Մետամորֆոզներ

Մետամորֆոզներ
Իրոք որ մեծ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ եւ բարեկամներ: Ամեն ինչ փոփոխական է ու հարահոս: Այդ երբ էր, որ քաղաքական գործիչներից մեկին գործող նախագահը «դատարկ դհոլ» անվանեց, հետագայում վերջինս դարձավ նրա ամենահավատարիմ զինակիցներից ու ջատագովներից մեկը, հիմա հենց վիճակը սրվում է, Հ1-ի եթերից իր ծառայություններն է մատուցում: Մեկ ուրիշը փրփուրը բերանին քննադատում էր գործող իշխանություններին՝ պատռում նրա դիմակը, հետո հանգրվանեց Անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռին եւ սկսեց մեղմ ու կառուցողական ելույթներ ունենալ: Ճամբար փոխածների անունները թվարկելը պարզապես անհնարին է՝ դրանք հարյուրներ չեն, հազարներ են: Քիչ չեն նաեւ սկզբունքներն ու վերաբերմունքը փոխածները: Օրինակ, կարելի է խոսել ավազակապետությունից, թաթար-մոնղոլական լծից ու միակ փրկությունը տեսնել արագությամբ այդ քրեաօլիգարխիկ բուրգը կազմաքանդելու մեջ, իսկ հետո ճառել երկխոսության մասին եւ իշխող վարչախմբին սիրահոժար ժամանակ տալ ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Ով կսպասեր, որ տարիներ անց ազատ լրագրող Նիկոլ Փաշինյանն ու նրան դատի տվող Մանուշակ Պետրոսյանը կհայտնվեն նույն թիմում: Իսկ հանրապետական Սասուն Միքայելյանին իր մարտի ընկերները բերդում տուլիկ կուղարկեն, բայց չեն համարձակվի միջնորդել, որ նա ազատ արձակվի: Առավել եւս ոչ ոք անգամ երազում չէր պատկերացնի, որ Գագիկ Ջհանգիրյանը կզբաղվի մարդու իրավունքների պաշտպանությամբ եւ կխոսի օրենքի գերակայությունից: Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանը կհեռանան Լեւոն Տեր-Պետրոսյանից, իսկ Արարատ Զուրաբյանին ու Խաչիկ Քոքոբելյանին լրտես կհայտարարեն: Իրոք որ քաղաքականությունը նենգ բան է, եւ հայտնի չէ` այսօր այստեղ ես, վաղը որտեղ կհայտնվես: