Արտակարգ Սյունիք

Արտակարգ Սյունիք
Այս տարի Սյունիքում արդեն գրանցվել է արտակարգ իրավիճակների երեք դեպք` երկու հրդեհ, մեկ ավտովթար: Ըստ Սյունիքի մարզային փրկարարական վարչության տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտակարգ դեպքերի թիվը եղել է 9` վեց հրդեհ, երկու տարերային աղետ եւ մեկ կենցաղային դեպք: Անցած տարի Սյունիքի մարզը արտակարգ իրավիճակների առումով բավականին լարված է եղել: 2010-ին մոտ 300 արտակարգ դեպք էր գրանցվել մարզի տարածքում, տարեվերջին էլ հատկապես շատ են եղել հրդեհի դեպքերը: Իսկ տոնական օրերին Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը ուժեղացված ռեժիմով է աշխատել:



Նապաստակի տարվա առաջին տասնօրյակը պակաս լարված չի անցել Սյունիքի բուժաշխատողների համար: Հունվարի 1-ից մինչեւ 13-ը միայն Կապանի շտապ օգնության ծառայությունում 211 կանչ է գրանցվել: Սուր թունավորման դեպքեր չեն եղել, հիմնականում արյան ճնշման,   ստամոքս-աղիքային տրակտի խանգարման, շաքարային դիաբետի, սրտամկանային ցավերի: Ըստ Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր վարակաբան Աիդա Բադալյանի՝ այս օրերին ակտիվացել են նաեւ սուր շնչառական հիվանդությունները: Այս տարի եւս շարունակվում է ջրծաղիկի համաճարակը:



Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կապանում ջրծաղիկի վարակ էր: Նույնիսկ պաշտոնյաները մտածում էին ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցնելու մասին: Երեք օր միայն մեկ  դպրոց չաշխատեց` Կապանի թիվ 5 հիմնական դպրոցը (նախկին թիվ 1 կրթահամալիրը), որտեղ մեկ օրում մոտ 60 երեխայի մոտ ջրծաղիկ էր հայտնաբերվել:



Դեկտեմբերի 31-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում ջրծաղիկի վարակման մոտ 50 նոր դեպք է արձանագրվել: Ըստ Աիդա Բադալյանի, ներկայումս  երեք մանկահասակ երեխայի մոտ հիվանդությունն ընթանում է բարդություններով: Անգամ  մեկն ուղարկվել է մայրաքաղաք: Այնուամենայնիվ, համաճարակաբանների խոսքով, իրավիճակը վերահսկելի է: Բայց զգուշությունը լավ բան է, ու այս օրերին  վարակի տարածումը կասեցնելու նպատակով Կապանի դպրոցներում եւ մանկապարտեզներում ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: