Ընդդիմության պայքարը համակարգի եւ ոչ թե միմյանց դեմ պետք է լինի

Ընդդիմության պայքարը համակարգի եւ ոչ թե միմյանց դեմ պետք է լինի
Իշխանական ճամբարում բոլորիս հայտնի են թեժ գծում կանգնածները: Կարծես պատերազմական դաշտ լինի. մի փոքր նետ, մի թթու խոսք, եւ պատրաստակամներն առաջին գծից անմիջապես անցնում են պաշտպանության: Ո՞ւմ են պաշտպանում, ինչո՞ւ են պաշտպանում, ինչո՞ւ թույլ չեն տալիս միջանցիկ քամու առկայությունն անգամ, չես հասկանում: Բայց այս երեւույթը թերեւս ինչ-որ կերպ բացատրություն ունենա. պորտֆել են տվել, պարտավոր են կրծքով պաշտպանել եթե ոչ տվողին, գոնե իրենց պորտֆելը: Ու բնական ես համարում, եթե, ասենք, Էդուարդ Շարմազանովը կամ որին ուզում եք վերցրեք, դրսից եկող ցանկացած նետ առաջինն ինքն է իր վրա վերցնում: Այդ առումով, կարծում եմ, իշխանությունը հասել է ինքն իրեն պաշտպանելու կատարելության: Միասնական ճակատ կարելի է անվանել հենց այս կուռ միասնությունը, որը ենթարկվում է եղածը պահպանելու ու ամրապնդելու տրամաբանությանը:



Ընդդիմադիր դաշտում, ի տարբերություն նախորդ շրջանների, լրիվ հակառակ երեւույթն է տիրում: Պարզ մեկնաբանությամբ, այդ դաշտին «խփողը» պետք է լինի հակառակ ճամբարը: Ի վերջո «կռիվը» միշտ լինում է իշխանական եւ ընդդիմադիր թեւերի միջեւ, բայց, ցավոք, ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, երբ իշխանական թեւից դուրս՝ ընդդիմադիր դաշտը, սկսել է կրակահերթի տակ առնել մեկը մյուսին:



Ընդունում եմ, որ ընդդիմադիր դաշտը նույնպես պարզված չէ, բայց եկեք մի քիչ անկեղծ լինենք. ո՞ւմ մեղքն է դա, էլի՞ ժողովրդի... Ասում ենք, որ հստակեցված չէ իշխանական դաշտը, մինչ այսօր էլ ժողովուրդը դեռ հավատում է, որ «Բարգավաճն» իր կողքին կարող է կանգնել, իսկ ուրիշ ի՞նչ պետք է մտածեր ժողովուրդը... Իշխանական դաշտի հստակեցումը կախված էր զուտ ընդդիմադիր դաշտի ղեկավարներից:



Չասե՞լ դա, թույլ տալ, որ նման գործելակերպով շարունակ անորոշության մե՞ջ մնա ընդդիմության ընտրազանգվածը...  Ինչի՞ համար էր նախընտրական քարոզչությունը, ինչի՞ վրա դա ծախսվեց: Իշխանությունը խաբեց, ընդունում եմ, բաց ընդդիմությունն ի՞նչ արեց. ընդամենը քողարկեց այդ խաբեությունը: Պատերազմի դաշտում պարտությունից հետո քննարկում են սխալները, եւ  նման սխալներից խուսափումը դաս է դառնում:



Իսկ մեր ընդդիմությունն ի՞նչ է անում: Միմյանց գզվռտելով ու ոչնչացնելով, քաղաքական հարթության վրա էլ ընդդիմություն չի երեւում: Վերեւները հանգիստ նստել, ներքեւներն են «զմիմյանց ուտում»: Հայտնվել են մոլի լեւոնականներ ու րաֆֆիականներ, ովքեր առանց խղճի խայթի ոչնչացնում են այն ամենը, ինչն ամբողջովին ներծծված չէ Լեւոնով կամ Րաֆֆիով:



Չասե՞ս՝ եղբայր կամ քույր, ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ ես պետք է երգեմ այն երգը, ինչ դուք եք երգում, ինչո՞ւ ընդդիմությունն էլ բաժանել եք մերոնքականների ու ձերոնքականների, ո՞ւր եք այդ գործելակերպով տանում երկիրը: Վերջապես «մոլլիները» խոսելու տեղ դուք  ասեք, թե ինչու նոսրացավ ընդդիմության ընտրազանգվածը, ինչու ծախվեց ժողովուրդը եւ ամենակարեւորը՝ ինչու մինչ ընտրությունները ժողովուրդը հստակ չիրազեկվեց, թե ով ով է:



Եվ մինչեւ պարզ ձեւով չհստակեցվի, թե որոնք են ընդդիմադիր դաշտի պարտության պատճառները, եւ ընդդիմությունն իր վրա չվերցնի մեղքի իր բաժինը, առաջ գնալ չեն կարող... Մեկնաբանել՝ իբր եթե ՀԱԿ-ը չմիանար Ծառուկյանին, խորհրդարան անցած ձայների այդ փշուրներն  էլ կկորցնեին, արդարացում չէ, ավելին, ես կասեի՝ շատ ավելի գերադասելի կլիներ, որ այդ ձայների փոխարեն լիներ ժողովրդի հավատը, միասնությունը, այդ դեպքում Եվրոպան էլ այլընտրանք կունենար հայաստանյան ընտրությունների վերաբերյալ... Իսկ ժողովուրդը միասնական բռունցք կդառնար, եթե համոզվեր, որ ընդդիմության պայքարը համակարգի ... եւ ոչ թե միմյանց դեմ է...



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ