Թոխմախի Մհերի հովանավորյալը կադրային ջարդ է անում

Թոխմախի Մհերի հովանավորյալը կադրային ջարդ է անում
Կրթական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես նախարարը, տարեսկզբի ասուլիսին պարծենում էին, թե այս տարի թեեւ համակարգային փոփոխություններ են կատարվում՝ ավագ դպրոցներ են ստեղծվում, սակայն իրենց հաջողվել է կրճատումներից խուսափել: Պարզվեց՝ սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Թիվ 68 դպրոցից միայն այս ուսումնական տարում կրճատվել են չորս ուսուցչուհի՝ Սողոմոնյան Նինան, Աբրահամյան Ռոզան, Ավագյան  Արմինեն եւ Ասլիբեկյան Թերեզան: Վերջինս որոշ ժամանակ անց վերականգնվել է Մհերի զանգով: Այս դպրոցը գտնվում է Էրեբունի համայնքում, այստեղի «ասողը» ոչ վաղ անցյալում  նախկին թաղապետ Թոխմախի Մհերն է եղել:



Ներկայիս տնօրեն Սուսաննա Ազիզյանը Թոխմախի Մհերի միջնորդությամբ է երեք տարի առաջ տնօրեն նշանակվել: Սակայն ժամանակների փոփոխության հետ, Մհեր Սեդրակյանի պաշտոնանկությանը զուգահեռ, փոխվել են նաեւ Ազիզյանի մոտեցումները: Նա անկախացել է եւ սկսել է ազատվել իր նախկին հովանավորի կադրերից: Այս հանգամանքն էլ բավականին խոցել է Մհեր Սեդրակյանին, ասում են՝ նա որոշել է այս տիկնոջը պատժել իր տեղը զբաղեցրած զարմիկի միջոցով: Իսկ հիմա վերադառնանք թիվ 68-ի կրճատումներին:



Մենք կարող էինք գրել, չէ՞, որ այս դպրոցում «ստրախովկայի» համար այսքան փող են հավաքում, աշխատավարձը ստանալիս սիմվոլիկ գումար «առանց մեկնաբանության» թողնում կամ, օրինակ, թանաքի, թղթի, կավիճի, Մարտի 8-ի սեղանի, Ուսուցչի օրվա, տնօրենի կնունքի ու ծնունդի համար հավաքում, ասենք, 10-20 հազար դրամ: Սակայն չենք գրում, ընդամենը ուզում ենք ներկայացնել, թե տիկին Ազիզյանն ինչ սկզբունքով է հաստիքները կրճատում: Վերոնշյալ կրճատվածներից Արմինե Ավագյանը կենսաբանության ուսուցչուհի է: Մոտ 20 տարի աշխատել է այդ դպրոցում:



Արմինե Ավագյանն այն ուսուցիչներից է եղել, ով պասիվ է,  դրամահավաքության գործընթացում, ինչն էլ «իր վրա թանկ է նստել»: Ազիզյանի գալուց հետո կենսաբանության երկրորդ ուսուցիչը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել, Ավագյանի վրա են դրվել նրա պարտականությունները: Քանի որ մեկ դրույքից պակաս են եղել ամբողջ ժամերը, այլ ուսուցիչ ընդունելու կարիք չի եղել: Բայց կարճ ժամանակ անց նա կենսաբանության նոր ուսուցչուհի է ընդունել՝ Նազիկ Շատվերյանին, եւ ժամերի մեծ մասը նրան են տվել՝ Ավագյանին թողնելով ընդամենը ութը:



Սակայն տեսնելով, որ նա շարունակում է դիմադրել ու ազատման դիմում չի գրում, տնօրենը կանչում է ու պարտադրում դիմում գրել, որից հետո Ավագյանը դիմում է ուղարկում քաղաքապետարան՝ տնօրենի մի ապօրինության վերաբերյալ, ինչից սարսռած՝ նրան նորից ետ են կանչում ու վերականգնում աշխատանքում: Սակայն տիկին տնօրենը տեղի ունեցածը չի մոռանում, որոշում է կտրուկ քայլերի գնալ՝ հոգեբանական ճնշումներից անցնելով կոնկրետի: Հրաման է տալիս սեփական դիմումի համաձայն դպրոցը լքել, հակառակ դեպքում խայտառակ կանի:



Արմինե Ավագյանը դիմում չի գրում եւ տնօրենը կրճատում է նրան՝ ամբողջ ժամաքանակը նվիրաբերելով Շատվերյանին: Արմինե Ավագյանն ասում է, որ վերջինս համապատասխան որակավորում չունի՝ նա տնօրենի սեղանին է դրել Շատվերյանի ստուգած աշխատանքները, որտեղ ուսուցիչը բազում սխալներ է թույլ տվել, եւ մատյաններում կատարած նշումները՝ նույնպես սխալներով, սակայն տնօրենը ուսերն է թոթվել, թե արդեն ուշ է: Անձնական սիմպատիայով առաջնորդվող դիրեկտորը կրճատված ուսուցչուհուն զգուշացրել է, որ չբողոքի, այլապես իրեն կհայտարարի ոխերիմ թշնամի:



Եվ տիկին Ավագյանը չի բողոքել: Սուսաննա Ազիզյանն իր քայլերը մեզ հետ զրույցում մեկնաբանեց այսպես. «Աբրահամյան Ռոզան թոշակառու է: Աշակերտների քանակի պատճառով դասարան փակվեց, եւ նա ազատվեց: Ասլիբեկյան Թերեզան չի կրճատվել, աշխատում է: Ավագյան Արմինեն ունեցել է 6 ժամ՝ կենսաբանության, եւ փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել է, ինքը չի էլ ուզել 6 ժամով աշխատել»: Ավելին՝ բացառեց անձնական դրդապատճառներով հաշվեհարդարը: «Ես ի պաշտոնե թույլտվություն չունեմ անձնական հարաբերությունների պատճառով ազատեմ: Համերաշխ աշխատում ենք»,- հայտարարեց տնօրենը: