Ինչո՞ւ է խուսափում վրաց եկեղեցին

Ինչո՞ւ է խուսափում վրաց եկեղեցին
Արդեն երկու տարուց ավելի Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Իլյա Բ-ն տարբեր առիթներով հայտարարում է, որ ինքը պատրաստ է ջերմորեն ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ վերահաստատել հայ-վրացական հնամենի բարեկամությունը, բայց այդ հանդիպումը, չգիտես ինչու, չի կայանում եւ տարբեր պատճառաբանություններով հետաձգվում է վրաց պատրիարքարանի կողմից: Այս տարվա հունվարի 10-ին եւս Վրաց պատրիարքը այդ ցանկության մասին է խոսել վիրահայոց թեմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:



ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախքեցի Շիրակ Թորոսյանի կարծիքով՝ արդեն երկու տարի նախատեսվում է Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Վրաստան եւ Ջավախք, նրա խոսքով՝ հանդիպումը լինելու էր միջեկեղեցական եւ հովվապետական:



«Դեռ 2009-ի գարնանը Սրբազանը պետք է մեկներ, բայց այն հետաձգվեց մինչեւ աշուն, թվում էր՝ Վեհափառի նոյեմբերյան այցելությունն անբեկանելի էր, սակայն այցելությունը հետաձգվեց` պատճառաբանությամբ, որ Վրաց պատրիարքն առողջական, հետեւաբար կազդուրվելու խնդիրներ ունի: Սակայն դրանից հետո վերջինս շատ ակտիվ աշխատում է, այցելություններ կազմակերպում, ավելին՝ ընդունում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին, ինչը մտահոգության տեղիք է տալիս»,-նշեց Թորոսյանը: Ըստ նրա՝ հանդիպումը չի կայանում այն պատճառով, որ դրա ժամանակ քննարկվելու են Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի իրավական կարգավիճակի, եկեղեցիների պատկանելության խնդիրները, վրացիների կողմից ուծացված հայ եկեղեցիների եւ նման այլ հարցեր, ինչը, մեղմ ասած, հաճելի չի լինի վրացական կողմի համար:



«Մանավանդ, որ վրաց որոշ պաշտոնյաներ դեռ վերջերս  բացեիբաց հայտարարեցին, որ Էջմիածնի եկեղեցուն մենք կարգավիճակ չենք տալու: Պարզ է դառնում, որ վրաց իշխանությունները պատրաստ չեն նման հարցեր քննարկելու: Ի վերջո այս ջայլամային քաղաքականությունը, հիմնախնդիրները կոծկելն արդյունք չի տալու»: Թորոսյանի համոզմամբ՝ Վեհափառի այցելությունը Վրաստան ջավախահայերի շրջանում մեծ ակտիվություն եւ ոգեւորություն կառաջացնի, ազգային-հոգեւոր զարթոնք կապահովի, որը եւս  վրացիների սրտով չէ, մանավանդ, որ Ջավախքում վերջին անգամ հայոց կաթողիկոսի այցելություն գրանցվել է 1905 թվականին, եւ դա եղել է Խրիմյան Հայրիկը: Գործող կաթողիկոսը նախընտրում է արեւմտյան երկրներ այցելել. այս օրերին էլ նա ԱՄՆ-ում է:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ