Գեներալ Ջոնսը հեռանում է Սպիտակ տնից

Գեներալ Ջոնսը հեռանում է Սպիտակ տնից
Ուրբաթ հայտարարվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսի` պաշտոնից հեռանալու մասին: Նրան փոխարինելու է իր ներկա տեղակալը` Թոմ Դոնիլոնը: Վերջին շաբաթներում Սպիտակ տնից արդեն հեռացել էին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչն ընդհանուր առմամբ բնական է գնահատվում, քանի որ Օբամայի թիմն արդեն անցել է պաշտոնավարման կես ճանապարհը:



Օբամայի աշխատակազմի ղեկավարը հեռացել էր Չիկագոյի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու համար, գլխավոր տնտեսական խորհրդականը տարեվերջից վերադառնալու է Հարվարդի համալսարան: Իսկ ահա նախագահի գլխավոր քաղաքական խորհրդականը` Դեհվիդ Աքսելրոդը, հեռացել է 2012-ի ընտրություններում նախագահ Օբամայի վերընտրությունը ծրագրելու եւ ընտրարշավը նախապատրաստելու համար: Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի` գեներալ Ջոնսի հեռանալը նույնպես ակնկալվել է, բայց չի բացառվում, որ այն արագացել է վերջերս լույս տեսած մի գրքում Օբամային շրջապատող քաղաքական գործիչներին գեներալի տված բնութագրումների պատճառով:



Հասկանալիորն ԱՄՆ ռազմածովային  ուժերի չորսաստղանի գեներալը, որ ակտիվ զինվորական ծառայության մեջ է եղել 40 տարի` 1967-ին մեկնելով Վիետնամի պատերազմ եւ 2007-ին կարիերան ավարտելով ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնում, առանձնակի հիացմունք չէր տածի քաղաքական ֆիգուրների հանդեպ: Այդպես էլ կա: Գեներալը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին կոչել էր «ջրային միջատներ», «մաֆիա», «ընտրարշավի կոմպլեկտ»: