Ես ավերակացս զինչ թագավորեմ...

Ես ավերակացս զինչ թագավորեմ...
Ինչ են ուզում վրացիները մեզանից, ավելի ճիշտ` ինչ են ուզում նրանք մեր կառավարությունից, որ ամեն քայլափոխի այսպես ոտք են գցում նրան: Եվ, ընդհանրապես, այդ վրացիները կարծես Տիգրան Սարգսյանի կառավարության ինադու են լույս աշխարհ եկել: Իբր վրացական համարանիշներով ավտոմեքենաների պատմությունը քիչ էր, հիմա էլ ոտնձգություն են կատարել Տիգրան Սարգսյանի սրբության սրբոց առաջավոր տեխնոլոգիաների նկատմամբ` զգալիորեն թեթեւացնելով այդ ոլորտի հարկային բեռը: Թեթեւացնելը ո՞րն է, այ մարդ, ընդհանրապես հարկերից ազատել են առաջավոր տեխնոլոգիաների արտահանումը: Մարդիկ այս ոլորտը կարգավորող օրենքն ընդունել են դեկտեմբերին, եւ, խնդրեմ, հունվարի 1-ից այն կիրառվում է արդեն:



Մերոնք, եթե չասենք անակնկալի են եկել, ապա առնվազն շոկի մեջ են, որովհետեւ առաջավոր տեխնոլոգիաների ներդրման, զարգացման ոլորտում ունեին ընդամենը 6 հազար մասնագետ, ովքեր, եթե ամոթը կորցնեն, մի գիշերվա մեջ կարտագաղթեն Վրաստան` այս կարեւորագույն ձեռներեցությունն այնտեղ իրագործելու նպատակով: Ուստի, նոր տարվա մեկնարկից սկսած, Տիգրան Սարգսյանի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի Հայաստանը առաջավոր տեխնոլոգիաների երկիր դարձնելու ուղղությամբ եւ չբավարարվի ամռան ամիսներին Հանրապետական կուսակցության երիտթեւի հետ Սեւանի ափին մայկա-տրուսիկով կոմպյուտեր խաղալով ու, կներեք արտահայտությանս, անտրամաբանական հարցեր տալով` ի՞նչ եք կարծում, համակարգիչը ջրի տակ կաշխատի՞, թե՞ ոչ:



Շատ ենք խոսում Հայաստանը գրավիչ դարձնելու մասին: Բոլորի համար` սկսած ՀՀ քաղաքացուց մինչեւ սփյուռքահայ ու օտար գործարարներ: Բանն էլ հենց այն է, որ միայն խոսում ենք: Արդյունքում, արդեն քանի անգամ ստիպված ենք լինում բռնել հայրենասիրական մոտիվների պոչից` հանգստացեք հայրենի բնության գողտրիկ անկյուններում, այցելեք ձեր պապերի հայրենիքը, մերը հայկական հող ու ջրի բարիք է, գնենք մերը եւ այլն: Ո՞նց գնես, ո՞նց այցելես, ո՞նց հանգստանաս, երբ ամեն քայլափոխի վերավաճառողներ են, երբ ամեն ինչ թանկ է, երբ ամեն ինչ հարկվում է մինչեւ յոթերորդ շապիկը, երբ հստակ օրենսդրական դաշտ չկա ներդրողի ու արտահանողի համար, երբ դարերով այս հողին սերտաճած մարդն է այլեւս արմատախիլ լինում:



Երկու տարի առաջ ամռանը Արմավիրի գյուղերից մեկում ականատես եղա այսպիսի մի տեսարանի: ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար ընտրություններ էին: Վիճակահանությամբ ազատված էի հանձնաժողովի անդամի պարտականությունից եւ ընտրատեղամասից (դպրոցի փայտաշեն տնակից) դուրս եկա ծխելու: Տեսնեմ` գյուղապետը (անուններ չտանք) իր «Նիվա»-ն կանգնեցրել է դպրոցի բակում եւ դաշտերից ընտրության բերվող գյուղացիներին հերթով հրավիրում է իր մոտ: Մտածեցի` ուղղորդում է:



- Ընտրական տեղամասի տարածքում նման բան անել չի կարելի, Դուք քարոզում եք,- ասացի` կանգնելով կողքին:

- Դու ո՞վ ես,- եղավ պատասխան հարցը:

- Հանձնաժողովի անդամ:

- Երեւանի՞ց ես:

- Ի՞նչ կապ ունի,- պատասխանեցի,- Դուք օրենք եք խախտում:

- Ո՞ր օրենքն եմ խախտում, ախպեր ջան, այն, որ սրանց մի կերպ պահում եմ գյուղո՞ւմ:



Ես շփոթվեցի: Նա բացեց իր մեքենայի «բարդաչոկը»` մեջը մի քանի տասնյակ անձնագրեր:



- Անձնագրերն եմ տալիս, որ գան ընտրության:

- Իսկ ի՞նչ գործ ունեն մարդկանց անձնագրերը Ձեր մեքենայի մեջ:

- Հավաքել, պահել եմ: Որովհետեւ, եթե իրենց ձեռքը տամ, մի գիշերվա մեջ գյուղը կդատարկվի:



Շվարած էի մնացել` կդատարկվի՞, Արարատյան դաշտի գյուղը կդատարկվի՞, բերք ու բարիքի տակ կքած գյուղը կդատարկվի՞… Էլ ի՞նչ ընտրություն, ո՞ւմ է պետք եվրոպական այդ օյինբազությունը, որ ընտրվողները մարդու` իր տանն ապրելու հասարակ հնարավորությունը չեն կարողանում ապահովել: Ով այս գյուղապետին մեղադրի` դավաճան է առնվազն: Իսկ եթե այդ մեկը լինի ՀՀ կառավարությունից` պարզապես ենթակա է Հայաստանից արտաքսման, որովհետեւ հենց նրա պատճառով է գյուղացին լքում հողն ու պապենական տունը:



Այդ նույն կառավարության անճարակությունն է պատճառը, որ ամեն քայլափոխի ոտներս քարի է առնում, որ անգամ հարեւան երկրի ընդունած օրենքը պատուհաս է դառնում մեր գլխին: Եվ կարիք չկա զանազան պատճառաբանություններ բերելու, թե մեզ մոտ այս ու այն այնպես չէ, շրջափակում է, ֆլան-ֆստան: Այդ ամենը շիրմա է սեփական անգործությունն արդարացնելու համար:



Ինչ վերաբերում է անձամբ Տիգրան Սարգսյանին, ապա նա, հավանաբար, ամենամոտ ժամանակներս ստիպված կլինի հրաժեշտ տալ նաեւ իր վերջին անուրջին` Հայաստանը առաջավոր տեխնոլոգիաների երկիր դարձնելու հույսին, եւ համակերպվել հայ մեծ երազող տիտղոսի հետ: Բայց դա դեռ վերջը չէ: Սրա-նրա պատվերով գրված ու փոփոխված օրենքները (լեզվի մասին օրենքն էլ հետը) բիրիքով խորհրդարան տանելու հետեւանքները, ով էլ լինի վարչապետը, միշտ էլ տխուր կլինեն մեզ համար: Մի գեղեցիկ օր էլ Թբիլիսիում հայերեն ուսուցմամբ Քեմբրիջի անվճար մասնաճյուղ կբացեն, հայերին Վրաստանի քաղաքացիություն կշնորհեն… այն ժամանակ ի՞նչ է ասելու մեր հայրենի կառավարությունը` ես ավերակացս զինչ թագավորե՞մ…



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ