Ոչ տոն, ոչ ծես

Ոչ տոն, ոչ ծես
«Հայերն Ամանորը ինչպես ուզում են, այնպես էլ նշում են»,-«Հայելի» ակումբում տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ցավով ավելացնելով, որ մենք՝ հայերս, գրեթե չենք կիրառում մեր ծիսական ավանդույթները: Այն, որ Ամանորը հայերի մոտ շարունակում է  մնալ հասարակական կյանքի ներդաշնակության կարեւոր երեւույթներից մեկը, Խառատյանը դրական է համարում:



«Բոլոր գժտված մարդիկ փորձում են հաշտվել, անցյալի խզված կապերը նորոգել եւ վերականգնել մինչեւ Նոր տարին եւ այլն»: Սակայն, ըստ ազգագրագետի, այսօր Ամանորի տոնակատարությունները միաձուլվել են ճոխ սեղաններ ունենալու ցանկության հետ. մինչդեռ ավանդաբար Նոր տարին անցկացվում է Ծննդյան պահքի ընթացքում: ««Տոն» եւ «սեղան» հասկացությունները ձուլված են, եւ Նոր տարին դրա կուլմինացիան է»,-ասում է տիկին Խառատյանը: Տոնական  սեղանների առատությունն էլ, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ տոնահանդեսի ավանդույթը չափազանց աղքատացել է:



«Մենք տոնական մշակույթ փաստացի չունենք, տոնին բնորոշ զվարճանքի, ուրախության այլ հանդիսություններ չունենք, եւ սկզբունքորեն մեր զվարճանքի մշակույթը զգալի չափով կենտրոնացել է սեղանի շուրջ եւ մի քիչ էլ խթանիչներով՝ ալկոհոլով զվարթությունը բարձրացնելով: Ներքին ուրախության պակասը կա, այդ պակասը մի տեսակ հավասարակշռվում է սեղանի առատությամբ: Մյուս կողմից էլ՝ ակնկալիք կա, որ սեղանների առատությունը հմայական կերպով պիտի ազդի ապագայի առատության վրա: Մենք աղքատի հոգեբանությամբ ենք այդ սեղանները բացում: Մարդիկ, աղքատ լինելով, էլ չեն ուզում շատ աղքատ երեւալ եւ ուզում են այդ աղքատությունը հաղթահարել այդ հմայական միջոցով»,-մեկնաբանեց նա:



Երգչուհի Լիլիթ Պիպոյանը, սակայն, չի ընդունում հին ծիսակարգերի կիրառումը: «21-րդ դարում հնարավոր չէ նույնությամբ վերականգնել ծեսերն ու ծիսակարգերը, դրա մեջ արհեստական բան կա: Թանգարանային ազգագրությունը բերել 21-րդ դար, դեմ եմ: Իհարկե, մենք կարոտ ենք, մենք զգում ենք դրա պակասը, եւ հարց է, թե դա ինչպես կարելի է լրացնել: Մենք հիմա ուրիշ մարդիկ ենք,  ցանկալի է, որ մենք էդ ամենը իմանանք, բայց մեր էսօրվա կյանքում չենք կարող խարույկներ վառել, վրայից թռնել, մենակ աղանձ դնել սեղանին, նույնիսկ չենք կարողանա վերականգնել մեր  պարերը, այսինքն, այն գործողությունները, որոնք կատարել են 100 տարի առաջ: Մենք այսօր չենք կարող անել: Հիմա մենք ուրիշ բան պետք է անենք. անհրաժեշտ է, որ հասարակության կյանքը եւ միտքը առողջ լինեն»,- ասաց նա:



«Պետք չէ պատճենահանել ազգագրական սովորությունները, բայց կարելի է դրանք մոդեռնիզացնել, նոր շունչ հաղորդել»,-հակադարձեց Հրանուշ Խառատյանը:



«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ նշեց, որ ինչպիսին մեր հասարական կյանքն է, այնպիսին էլ՝ Նոր տարին: «Էս օրերին նայում ես՝ թիվիներով ոչ տոն կա, ոչ ծես, ամբողջ Նոր տարին մի շարժում ա (Բլեյանը ձեռքերը վեր է բարձրացնում): Եթե դա նորմալ ա, ուրեմն նորմալ ա: Տոնը ենթադրում է գյուղեր, մարզեր, տներ, որտեղ պահպանված ավանդույթներ կան հետաքրքիր, ոնց են նշում, ինչ են անում, որ թվում ա՝ եթերով պիտի տան, բայց ոչ... էս չվող, եթերից եթեր թափառող մարդկանց խումբը... հոգնում ես էդ նույն դեմքերից»,-ասում է նա, ավելացնելով, որ տոնական մշակույթի բացակայությունը գալիս է դպրոցից, ինչը պետք է դարձնել ուսումնական աշխատանք. «Ընտանիքը դա չի անում, թիվին չի անում, ո՞վ պետք է անի»:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ