Մարդուն մահվան հասցնելը ՆԳ բաժնում հատուկ է նաեւ ռուս ոստիկաններին

Մարդուն մահվան հասցնելը ՆԳ բաժնում հատուկ է նաեւ ռուս ոստիկաններին
Սանկտ Պետերբուրգում քրեական գործ է հարուցված մի քաղաքացու` հիվանդանոցում արձանագրված մահվան փաստով: Նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն խոշտանգված վիճակում, անմիջապես ոստիկանության բաժնից: Ինչպես հաղորդում է News.com-ը, քաղաքացուն բազմաթիվ վնասվածքներ հասցրած իրավապահների անձը պարզված չէ: Փաստորեն, մարդուն ոստիկանության բաժնում մահվան հասցնելը միայն Հայաստանի ներքին գործերի համակարգին չէ հատուկ: Ինչպես շատ «հիվանդություններ», այս մեկն էլ հետխորհրդային երկրներին բնորոշ է:



Քրեական գործի նյութերի համաձայն, հոկտեմբերի 1-ին, ժամը 20-ին Պետերբուգի Մոսկովյան շրջանի բաժնի «անհայտ աշխատակիցները», չունենալով օրինական հիմքեր, ոստիկանություն են բերել երկու անձի` 28 տարեկան տղամարդու եւ 27 տարեկան կնոջ: Ոստիկանները նրանց ստիպել են խոստովանել չկատարած խարդախության համար: Բացասական պատասխան ստանալով, իրավապահները բռունցքի ավելի քան 10 հարված են հասցրել կնոջ գլխին, իսկ տղամարդուն, բացի ձեռքի եւ ոտքի բազմաթիվ հարվածներից, քննության տվյալներով, տարբեր տեսակի կտտանքների են ենթարկել:



Գիշերվա ժամը երկուսին ոստիկանները 28-ամյա տղամարդուն տեղափոխել են 26-րդ քաղաքային հիվանդանոց, որտեղ էլ նա 10 օր անց մահացել է: Բժիշկները տուժողի մոտ հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ, որոնցից ամենամեղմը` փակ կոտրվածք, աջ ուսի հոդախախտ, փակ կոտրվածք ձախ ուսի շրջանում: Հիվանդը ջղաձգության նոպաներ ու հալյուցինացիաներ է ունեցել: Այդուհանդերձ, տուժողներին ծեծի ենթարկած ոստիկանների ինքնությունը պարզված չէ: Այժմ «ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»` ուղղված հանցագործությունը կատարած ոստիկաններին: Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով:



Վերջին երկու շաբաթվա մեջ սա երկրորդ դեպքն է, երբ ոստիկաններին նման մեղադրանք է առաջադրվում: Հոկտեմբերի 7-ին էլ տարածվել էր հայտարարություն այն մասին, որ 68-րդ բաժնի երեք աշխատակիցներ կասկածվում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Քննության վարկածով, ոստիկանները բաժին էին բերման ենթարկել մի տղամարդու, որին կինը մեղադրել էր փողեր գողանալու մեջ: Բաժնում նրանք իբր խոշտանգել են բերման ենթարկվածին եւ պահել խցում: Արդյունքում մասնակիցներից մեկը` 27-ամյա լեյտենանտ Իլյա Բալուշկինը, ձերբակալվել է, իսկ մյուս երկուսին մինչ այժմ փնտրում են:



Բայց Պետերբուրգի ոստիկանությունից ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խորհուրդ են տվել եզրակացություններում չշտապել: Նրանց խոսքերով, եթե 68-րդ բաժնի դեպքը թափանցիկ է, ապա հոկտեմբերի 10-ին հիվանդանոցում մահացած 28-ամյա երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել սրտի տագնապներից հետո, այսինքն` «բաժնից դուրս է եկել ողջ-առողջ»: Որպես իրեղեն ապացույց՝ մատնացույց է արվում այն տեսագրությունը, որտեղ կալանավորվածը ողջ է: Բայց դա ոստիկանների համբավը ստվերից չի հանում, քանզի սեպտեմբեր ամսին էլ նույն հյուսիսային մայրաքաղաքի ոստիկանության բաժանմունքներից մեկում կտտանքների ենթարկվելուց հետո հիվանդանոցում 35-ամյա մի կին էր մահացել:



Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ռուս ձերբակալվածները հաճախ են դառնում ոստիկանության աշխատակիցների դաժան վերաբերմունքի զոհը: Այսպես, այս տարվա սկզբին Պետերբուրգում կալանավորվել է ՆԳՆ մի կապիտան, որն իր հերթապահության ժամանակ ծեծելով սպանել էր մի թափառաշրջիկի: 2009 թվականի օգոստոսին էլ պարեկային ծառայություն իրականացնողները ձերբակալել էին 25-ամյա Դմիտրի Անտագուզինին: Նրան տարել էին ՆԳ բաժին, իսկ արդեն մի քանի ժամից տուժողի մորը զանգով տեղեկացրել էին որդու մահվան մասին: Ի տարբերություն մեր դատական բժիշկների, որ ոստիկանության բաժնում սպանված Վահրամ Խալաֆյանի մահը որակեցին որպես ինքնասպանություն, ռուս բժիշկները տվել են հստակ եզրակացություն` սպանություն:



Եվս մեկ զարհուրելի դեպք` այս անգամ Տոմսկում: Այս տարվա հունվար ամսին Տոմսկի հարբեցողների սթափեցնող կայանում ոստիկան Ալեքսեյ Միտաեւը բռնաբարել եւ մետաղյա ձողով ծեծելով սպանել է լրագրող Կոնստանտին Պոպովին: