Հայաստանում վտանգվա՞ծ են տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերը

Հայաստանում վտանգվա՞ծ են տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերը
Հայաստանում մոտ 15-20 մլն եվրոյի տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ մալարիայի դեմ պայքարի առողջապահական ծրագրեր իրականացնող միջազգային «Գլոբալ ֆոնդ» կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ու մի շարք միջազգային կազմակերպությունների, որով մտահոգություն է հայտնում Հայաստանում տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերի իրականացման առթիվ:



Մոտ երկու ամիս առաջ Ժնեւից ժամանած ծրագրի ղեկավարները հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ, որոշ տեղեկություններով, պահանջել պատասխանատվության ենթարկել ծրագրի իրականացման պատասխանատուներին: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է առողջապահության նախարարությունը: Այդ ժամանակ որոշվել է, որ պաշտոնանկ պետք է արվի առողջապահության փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Եվ ահա դեկտեմբերի 17-ի նամակով «Գլոբալ ֆոնդը» կրկին մտահոգություն է հայտնել ծրագրերի թերակատարման եւ ֆոնդերի նպատակային օգտագործման առումով:



«Տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերը կատարվում են սպասվածից ավելի վատ, լուրջ մտահոգություններ ունենք դրամաշնորհների տնօրինման հարցում: Ծրագրերը թերակատարվում են եւ ֆոնդերի կորստի վտանգի առաջ են»,- ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին ուղղված նամակում ահազանգում է Հայաստանում այդ ծրագրերի համար միլիոնավոր եվրոներ տրամադրող «Գլոբալ ֆոնդը»: Նամակում  մասնավորապես ասվում է. «Ծրագրի իրականացման ոլորտում ձեռք բերված հաջողությունները հարաբերական են:



Կրկին մեր մտահոգությունն ենք հայտնում 2008-2010 թվականների առողջապահության նախարարության կողմից տվյալ ծրագրի հետ կապված գնումների գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ նոր ծագող մտահոգություններ ենք հայտնում իրականացման ոլորտում վերջին զարգացումների վերաբերյալ»: Այնուհետեւ «Գլոբալ ֆոնդի» Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի թիմի ղեկավար Մարիա Կիրովան նախարար Քուշկյանին գրում է. «Մեզ տեղեկացրել են, որ Դուք այլեւս ուղղակիորեն չեք վերահսկում ծրագրի համակարգման թիմի աշխատանքները: Նկատի է առնվում Համաշխարհային բանկի առողջապահական ծրագրերի իրականացման բաժնի հետ միավորումը, ինչը կատարվում է առանց բավարար քննարկումների եւ առանց «Գլոբալ ֆոնդի» համաձայնության»:



Նամակում նաեւ շեշտվում է, որ «Գլոբալ ֆոնդի» հետ նախնական համաձայնեցված պայմանագրերը դեռ չեն ստորագրվել նախարարության ղեկավարների կողմից, «ինչը վտանգում է ծրագրի սահուն իրականացումը եւ ռիսկի տակ է դնում դոնոր կազմակերպությունների վարկանիշը, անբավարար համագործակցությամբ եւ առանցքային  PR պատասխանատուների գծով անհարիր տեմպով»:



Ըստ նամակի՝ առողջապահության նախարարությունը «չի ներկայացրել ծախսերի վերանայման արդյունքների վերաբերյալ գործողությունների հաստատված ծրագիր, ինչպես պայմանավորված էր դեկտեմբերի 10-ի համար»:



Ըստ այդմ՝ «Գլոբալ ֆոնդը» նոր պայման է դրել առողջապահության նախարարության առաջ ծրագրով հետագա բոլոր գործողությունների համար եւ որոշել է վերահսկել գումարների շարժը: «Յուրաքանչյուր տենդերային հանձնաժողովի որոշում յուրաքանչյուր վճարման ցանկացած պայմանագրով պետք է հաստատվի ֆոնդի քարտուղարության կողմից նախքան` կատարումը»,- հայտարարում են «Գլոբալ ֆոնդի» ներկայացուցիչները: