Կառավարությունն ասում է` «ես հոգնել եմ, չեմ կարող աշխատել»

Կառավարությունն ասում է` «ես հոգնել եմ, չեմ կարող աշխատել»
Կառավարության հռչակած «կայուն տնտեսական զարգացման» (ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հայտարարությունն է) «Բյուջե 2011»-ն այսօր ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը քննարկեց լրագրողների հետ: «Ասեմ, որ ոչ մի աննախադեպ բան չկա: Նման եւ ավելի լավ նախադեպեր մենք ունեցել ենք: Սա մեր լավագույն բյուջեն չէ»,-ասաց նա ու սլայդներով ներկայացրեց 2009-ի ու 2011-ի բյուջեների համեմատական վերլուծությունը: Բագրատ Ասատրյանը կառավարությանը հիշեցրեց նրա ծրագրով 2009-12 թթ. համար առաջադրած  5 գերակայությունները եւ զուգահեռներ անցկացրեց բյուջեի նախագծում առաջարկված լուծումների հետ:



Որքան էլ զավեշտալի թվա, կրթության եւ գիտության զարգացումն իր համար որպես գերակայություն հռչակած կառավարությունը բյուջեի նախագծում 14,5 տոկոսով կրճատել է ոլորտին ուղղված ծախսերը: Եթե 2009-ին ոլորտին 126,9 մլրդ դրամ էր հատկացվել, 2011-ի համար 108 մլրդ 495 մլն դրամ է նախատեսվում: Ինչ վերաբերում է սոցիալական ոլորտին, թեեւ այս տարվա բյուջեով միջոցների աճ է նախատեսվում, սակայն գնաճի պայմաններում դա կորցնում է իր նշանակությունը: Համադրելով այս երկու ցուցանիշները՝ պարոն Ասատրյանը հանգեց. «Մեր թոշակառուները մոտ 0,1 տոկոսով ավելի վատ են ապրելու, քան ապրել են»:



Բ. Ասատրյանը կենսաթոշակային բարեփոխումներին էլ անդրադարձավ եւ նշեց, որ բարեփոխումները տապալվեցին, որովհետեւ կամավոր կուտակային համակարգը, որը 2011-ին է ներդրվելու, լավագույն դեպքում էքսպերիմենտ կարող է լինել, իսկ բուն բարեփոխումների խնդիրը եւս 2-3 տարով հետաձգվում է: Սրա պատճառը, ըստ Բագրատ Ասատրյանի, այն է, որ «այս տիպի կոալիցիոն կառավարությունները ստեղծված չեն լինում լուրջ քաղաքական խնդիրներ դնել եւ լուծել: Իբրեւ կանոն, այս կառավարությունները ստեղծվում են յոլա տանելու համար, ինչ-որ կոնկրետ քաղաքական խնդիր լուծելու համար», իսկ քաղաքական ամենամեծ խնդիրը  «քաղաքական համակարգը պահպանելն է անգամ կոնկրետ անձերի իմաստով»:



Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, տնտեսագետի կարծիքով, 1,5 մլրդ-ից ավելի արտաքին միջոցներ ներգրավելը մեզ հարկավոր չէր: Բագրատ Ասատրյանը նաեւ նշեց, որ այս տարվա ինն ամիսների պատկերն ավելի «տխուր» է, քան անցնող ութ ամիսներինն էր: Ունեցել ենք ընդամենը 2,9 տոկոս տնտեսական աճ: «Մեզ փորձելու են համեմատել մեր հարեւանների հետ: Այստեղ մենք «մեծ» առաջընթաց ունենք՝ ԱՊՀ-ում այսօր մենք վերջից 2-րդն ենք: Լավ ցուցանիշներ ունենք մի երկրից, որը Ղրղզստանն է: Թե ինչ վիճակում է գտնվում Ղրղզստանը, գիտենք»,-նկատեց Բագրատ Ասատրյանը:



«Հավանաբար տարին էսպես գորշ էլ կփակվի: Տարվա հիմնական առանձնահատկությունը, որ հետագայում իր ազդեցությունը կունենա տնտեսական զարգացման վրա, գնաճի բարձր մակարդակն է»,-ասաց ԿԲ նախկին նախագահն ու 10 տոկոսանոց գնաճ կանխատեսեց, որը մեր պետության պատմության համար աննախադեպ է: Ասատրյանը 2011-ի բյուջեն բնութագրեց որպես «գոյատեւման» բյուջե, ընդ որում՝ ոչ թե տնտեսության կամ երկրի, այլ կառավարության: «Մեր կառավարությունն այս բյուջեով ասում է՝ ես հոգնել եմ, ես չեմ կարողանում աշխատել»,-շարունակեց Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Գալիք տարվա ավարտին մեր քաղաքացիները չեն լինելու զգալի չափով ավելի ուրախ եւ երջանիկ: Ճիշտ հակառակը, այն մարդիկ, ովքեր չեն համակերպվելու այս իրողությունների հետ, իրենց բախտը փորձելու են գտնել օտար երկրներում»:



ՀԳ - Ի դեպ, Բագրատ Ասատրյանն իշխանությունների ուշադրությունը հրավիրեց վերջին շրջանում աշխարհին սպառնացող նոր տնտեսական վտանգի՝ արտարժութային պատերազմի վրա, որը վերջին 2-3 ամսվա ընթացքում դրսեւորվում է եվրո-դոլար հարաբերակցության մեջ դոլարի արժեզրկմամբ, եւ կարեւորեց պահուստների խնդիրը: