Իսկ ես հիմա անկե՞ղծ չեմ խոսում

Իսկ ես հիմա անկե՞ղծ չեմ խոսում

«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու Վրաստան-ԱՄՆ համատեղ զորավարժություններին, որ հետո էլ իր հանրությանն ասի՝ գիտե՞ք ինչ, չեմ մասնակցում»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հորդորելով որևէ արտառոց բան չտեսնել դրա մեջ։ Զաքարյանի խոսքով՝ կան մի քանի պատճառներ, որ Հայաստանը չի մասնակցում, սակայն չմանրամասնեց՝ որոնք են դրանք։



Նա չգիտեր՝ որտեղից են վերցրել իր վրացի գործընկերները, որ Հայաստանը պետք է մասնակցեր և վերջին օրով հրաժարվել է, միայն ընդգծում է, որ մենք պաշտոնապես չենք հայտարարել այդ մասին։



«Նորից եմ ասում՝ ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել մեր գործընկերները Վրաստանում այդ հայտարարությունն իրականացնելու համար, դրա համար կճշտեն համապատասխան օղակները և հարցի վերաբերյալ պարզաբանումները կասեն»,-ասաց պարոն Զաքարյանը։



Hraparak.am-ի հարցին՝ քաղաքական դրդապատճառ կա՞ այստեղ, որ Հայաստանը չի մասնակցում, Զաքարյանն ասաց՝ որևէ քաղաքական դրդապատճառ չկա՝ չընդունելով այն, որ պատճառը կարոող էր լինել այն, որ Ադրբեջանը ևս մասնակցում է այդ զորավարժություններին։



Մեր դիտարկմանը, թե գուցե անկեղծ ներկայացնի՞ իրական պատճառները, թե ինչու չենք ցանկացել մասնակցել, որպեսզի հանրության մեջ տարբեր կասկածներ չմնան, Զաքարյանն ասաց․ «Իսկ ես հիմա անկե՞ղծ չեմ խոսում, ըստ Ձեզ, կամ որևէ անգամ հրապարակային անանկեղծ խո՞սք եմ ասել։ Մնացածն արդեն թողեք, թող մնա աշխատանքային գործընթացի մեջ»։



Այնուամենայնիվ, պարոն Զաքարյանի պատասխաններից այդպես էլ չհստակեցվեց, թե ինչու է Հայաստանը հրաժարվել այդ զորավարժություններին մասնակցելուց, և ինչու են այդ կապակցությամբ տարակուսանք հայտնում Վրաստանի համապատասխան գերատեսչությունից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ