ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր 100 դրամանոց մետաղադրամ

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր 100 դրամանոց մետաղադրամ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված Մարիո Կեմպեսին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամի դիմերեսի վերեւի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» անգլերեն մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքեւի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքեւի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքեւ  Հայաստանի Հանրապետության զինանշանն է:



Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում «20», աջում` «10»: Զինանշանից աջ ներքեւում  Լեհաստանի դրամահատարանի առեւտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերեւում՝ հայերեն, իսկ ներքեւում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»:



Հուշադրամի դարձերեսին Արգենտինայի դրոշի գունային ֆոնի վրա Մարիո Կեմպեսի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձեւավորող հեղինակի խորագիրն է: Ներքեւում եզրաշուրթի մոտ Մարիո Կեմպեսի ստորագրությունն է: Վերեւում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է` «MARIO KEMPES»:



Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:



Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:



Հուշադրամի բնութագիրը.



Անվանական արժեքը           100 դրամ



Մետաղը եւ հարգը                 արծաթ, 925 + 50



Զանգվածը                               28,28 + 0,25 գ



Տրամագիծը                              38,61 + 0,15 մմ



Որակը                                      պրուֆ



Դրամաշուրթը                         հարթ



Տպաքանակը                           մինչեւ 20000 հատ