Ականներ տնակի նկուղում

Ականներ տնակի նկուղում
Հունվարի 13-ին, ժամը 16։00-ին  Վանաձորի Բուլղարական 2-րդ տնակային ավանի թիվ 68 տնակի նկուղում հայտնաբերվել են ականներ։ Տնակի սեփականատեր Արման Մատինյանը տան նկուղում հողային աշխատանքներ կատարելիս է եղել, երբ հայտնաբերել է միանգամից երկու պայթուցիկ եւ անմիջապես զանգահարել է Վանաձորի ոստիկանություն։ Դեպքի վայր են մեկնել Վանաձորի ոստիկանության եւ Լոռու մարզային փրկարարական  վարչության աշխատակիցները։



Հայտնաբերված պայթուցիկները վնասազերծելու նպատակով դեպքի վայր են հրավիրվել նաեւ սակրավորներ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսից, որոնք էլ մեկ ժամ անց տնակի նկուղից հանել են TM57 եւ TM62 տիպի հակատանկային ականներ եւ հանձնել իրավապահ մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու նպատակով։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պետ Արա Կարապետյանը, հայտնաբերված ականներն ուղարկվել են պայթյունատեխնիկական փորձաքննության. «Երկու պայթուցիկներն էլ եղել են հին, արդեն իսկ կոռոզիայի ենթարկված»։



Մեր այն հարցին, թե արդյոք տարածքում էլի՞ կլինեն նման պայթուցիկներ, Կարապետյանը պատասխանեց.  «Ահազանգն ստանալուն պես տարածքի բնակիչներին անմիջապես էվակուացրել են, իսկ դեպքի վայր ժամանած փորձագետները նույն պահին ամբողջ տարածքում կատարել են ականաորոնողական աշխատանքներ, սակայն, բացի նշված 2 ականից, այլ բան չի հայտնաբերվել»։