Ստեփանակերտից ամանորի նվեր Ռոսիային

Ստեփանակերտից ամանորի նվեր Ռոսիային
Օրերս Արցախի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպայի տուն»-ը վերանվանվել է «Ռոսիա»։ Այդ տարածքում կողք-կողքի արդեն երկու «Ռոսիա» կա։ Արցախյան շարժումից առաջ, խորհրդային տարիներին Ստեփանակերտի ամենամեծ այդ կինոթատրոնը դարձյալ կոչվում էր հյուսիսային հարեւանի անվամբ։ Արցախյան շարժման տարիներին, երբ ռուսական-խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական ՕՄՕՆ-ականները համատեղ ռազմագործողություններով «անձնագրային ռեժիմի ստուգման» անվան տակ զինաթափում ու դատարկում էին Ղարաբաղի ծայրամասային հայկական գյուղերը, Շահումյանում, Գետաշենում «Կոլցո» օպերացիայով լիովին հայաթափեցին այդ բնակավայրերը, եւ պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան շարժման ողջ ընթացքում ընդգծված ադրբեջանամետ քաղաքականություն էր վարում, «Ռոսիան» անվանվել է «Սպայի տուն», եւ այն հանձնվել էր ԼՂՀ ՊԲ իրավասությանը։



Արցախի իշխանությունները երեւի կարծում են, թե Մեդվեդեւն ու Պուտինը ուշի-ուշով հետեւում են այստեղ կատարվող բոլոր անցուդարձերին եւ հանկարծ կարող են շատ խիստ նեղանալ՝ իմանալով, որ փոքրիկ այս երկրում Մեծն Ռուսիո պատվին ոչինչ չկա։ Եվ շուտով հիշյալ կինոթատրոնի հարեւանությամբ կառուցվել է բար-ռեստորան ու անվանվել «Ռոսիա» (տարածված լուրերի համաձայն՝ այդ շինությունը պատկանում է Արցախի գործող նախագահին)։ Ըստ երեւույթին, այդ «Ռոսիան» քիչ թվաց, եւ օրերս «Սպայի տունը»  կրկին վերանվանվել է «Կինո Ռոսիա»։



Հետաքրքիրն այն է, որ Մայր Հայաստանին միանալու երազանքով 1988-ին պայքարի ելած Արցախում ոչինչ չկա «Հայաստան» անվամբ։ Ստեփանակերտի կենտրոնական Լենինի պողոտան արցախյան շարժումից հետո անվանվել էր Երեւանյան, ապա հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքից հետո՝ Վազգեն Սարգսյան։



Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Ստեփանակերտը կարծում է, թե երկու «Ռոսիա»-ների առկայությունն առանց Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացում շրջադարձային նշանակություն կունենա։ Արցախի իշխանությունների ռուսասիրությունը Մոսկվային կհամոզի ղարաբաղանպաստ դիրքորոշում որդեգրել ու հասկանալ, որ կովկասյան տարածաշրջանում, «կովկասյան ազգության ներկայացուցիչներից» բացի, ապրում է նաեւ մի այլ ազգություն՝ ղարաբաղցիներ...



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ