Հարգում են՝ անկախ քաղաքական հայացքներից

Հարգում են՝ անկախ քաղաքական հայացքներից
ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգիստը կազմակերպելու համար մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գրեթե երկու օր անընդմեջ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ բանակցություններ էր վարում ՀԱԿ-ի հետ՝ հոգեհանգստի արարողությունն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար:



Բանակցությունների առաջին օրը Հայ ազգային կոնգրեսը կտրականապես հրաժարվել էր հավաքել վրանները թեկուզ 3 ժամով՝ առաջարկելով, որ լավագույն դեպքում կարող են վրաններն աջ ու ձախ տեղաշարժել եւ միջանցք տրամադրել: «Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում միջանցք տրամադրել եւ միջանցքով հուղարկավորությունը կազմակերպել: Մի քիչ հարիր չէ, էլի, եւ սխալ է այդ մոտեցումը՝ անկախ քաղաքական հայացքներից եւ իրավիճակից»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Պողոսյանն ու  խոսքը հիմնավորեց նրանով, որ ժողովրդական արտիստը երկար տարիներ աշխատել է հենց Օպերայում, բացի այդ, հաշվի են առել մշակույթի բազմաթիվ գործիչների ցանկությունները եւ այն հանգամանքը, որ այդ օրը մարդկային մեծ հոսք է սպասվելու:



Բնականաբար, պահեստային տարբերակներ՝ մշակութային տարածքներ, ըստ նրա, շատ կան, բայց հանձնաժողովը չի կարող նման տարբերակված մոտեցում ցուցաբերել մշակութային գործիչների նկատմամբ, մեկին հուղարկավորելով մի տեղից, մյուսին՝ մեկ այլ:  Վերջնականապես հարցին լուծում տալու համար երեկ հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել, որի արդյունքում կրկին նույն խնդրանքով դիմել էին ՀԱԿ-ին, որը դրական պատասխան չէր տվել: «Իրենց հետ եւ մենք խոսեցինք, եւ ոստիկանությունը, եւ փոխքաղաքապետը, եւ հանձնաժողովը, բայց մոտեցումն այդպես էլ մնաց անդրդվելի»,- ասաց Արթուր Պողոսյանը:



Բնականաբար, ՀԱԿ-ն իր երեկոյան հանրահավաքում անդրադարձավ այդ խնդրին, մասնավորապես Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ իրենք առաջարկել են տարածք բացել, բայց հանձնաժողովը չի համաձայնել. «Մենք հարգում ենք Վանուշ Խանամիրյանին, անկախ իր քաղաքական հայացքներից»:



Ի վերջո հանձնաժողովը որոշել է Վանուշ Խանամիրյանի հրաժեշտի արարողությունը կազմակերպել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որի մուտքը Ֆրանսիայի հրապարակից է, այսօր, ժամը 12:00-14:00-ին, իսկ հուղարկավորությունը կատարվելու է քաղաքային պանթեոնում: