Թող տեսնեն, որ մեր երեխեքը սոված են

Թող տեսնեն, որ մեր երեխեքը սոված են
Երեկ կառավարության շենքի դիմաց բացօթյա առեւտուրն արգելելու Երեւանի քաղաքապետի որոշման դեմ կրկին բողոքի ցույց են արել նախկին առեւտրականները: Կառավարությունից ոչ մի պատասխան չստանալով` ցուցարարները շարժվել են դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ եւ այնտեղ շարունակել բողոքի ակցիան:



Ի տարբերություն հայրենի չինովնիկների անտարբերության՝ քաղաքապետի որոշման դեմ բողոքողների 3 հոգանոց պատվիրակությանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչեւան: Վերջինս, ցուցարարների փոխանցմամբ, չնայած ասել է, թե «իրենք այն ինստանցիան չեն, որ խնդիրը լուծեն, իրավասու չեն», սակայն խոստացել  է, որ հարցը կբարձրացնի կառավարության հետ առաջիկա հանդիպման ժամանակ:



Գերչեւան, ըստ ցուցարար-պատվիրակների, իր աջակցությունն է հայտնել նրանց, որ «միահամուռ բիզնես պլանի» ներկայացման պարագայում իրենք կտրամադրեն մարդիկ, ովքեր անվճար կօգնեն նրանց բիզնեսը զարգացնելուն: Նշենք, որ ցուցարարների վստահեցմամբ՝ իրենք պատրաստվում են նոր ցույցերի, նստացույցերի, որոնց կմասնակցեն նաեւ իրենց երեխաները: «Թող տեսնեն, որ մեր երեխեքը սոված են»,-ասել են նրանք: