայլերը նույնպես համաձայն էր, որ այն պահին, երբ նա առաջարկեց իր դերը ROMAN HOLIDAY-ում, Օդրի Հելբերնի փորձը այնքան էլ չէր ավելացել, սակայն որոշեց փորձել: Գլխավոր տղամարդու դերի համար հրավիրեցին Քերի Գրանտին, սակայն նա հրաժարվեց, ասելով, որ դա այնքան էլ գլխավոր դեր չէ եւ կանացի գլխավոր դերը ավելի առաջնային է: Այդ ժամանակ էլ հրավիրեցին Գրեգորի Պեկին:



Ֆիլմի նկարահանումները ընթացան Հռոմում, տուրիստական սեզոնի ամենաթեժ շրջանում: Փողոցներում իրարանցում էր: Նկարահանող խմբին շրջապատում էին մարդիկ: Աղմկարար իտալացիները ճանաչելով Գրեգորի Պեկին հաճոյախոսություններ էին շռայլում: Երբեմն ստիպված էին լինում փակել երթեւեկությունը եւ ցանկապատել նկարահանման հրապարակը: Հասարակության արձագանքը չափազանց բուռն էր: Բոլոր կողմերից մեքենաների ազդաձայնները եւ գոռգոռոցները խանգարում էին այդ պահերին: Ասում են, որ հենց այս դժոխային պայմանները նպաստել են, որպեսզի նկարահանումներն արագանան: Ուայլերը հայտնի էր իր պահանջկոտությամբ: Երբեմն նա դերասանական կազմին ճզմում էր իր պահանջկոտությամբ ամեն մի կադրն ու տեսարանը մի քանի անգամ նկարահանելով: Հռոմի փողոցների աղմուկն էր, որ նրան ստիպում էր դուբլները կրճատել: Գրեգորի Պեկն հիշում է, թե ինչպես մի անգամ ամբոխը գոռգոռաց, որ դերասանուհին գերազանց է խաղացել եւ ավելի լավ անհնարին է եւ կարիք չկա տեսարանը վերանկարահանելու: Ուայլերը ստիպված եղավ զիջել: Արդեն Հոլիվուդում Ուայլերը վերադարձավ իր աշխատանքային բնականոն ռեժիմին: Մի ամբողջ տարի նա ֆիլմը նախապատրաստեց էկրան բարձրանալուն: Պրեմիերան տեղի ունեցավ միանգամից Նյու Յորքում եւ Լոնդոնում: Մամուլը հերոսուհու մեջ տեսավ արքայադուստր Մարգարետին՝ Եղիսաբեթ երկրորդ թագուհու կրտսեր քրոջը, ով սիրահարվել էր կապիտան Պիտեր Թաուսենդին եւ պատրաստվում էր ամուսնանալ իր հետ: Բարձրաշխարհիկ այս սկանդալի հետ ունեցած նմանությունների մատնանշումը լավ գովազդ հանդիսացավ ֆիլմի համար:



Էրիխ ֆոն Շտրոգհեյմը ROMAN HOLIDAY-ը դրեց նույն շարքում այնպիսի ժապավենների հետ, ինչպիսիք էին՝ Ֆելինիի «Ճանապարհները», Կոկտոյի «Օրփեոսը» Կլեմանի «Արգելված խաղերը» եւ Կազանի «Դրախտից դեպի արեւելքը»: Ուայլերն ինքը իր ֆիլմը համարում էր հեքիաթ ժամանակակից թեմատիկայով, այն մասին, թե ինչպես արքայադուստրը սիրահարվում է հասարակ տղայի: Այն մեկ օրը, որը նրանք անցկացրել են իրար հետ, ազատության եւ երջանկության մեկ ումպ էր երկուսի համար էլ: կարճ ժամանակով արքայադուստրը կտրվեց իր թագավորական, իսկ լրագրողը՝ մասնագիտական պարտականություններից: Հավերժական քաղաքի փողոցներում անցկացրած նրանց ժամերը ճակատագրի նվերն էր նրանց, որի մասին կհիշեին երեւի ամբողջ կյանքում: Ուայլերը նշում էր, որ իր ֆիլմն ի զորու է լուսավոր ապրումներ առաջացնել նույնիսկ ամենից մռայլ հոգիներում: Հենց դա էլ նա համարում էր իր ֆիլմի հաջողության գաղտնիքը:



Վալերի Ռոկոտով
Regnum.ru
Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի