Մենք միայնակ էլ 5 տոկոսի շեմը կհաղթահարեինք

Մենք միայնակ էլ 5 տոկոսի շեմը կհաղթահարեինք
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ին, սակայն դեռեւս պարզ չէ, թե  հինգ տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններն ինչ կազմով են գնալու ԱԺ: Առավել հետաքրքիր իրավիճակում է հայտնվել «Ժառանգություն» կուսակցությունը, որն ԱԺ առաջին նիստից երկու օր անց՝ հունիսի 2-ին, արտահերթ համագումար է հրավիրել՝ ԱԺ գնացող 5 պատգամավորների կազմը հստակեցնելու համար: Այս օրերին կուսակցությունում ակտիվ քննարկումներ են գնում: Կուսակցության ներկայացուցիչներն անգամ սոցիալական կայքերում հարցում են տեղադրել, թե ժողովուրդն ում կցանկանա տեսնել նորընտիր ԱԺ-ում: Երեկվա դրությամբ հարցման առաջին հորիզոնականում  Անահիտ Բախշյանն էր, այնուհետեւ՝ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, չորրորդը՝ Արմեն Մարտիրոսյանը, ապա Լարիսա Ալավերդյանը, ով արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, վեցերորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհետեւ՝ Իզաբելլա Աբգարյանը, Արման Մուշեղյանը, Հովսեփ Խուրշուդյանը, տասներորդ հորիզոնականում Ալեքսանդր Արզումանյանն էր, ապա Կարապետ Ռուբինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Դավիթ Սանասարյանը, նախավերջին տեղում Ռուբեն Հակոբյանն էր եւ վերջում՝ հասարակական սեկտորի մյուս ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը: Երեկ մի քանի հարց ուղղեցինք Ստեփան Սաֆարյանին:



- Պարոն Սաֆարյան, ըստ շրջանառվող լուրերի, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հատկապես Ձեզ մտցնել ԱԺ գնացողների ցանկը:



- Այս ընթացքում որոշ ԶԼՄ-ներ ուղղակի զարմացրեցին իրենց վառ երեւակայությամբ: Նրանք, հստակ նպատակ հետապնդելով, շրջանառության մեջ են դրել այնպիսի լուրեր, որոնք հերքելն արդեն անիմաստ է: Դրանք իրականության հետ ոչ մի կապ չունեն:



- Արդեն հստակություն կա՞ «Ժառանգությունում», թե ովքեր են Ձեր կուսակցությունից գնալու ԱԺ:



- Ճիշտն ասած՝ ես տեղեկություններ չունեմ, թե ինչ է որոշվել կամ ինչ է քննարկվում: Բոլոր դեպքերում, ինչպես հայտարարվել է, հունիսի 2-ին «Ժառանգության» համագումարում կներկայացվեն այդ բոլոր հարցերի պատասխանները:



- Դուք այդ քննարկումներին չե՞ք մասնակցում, որ ոչնչից տեղյակ չեք:



- Այս օրերին, ճիշտն ասած, քննարկում չի եղել: Վերջին հաշվով այս օրերին բոլորս էլ փորձում ենք մի փոքր պաուզա վերցնել եւ հագստանալ մեր այս գերլարված մարաթոնից հետո: Դա է պատճառը: Թե չէ, կարծում եմ, առաջիկայում բոլոր որոշումները կընդունվեն եւ հունիսի երկուսին կներկայացվեն:



- Դուք ունե՞ք Ձեր պատկերացումը ցուցակի մասին, ըստ Ձեզ՝ ովքե՞ր պետք է գնան Ձեր կուսակցությունից ԱԺ:



- Այսպես ասեմ, իմ տեսանկյունից  խնդիրը շատ ավելի լայն է եւ վերաբերում է այս ստեղծված իրավիճակում «Ժառանգություն» կուսակցության ապագա գործողություններին: Ինձ համար դա շատ ավելի գլոբալ խնդիր է, քան այն, թե ովքեր պետք է լինեն այդ 5 հոգին, կամ ինչ է անելու այս հինգը:



- Պարոն Սաֆարյան, եթե արդեն պարզ է, որ ԱԺ անդրանիկ նիստը մայիսի 31-ին է, եւ դրանից մի քանի օր առաջ էլ ԿԸՀ-ն պետք է հանձնի մանդատները, Ձեր՝ հունիսի 2-ի արտահերթ համագումարը որքանո՞վ է նպատակահարմար:



- Մի հստակեցում՝ այս պահին այնքանով է հստակ, որ մենք ունենք առաջին հնգյակ, ովքեր կարող են գնալ առաջին նիստին, եթե այդպիսի որոշում լինի: Այնպես որ մի մտածեք, որ «Ժառանգությունն» ընդհանրապես անելիք չունի:



- Այսինքն Ձեր առաջին հնգյակը կգնա առաջին նիստին, ապա հունիսի 2-ին կփոխվի՞ այդ կազմը:



- Ընդհանուր առմամբ մենք մեր օրակարգում ունենք հունիսի 2 եւ պատրաստվում ենք հունիսի 2-ին:



- Հիմա ԱԺ առաջին նիստին գնալո՞ւ է «Ժառանգությունը», թե՞ ոչ:



- Ես չեմ կարող ասել, թե «Ժառանգությունն» ինչ կանի ամսի 31-ին: Այդ հարցը «Ժառանգությունում» չի քննարկվել, մեր օրակարգում միայն հունիսի 2-ի մեր համագումարն է:



- Պարոն Սաֆարյան, ուսումնասիրելով ընտրությունների արդյունքում «Ժառանգության» ստացած ձայները, ի՞նչ հետեւության եկաք. «Ազատ դեմոկրատներն» օգնեցի՞ն ձեզ, թե՞ դուք միայնակ էլ կկարողանայիք հաղթահարել 5 տոկոսի շեմը:



- Մենք ընտրություններից առաջ էլ հայտարարել ենք, եւ այժմ էլ ես մնում եմ այդ կարծիքին, որ «Ժառանգությունը» նաեւ միայնակ ի զորու էր հաղթահարել նվազագույն 5 տոկոսի արգելքը:



- Այսինքն, Դուք անիմա՞ստ եք համարում «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը: Դեմոկրատները Ձեզ չօգնեցի՞ն:



- Ես չեմ կարող միանշանակ գնահատական հնչեցնել մի պարզ պատճառով, որ ընտրություններ, որպես այդպիսին, ուղղակի անվանապես են տեղի ունեցել Հայաստանում: Հետեւաբար, եթե ընտրություն տեղի չի ունեցել, ես չեմ կարող գնահատել, թե ինչ ներուժ ուներ այդ դաշինքը, եւ ինչքան էր նրա առավելագույնը: Հետեւաբար թույլ տվեք ես այդ հարցի պատասխանը չտամ՝ ոչ թե այն պատճառով, որ ես այլ կարծիք ունեմ դաշինքի հետ կապված, այլ զուտ այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը գնահատելու իրողությունները չկան: Եթե ընտրություններ տեղի չեն ունեցել, ապա դժվար է ասել՝ համագործակցությունը պետք էր «Ժառանգությանը», թե ոչ:



- Մամուլում գրվեց, որ որոշ տեղերում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները կարողացել են շատ ավելի ձայներ բերել «Ժառանգությանը», քան ձեր իսկ կուսակիցները: Դա նրանց կողմից ձեզ օգնություն չե՞ք համարում:



-  Ես էլի եմ կրկնում, որ ընտրությունները Հայաստանում անցան զուտ անվանապես: Իշխանությունները ընտրություններն անցկացրին բացառիկ ցինիզմի հասնող տեխնոլոգիաներով ու խախտումներով: Հետեւաբար ասել, թե ով ում օգտին ինչքան ձայն է բերել, դժվար է ասել: Ինչպես նաեւ ես չեմ ուզում մեկնաբանել մամուլում գրված ամեն ինչ: Մամուլն ինչ գրել է, թող ինքն էլ մեկնաբանի: