Երբ ԲՀԿ-ն կարտասանի այդ նվիրական անունը

Երբ ԲՀԿ-ն կարտասանի այդ նվիրական անունը
Մեզ հասած տեղեկություններով՝ Հայաստանի իշխանական դաշտում այսօր դրված է թիմակիցների հստակեցման հարցը: Նախագահականում ու ՀՀԿ-ում պահանջում են, որ ԲՀԿ-ն ներկա պահին կողմնորոշվի ու արտասանի 2013թ. նախագահի իր թեկնածուի անունը: ՀՀԿ-ականները պարբերաբար խոսք են գցում այս մասին, իսկ վերջերս նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, թե՝ կամ թող ԲՀԿ-ն, ինչպես ՕԵԿ-ը, հայտարարի, որ նախագահի հաջորդ ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, կամ թող ասի իր թեկնածուի անունը:



Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ճնշում է գործադրում ԲՀԿ-ի վրա, որ սա արտաբերի Սերժ Սարգսյանի անունը: Այլ անուն այս պահին ԲՀԿ-ն չի կարող տալ կամ գոնե առայժմ չի կարող: Սակայն ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, ու ԲՀԿ-ն չի շտապում պատասխանել ՀՀԿ-ին եւ արտասանել այդ նվիրական անունը: Իսկ ԲՀԿ-ն առայժմ քաղխորհրդի նիստ չի գումարում ու չի հստակեցնում նախագահի ընտրություններում իր թեկնածուին, քանի որ, ըստ ԲՀԿ-ականների, դրա համար դեռ շատ վաղ է: Չնայած այդ կուսակցությունում, ինչպես հայտնի է, ամեն բան որոշում է մեկ մարդ՝ Գագիկ Ծառուկյանը, եւ նիստ հրավիրելու կարիք առանձնապես չկա էլ:



Ծառուկյանն էլ թերեւս սպասում է առաջիկա զարգացումներին: Շրջանառվող տեղեկություններով՝ ԲՀԿ թեկնածուները կարող են լինել Ռոբերտ Քոչարյանը կամ Հովիկ Աբրահամյանը: Դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկն այս պահին կարող է լուրջ վերաբերվել Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը կամ Քոչարյանի վերադարձին, բայց 2 տարում ինչ ասես կարող է լինել: Դա է նաեւ պատճառը, որ ԲՀԿ-ն հիմիկվանից չի ուզում ՀՀԿ-ի թրի տակով անցնել:



ՀՀԿ-ն, սակայն, չի ուզում սպասել ու հստակեցումներ է պահանջում: Թերեւս պատահական չէր Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունը, թե՝ «եթե մենք փորձեինք քայլեր անել ԲՀԿ-ն թուլացնելու ուղղությամբ, ապա ԲՀԿ-ն իսկապես կթուլանար: Եթե ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, մենք այդպիսի բաներ թույլ չենք տալիս»:  Նախագահականում էլ, մեզ հասած տեղեկություններով, հայտարարում են, թե՝ եթե ԲՀԿ-ն այս պահին չի հայտարարի, որ սատարում է Սերժ Սարգսյանին, 10 տոկոսից ավելի ձայն չի ստանա խորհրդարանական ընտրություններում: Իսկ սա նաեւ նշանակում է, որ ՀՀ իշխանությունն այսօրվանից պատրաստվում է ընտրակեղծիքներին:



Մեր աղբյուրներն ասում են, որ ԲՀԿ-ն վիրավորական է համարում ՕԵԿ-ի հետ համեմատությունն անգամ, եւ այստեղ կարծում են, որ ՕԵԿ-ը ստիպված գնաց այդ քայլին, քանի որ նրա առաջնորդն այլեւս որեւէ շանս չուներ: Իսկ ԲՀԿ-ն իրեն համարում է ինքնուրույն ուժ, նրա նախագահը՝ ալամ Հայաստանի բարերարը,  ձայներ բերելու մեծ պոտենցիալով, ուստի իրենք կարող են չշտապել եւ չգնալ այդ քայլին: Բացի դա՝ ինքն իրեն հայության բարերար հռչակած Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն ուզում է առաջիկա ընտրություններում ավելի ժողովրդական, բարեգործ, կիսաընդդիմադիր կերպարով հանդես գալ, ուստի հստակ թեկնածուի անուն տալը, այն էլ Սերժ Սարգսյանի, կխանգարի այդ գործին:



ԲՀԿ-ականները կարծում են, որ ՀՀԿ-ի «հարձակումն» իրենց վրա ընտրություններում որոշ բաներ շահարկելու ու ԲՀԿ-ի հետ ավելի բարձր դիրքերից խոսելու համար է: Հիմնական խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն այսօր փորձում է առավելագույն անկախություն պահել ու սեփական ուժերով հանդես գալ ընտրություններում, իսկ այդ ուժերը բոլորին են հայտնի՝ ընտրակաշառք բարեգործության տեսքով: Ի դեպ, ՀՀԿ-ն վաղուց է սկսել մարդաորսը բարեգործության անվան տակ: Հեռուստատեսությունները ջերմեռանդ լուսաբանում են, թե ինչպես է ՀՀԿ բարեգործ կուսակցությունը բժշկական օգնություն տրամադրում մարզերի բնակչությանը եւ ակտիվ գործում: