Հավասար պայմաններ բոլորի համար

Հավասար պայմաններ բոլորի համար
Հայաստանում ոչ պետական բուհերի ստեղծմամբ մասնակի լուծում ստացավ երկու կարեւոր սոցիալական խնդիր: Նախ` բավարարվեց մեր ազգաբնակչության բարձրագույն կրթություն ստանալու պահանջը, որը մեր ժողովրդի մենթալիտետի դրսեւորման կարեւոր ձեւերից է, եւ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծամբ որոշ չափով մեղմվեց բուհական համակարգում աշխատող մանկավարժների գործազրկությունը: Չնայած դրան` գործընթացն իր հետ բերեց նաեւ մի շարք անկառավարելի հոգսեր:



Այլընտրանքային կրթական համակարգը կանոնակարգվեց 1999թ. "Կրթության մասին" ՀՀ օրենքի ընդունմամբ:



Այս օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ կետերն ասում են.



- պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններում քաղաքացիների կրթություն ստանալու հնարավորությունների երաշխավորումը,



- պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը:



1997թ. ոչ պետական բուհերի թիվը հասավ 84-ի, որոնց մի մասն անգամ գյուղերում բացեցին մասնաճյուղեր, կից քոլեջներ, իհարկե` առանց պայմանների: Վերջին տարիներին բացահայտվեցին այդ բուհերում դասավանդման եւ ուսումնական բազայի անմխիթար վիճակը, եւ արդյունքում դրանք լուծարվեցին: Այս ամենը վերարժեւորեց նշված բուհերի նկատմամբ ազգաբնակչության նախնական բարյացակամ վերաբերմունքը, որից տուժեցին նաեւ այն բուհերը, որոնցում արդեն առկա էր բնականոն եւ բարձրորակ ուսումնական գործընթացը: Այս բուհերի մասնագիտական ուղղվածությունը ձեւավորվեց շուկայական տարերքի պայմաններում, շուրջ 70 մասնագիտացումների ուղղությամբ այն դարձավ կադրերի անհավասարաչափ բաշխում պահանջարկի եւ առաջարկի միջեւ:



Հայաստանում գործող պետական եւ ոչ պետական բուհերը չեն գործում իրենց մասնագիտական ուղղվածությանը համապատասխան:



Այսպես. "Կրթության մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, տրված են նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվանման կարգավիճակով բնորոշումները՝ համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա, մասնաճյուղ եւ այլն: Նպատակահարմար եմ համարում, որ Հայաստանում լինի ազգային մեկ (մայր) համալսարան, իսկ մնացած պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերը բարձրագույն մասնագիտական կադրեր պատրաստեն` ինստիտուտների եւ ակադեմիաների կարգավիճակով շուկայական հարաբերություններին ու Հայաստանի մարզերում պահանջվող մասնագիտությունների առանձնահատկություններին համապատասխան: Այս նպատակին հասնելու կարգավորիչ դերը պատկանում է միայն պետական կառույցներին: Այսօրվա դրությամբ տեխնիկական, հումանիտար եւ գյուղատնտեսական ուսումնական հաստատություններում գործում են բժշկական, իրավագիտության մասնագիտություններ. միթե կարելի է:



Վերջին ժամանակներս բուռն քննարկումներ են գնում այն մասին, որ պետական լիազոր մարմինը փորձում է մրցակցային հավասար դաշտ ստեղծել պետական եւ ոչ պետական հավատարմագրված բուհերի համար, այն է՝ 2011թ. նշված բուհերում ընդունելությունը կազմակերպել կենտրոնացված կարգով: Իհարկե, մրցակցային հավասար դաշտի ապահովումը ողջունելի է, եթե այն իրատեսական է:



Նախեւառաջ պետք է նշել հետեւյալը`



1. Բուհերի պետական հավատարմագրման գործընթացն իրականացնող գերատեսչությունը դուրս է եկել ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությունից:



2. Այն գործում է ՀՀ կառավարության աշխատակազմում "Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն" հիմնադրամի կարգավիճակով:



3. Այդ հիմնադրամը մշակում է մասնագիտական կրթական տարբեր աստիճանների եւ ծրագրերի պետական հավատարմագրման միջազգային գործառույթներին համապատասխան չափորոշիչներ (Բոլոնիայի հռչակագրով հաստատված կրեդիտային համակարգով):



4. Նոր չափորոշիչները բուհական համակարգում 2010թ. ներդնելուց հետո (առաջին շրջանավարտներ տալու պարագայում) 2014 թ. կսկսվի բարձրագույն ուսհաստատությունների պետական հավատարմագրման գործընթացը:



Այսօրվա դրությամբ պետական բուհերը հավատարմագրված ոչ պետական բուհերի նկատմամբ ունեն առավելություններ, որոնք անհավասար պայմաններ են ստեղծում: Դրանք են.



1. Պետական բուհերը պարտադիր պետք է հավատարմագրվեն, որով էլ նոր իրավունք ստանան շրջանավարտներին տալու պետական դիպլոմներ, սակայն 1999թ. օրենքն ընդունելուց հետո մինչ օրս չեն հավատարմագրվել եւ բակալավրի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով շրջանավարտներին տալիս են պետական դիպլոմներ, իսկ մասնավոր բուհերը` ոչ ("Կրթության մասին" ՀՀ օրենքի հոդված 42, կետ 6 եւ հոդված 44, կետ 2):



2. Պետական բուհերն օգտվում են պետական պատվերից:



3. Պետական բուհերի պետպատվերով ընդունված ուսանողներն օգտվում են բանակից տարկետման արտոնությունից:



4. Պետական բուհերի ուսումնական մասնաշենքերը պետությանն են, նրանք այդ շենքերի եւ զբաղեցրած հողատարածքների համար գույքահարկ եւ հողի հարկ չեն վճարում` ի տարբերություն մասնավոր բուհերի (որոնք ունեն սեփական մասնաշենքեր եւ հողային տարածքներ):



5. Պետական բուհերին ֆինանսական զգալի աջակցություն են ցուցաբերում միջազգային կառույցներն ու գործարարները:



6. Պետական բուհերն ունեն իրենց սեփական տպարաններն ու հրատարակչությունները:



7. Պետական բուհերում սովորողների ուսման վարձերը մի քանի անգամ բարձր են, քան մասնավորինը:



8. Պետական բուհերն առանց պետական հավատարմագրման մագիստրոսներին տալիս են պետական դիպլոմներ, որից զրկված են ոչ պետական բուհերը, որի պատճառով վերջիններս 2005թ. զրկված են մանկավարժական սեփական կադրեր պատրաստելու հնարավորությունից:



9. Պետական բազմաթիվ բուհերում գործում են ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդներ, որը չունի ոչ մի մասնավոր բուհ:



10. Պետական բուհերն ազգաբնակչության շրջանում հեղինակություն են ձեռք բերել երկարատեւ տարիների ընթացքում, այն էլ խորհրդային հզոր պետության ֆինանսավորման եւ հովանավորման պայմաններում, իսկ մասնավոր բուհերը դեռեւս "անչափահաս են":



11. Պետական որոշ բուհերում սովորող ուսանողների համար նախատեսված տարածքները, անգամ երեք հերթափոխության պայմաններում, չեն բավարարում:



12. Մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը մասնավոր բուհերի համար, սկսած 2005թ. մինչ օրս, անհիմն կարգով կասեցված է, որի պատճառով հավատարմագրված ոչ պետական բուհերը նոր մասնագիտություններ չեն բացում, իսկ պետական բուհերն անարգել բացելով նոր մասնագիտություններ` առանց հավատարմագրվելու շրջանավարտներին, մեխանիկորեն տալիս են պետական դիպլոմներ, որն էլ միանգամից արգելակում է դիմորդների հոսքը դեպի մասնավոր բուհեր:



ՀՀ օրենքների օրենք Սահմանադրությունը պահանջում է հավասար պայմաներ ստեղծել կրթություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար (անկախ իրավակազմակերպական եւ սեփականության ձեւերից), որը կապահովի ազատ տնտեսական մրցակցություն եւ արդյունքում կրթության բարձր որակ (ՀՀ Սահմանադրություն, հոդված 8):



Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք 2010-2015թթ. հայտարարել բարձրագույն կրթության համակարգի ընթացիկ բարեփոխումների շրջան, այդ ընթացքում պետական եւ ոչ պետական բուհերի համար ստեղծել գործունեության առավելագույն հավասար պայմաններ, վերացնել կրթության բնագավառում եղած օրենսդրական հակասությունները, այնուհետեւ ՀՀ-ում գործող պետական, ոչ պետական, արտասահմանյան բուհերի մասնաճյուղերին, ՀՀ կառավարության եւ այլ պետությունների  մասնակցությամբ ստեղծված բոլոր բուհերին բերել գործունեության հավասար իրավական դաշտ եւ բոլորի համար միեւնույն պայմաններով կազմակերպել կենտրոնացված ընդունելություն կամ մշակել դիմորդների ընդունելության այլընտրանքային նոր համակարգ իր կառուցակարգերով, իսկ 2011թ. մասնավոր բուհերը միացնել կենտրոնացված ընդունելության համակարգին, նշանակում է միանգամից վարկաբեկել այդ համակարգը, քանի որ 2011թ. դպրոցները շրջանավարտներ չեն տալու:



"Մխիթար Գոշ" հայ-ռուսական միջազգային համալսարանը չի խուսափում կենտրոնացված կարգով ընդունելության քննություններից, ընդհակառակը` 2009թ. մի քանի բուհերի թվում նաեւ մեր համալսարանն է դիմել նմանատիպ կարգով ուսանողներին ընդունելու համար, սակայն ԿԳ նախարարությունը մերժել է` պատճառաբանելով, թե մի քանի մասնավոր բուհերի ցանկությամբ դա անել հնարավոր չէ: Բոլոր կնճռոտ հարցերը լուծելուց հետո հնարավոր կլինի հանրապետությունում տնտեսական ազատ մրցակցությամբ պատրաստել բարձրագույն մասնագիտական կրթությամբ որակյալ կադրեր. չէ որ առանց հավասար պայմանների չկա ազատ մրցակցություն, իսկ առանց մրցակցության չկա զարգացում:



Վ. ԲՐՈւՏՅԱՆ

համալսարանի

ռեկտոր



Հ. ԴԵՐՁՅԱՆ

"Մխիթար Գոշ"

համալսարանի

կառավարման

խորհրդի նախագահ