Հասարակությունն ինքնակառավարվում է

Հասարակությունն ինքնակառավարվում է
Երբ պետությունը զլանում է կատարել իր պարտականությունները, գործի է անցնում հասարակությունը: Երեկ «Ֆեյսբուքում» բացված նոր խումբը, որի կարգախոսն է՝ «Սիրիահայ ընտանիքների հյուրընկալում», հայտնում էր, որ «խումբը նպատակ ունի հավաքագրելու կամավորներ, ովքեր պատրաստ կլինեն ընդունել Հայաստան եկած այն սիրիահայ ընտանիքներին, որոնք սկզբնական շրջանում դժվարություններ ունեն տուն գտնելու»:



Այս մարդասիրական նախաձեռնությունը լավ կյանքից չէ. օրեր շարունակ մենք հետեւում ենք, թե ինչ անտարբերություն է դրսեւորում Հայաստանի իշխանությունը սիրիահայ համայնքի խնդիրների նկատմամբ: Ինչպես են լուռ սպասում, որ ամեն ինչ ինքնիրեն կկարգավորվի եւ միջազգային հանրության ջանքերով կոնֆլիկտը կմարի՝ այնպես, որ հայ գաղթականների նոր հոսք չի լինի դեպի հայրենիք: Իսկ եթե լինի էլ, ապա հույս ունեն, որ դա չի ուղղվի դեպի Հայաստան:



Տարբեր պետական պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ չեն էլ թաքցնում իրենց վերաբերմունքը՝ ասելով. աշխարհը մեծ է, Հայաստանում ի՞նչ են կորցրել, որ գան, կգնան բարեկեցիկ եվրոպական կամ ամերիկյան երկրներ: Եվ մինչ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կամերային երաժշտության տանը «Նարցիս» հանդեսի ամենամյա մրցանակաբաշխության արարողության ժամանակ երկար ու բոցաշունչ ճառ էր ասում՝ նվիրված ամերիկահայ բարերար Նուբար Ջանոյանին եւ նրա կնոջը՝ Սոնա Վանին, սիրիահայ գաղութի խնդիրներով մտահոգ ֆեյսբուքյան հանրությունը ելքեր էր փնտրում մեր հայրենակիցներին օգտակար լինելու:



Իսկ հասարակ մարդիկ, ովքեր բազում-բազմաթիվ հոգսեր ունեն, ի՞նչ կարող են առաջարկել նրանց, եթե ոչ տանիք եւ սնունդ: Առավել շոշափելի օգնություն պետք է ցուցաբերի պետությունը՝ իր կառույցներով, բյուջեով ու պետական պաշտոնյաներով: