Ես կստանամ իմ մանդատը

Ես կստանամ իմ մանդատը
ԲՀԿ ցուցակի անցողիկ տեղերից մեկում՝ 28-րդ համարում  տեղավորված ԱԺ պատգամավոր Արշակ Մխիթարյանին՝ Բրիլիանտի Արշակին, ըստ տարածված լուրերի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մտադիր է մանդատ չշնորհել: Բանն այն է, որ Ծառուկյանն այնքան էլ գոհ չէ կուսակցության օգտին գրանցած ցուցանիշներից, որոնք իր ընտրատարածքում, մասնավորապես Նոր Հաճնում, ապահովել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Բրիլիանտի Արշակը նախորդ գումարման խորհրդարանում էր հայտնվել «Օրինաց երկիր» կուսակցության շնորհիվ, որտեղ ընդգրկված է եղել առաջին յոթնյակում: Իսկ վերջերս սահուն կերպով հանգրվանեց ԲՀԿ-ում: Մխիթարյանը «Դայմոնդ Հաուզ» ընկերության սեփականատերն է: Իր մանդատ չստանալու վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին մի քանի հարց տվեցինք Մխիթարյանին: Ի դեպ նշենք, որ մամուլում վերջերս գրվեց, թե Մխիթարյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:



- Ես էդ բոլոր խոսակցություններին տեղյակ եմ, կարդացել եմ, բայց նման խոսակցություն իրականում ընդհանրապես չի եղել: Ես ինքնաբացարկ չեմ ներկայացրել:



- Եվ կստանա՞ք Ձեզ հասանելիք մանդատը:



- Հա, հա:



- Պարոն Մխիթարյան, իրականում խոսակցություններ են գնում, որ Դուք խորհրդարանական ընտրություններին չեք արդարացրել Ձեզ եւ Ձեր շրջանից՝ Նոր Հաճնից, չեք կարողացել 10 հազարից ավելի ձայն հավաքել, ինչպիսի պայման դրել է կուսակցության ղեկավարը: Եվ հենց այդ պատճառով է, որ լուրեր են պտտվում, թե Դուք մանդատ չեք ստանա եւ բացարկի դիմում եք ներկայացրել:



- Նման հարց իմ առաջ դրված չի եղել: Իսկ ես էլ ինքնաբացարկի դիմում չեմ ներկայացրել: Եվ ոչ ոք ինձ նման բան չի ասել՝ երբեք:



- Այսինքն վստահեցրել են, որ Դուք Ձեր մանդատը ստանալո՞ւ եք:



- Իհարկե... Այսինքն ոչ թե վստահեցնում են, այլ իմ համարը համապատասխանում է դրան, ես անցողիկ տեղում եմ գտնվում:



- Բայց լուրեր կան, որ Ձեզանից ավելի բարձր տեղերում գտնվող ԲՀԿ-ականների է Ծառուկյանը հարկադրում հրաժարվել մանդատից:



- Ես տեղյակ չեմ, կարող ա իմ համարից ներքեւ են դրանք: …Այ հիմա ես նստած՝ ինֆորմացիա եմ ուզում ստանալ թերթերից եւ ինտերնետից եւ կարող եմ ասել, որ երբեմն չի համապատասխանում իրականությանը:



- Իսկ Ձեզ հայտնի՞ է՝ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ ոչ:



- Չգիտեմ, այդ քննարկումներին տեղյակ չեմ: Ես քննարկումներին չեմ մասնակցում, եւ նման քննարկումներ չեն էլ եղել: ...Գուցե եղել է, ես տեղյակ չեմ...



- Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչ է կատարվում ԲՀԿ-ում, Դուք պասիվ կուսակցակա՞ն եք, թե՞ ուղղակի Ձեզ հետ չեն քննարկում...



- Չէ, ուղղակի քաղաքում չեմ եղել:



- Ամեն դեպքում կո՞ղմ եք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն:



- Ինչպես կորոշի մեր կուսակցության ղեկավարը:



- Փաստորեն, Ձեր կուսակցությունում թիմային որոշումներ չեն կայացվում:



- Ո՞վ ասեց, որ թիմային չի, ուղղակի ես տեղյակ չեմ, քաղաքում չեմ եղել: