Սիմվոլիկ ինքնասպանություններ

Սիմվոլիկ ինքնասպանություններ
Կա «հետտոնական դեպրեսիա» հասկացություն, որն արտահայտվում է տրամադրության անկմամբ, ինքնասպառման  եւ դատարկության զգացողությամբ: Այս մասին «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ ցանկացած մարդու մոտ ցանկացած տոնից հետո թեթեւակի տրամադրության անկում կարող է առաջանալ, սակայն դա դեպրեսիայի է վերածվում միայն այն դեպքում, երբ անձն ունի հոգեբանական այլ խնդիրներ, այլապես, ըստ հոգեբանի, դեպրեսիան բարդ ախտորոշում է: Ըստ նրա, օրինակ, հետամանորյա տխրությունը սթրեսի կարող է վերաճել:



«Տոնն իր երկարատեւության պատճառով սկսում է կյանքի նոր ռիթմ դառնալ եւ երբ ավարտվում է, կարծես կյանքում ինչ-որ բան խաթարվում է»,-նշում է հոգեբանը՝ հավելելով. «Անգամ, երբ տանտիրուհին աղբանոց է նետում Ամանորից մնացած թանկարժեք ուտելիքը, խոր տխրությունը սթրես էլ կարող է դառնալ»: «Նոր տարվա հետ հույսեր ունեին մարդիկ, ինչ-որ հրաշքի սպասելիք, սակայն տոնի ավարտին այդ ամենը հօդս է ցնդում: Մնում է դատարկության եւ ինքնասպառման զգացումը»,-նշում է Նալչաջյանը:



Հետամանորյա բացասական տրամադրությունից դուրս գալու լավագույն եղանակը, ըստ հոգեբանի, պրակտիկ կյանքին վերադառնալն է: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ հետտոնական դեպրեսիաները համեմատեց այլ երեւույթի հետ: Ըստ նրա, երկար ծիծաղելուց հետո մարդը եւս տխրում է, հետեւաբար, տոներից հետո բնական է, որ նա պետք է տխրի: «Տոներից հետո մարդու մոտ էներգիայի սպառում է սկսվում, եւ որքան բուռն է անցկացրել տոնը, այնքան «տխրություն» կոչվածը կարող է ուժեղ լինել: Տոնական օրերին ավելորդ սթրեսներից ազատվելու ձեւ է օրինակ տնից փախնելը: Այժմ ընդունված է հանգստյան տներում կամ արտասահմանում Ամանորը դիմավորելը»,-ասաց Խուդոյանը՝ խորհուրդ տալով նաեւ շատ քնել եւ զբաղվել մարմնամարզությամբ:



Հոգեբանները հետտոնական դեպրեսիոն երեւույթները մասսայական չեն համարում եւ ընդգծում են, որ դա խիստ անհատական է: Անդրադառնալով այս շրջանում հաճախակի դարձած ինքնասպանություններին՝ հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց, որ ինքնասպանություն գործողները իրենց քայլն առավել սիմվոլիկ դարձնելու համար են այս օրերին դրան գնում: «Էդ ինքնասպանություններն էսպես թե էնպես պիտի լինեին, էնպես չի, որ դրանք հետտոնական հետեւանքով են առաջացել»,-մեկնաբանեց նա:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ