Հեքիաթ Առակասեր թագավորների մասին

Հեքիաթ Առակասեր թագավորների մասին
Ժուկով-ժամանակով մի ջահել ջիվան ատենադպիր ա լինում: Էս ատենադպիրը ներքուստ զգում ա, որ իրանց վրա կարգված թագավորն իրա ցեղակիցներին լավ աչքով չի մտիկ անում: Սկզբում համակերպվում ա, հոգու խորքում խեղդում վիրավորանքը, բայց երբ էս  դուռակ թագավորը լրիվ չափերն անցնում ա, ատենադպիրը միանում ա իրանց թաղում ու ամբողջ քաղաքում արդեն անուն հանած մի բուռ իգիթ տղերքի ու էդ դուռակ թագավորին գահընկեց անում: Յոթ օր, յոթ գիշեր տաշի-տուշի են անում ու վերջապես թագավոր ընտրում իրենց միջի ամենակարդացածին:



Օրեր են անցնում, տարիներ, բայց կյանքը լավանալու տեղ հլա մի բան էլ վատանում ա, ու էդ հլա հեչ, էդ գիտուն թագավորի առաջին նազիր-վեզիրը օրը ցերեկով հայտարարում ա, թե իրանք առավել ցեղակից են, քան թե` մնացածները, ու որ ոչ մեկի մտքով չանցնի իրանց դեմ խաղեր տա, թե չէ վերջը վատ կըլնի, երկրորդն էլ, թե` մենք էնքան լավ ցեղակից ենք, որ մնացածի կարծիքը մեզ համար` կամ եղած, կամ` չեղած, ու հլա որ ուզենք, թագավորին էլ կհանենք տռաս: Էս գիտուն թագավորը սա որ լսում ա, մատը կծում ա. Եղած չեղածը թողնում ա էս մեր հաբռգած նազիր-վեզիրներին, գիր-գրականությունը հավաքում ա ու փակվում իրա անհատական դղյակում, որ էս կյանքի խերն ու շառը մի լավ ծանրութեթեւ անի:



Նոր թագավոր ա հռչակվում նազիր վեզիրների միջի ամենաջլապինդն ու հաստակողը` էս մեր ատենադպիրի ախպերացուն, ու պարզ ա, որ մեր ատենադպիրն էլ դառնում մի կարգին` առաջնակարգ վեզիր: Հենց կզբից, էս մեր ջլապինդ թագավորը, ասում են իրան ավելի վստահ զգալու համար, առաջին նազիր-վեզիրին ուղարկում ա անհայտության կղզին, անմեղության հմայիլը գտնելու համար, որտեղից ինչպես հայտնի ա, կամ գալիս են, կամ էլ` ոչ, դե իսկ երկրորդ վեզիրն էլ, որ մի խումբ երեւելիների հետ կառքը շատ արագ քշելիս ա ըլնում, մի ուղիղ ոլորանի վրա շատ պատահական վթարի ա ենթարկվում` զոհվում:



Էս  ջլապինդ թագավորը շատ ա կառավարում, թե` քիչ, մի օր գլխի ա ընկնում, որ ախր իրա դեմ էլ ոնց որ թե խաղ չկա, ու էդ մտքից ոգեւորված սկսում  ա հանուն տերության իրա չուզած մարդկանց` դատավոր- մատավոր, նախարար-մախարար, վարչապետ-մարչապետ, աջ ու ձախ տշել` իսկը չապայեվ խաղի նման, ու էնքան ա տարվում էդ չապայեվ խաղով, որ ոսկե մատյանում գրել ա տալիս, թե իրա ու իրա տերության պայծառ ապագան հենց էդ խաղի կտրուկ ու շեշտակի շարժումների մեջ ա` որ կա: Բայց արի ու տես, որ համարյա բոլոր ցեղակիցները, որ նախկին վատ օրերի սովածությունից ու մրսածությունից արդեն հետ եկած են ըլնում, ասես խոսքները մեկ արած սկսում են քրթմնջալ, թե թագավորը լրիվ իրան ձեռ ա առել, որ իրանց մարդու տեղ չի դնում, ում ուզում` հանում, ում ուզում` դնում ա, ու որ արդեն իրա պահվածքով էն  հաբռգած նախկին նազիր-վեզիրներին տվել` անցել ա, կարճ ասած` էլ իրանք օր ու արեւ չունեն:



Շուտով էս խոսք ու զրույցը գնում հասնում ա իր դղյակում փակված, էս աշխարհի խերն ու շառը հլա ծանրութեթև անող նախկին գիտուն թագավորին: Էս գիտուն թագավորըը, որ էս ամեն ինչը լսում ա վերջացնում, սուզվում ա մտքերի ծովը ու սկսում միտք անել:Միտք ա անում` միտք ու հանկարծ ձեռքերը վեր ա բարձրացնում ու գոչում. Է՛վրիկա՜, բոլոր տեսակի չարիքների արմատը էլ գտել եմ, հաբռգելն ա, հլա հին գրքերում ա գրած եղել` մի հաբռգիր, կամ դրա նման ինչ որ մի բան: Եթե ցեղովի, ամբողջ տեղովի գաք խնդրեք ու ինձ նորից թագավոր կարգեք,  մեր ազնվազարմ ցեղի բոլոր հարցերը կլուծեմ, աշխարհն էլ կսկսի նորից մեզ հարգել, իսկ էդ բոլոր հաբռգածներին ու հաբռգելու բոլոր հերթագրվածներին էլ ոնց որ պետքն ա կմշակեմ` կդառնան սիրուն կուրկուռի ձագեր:



Էս լուրը որ գնում հասնում ա արքունի պալատ, թագավորն ու կարգին` առաջնակարգ վեզիրը տագնապած իրար երեսի են նայում: Թագավորը որ սթափվում ա, տեղիցը վեր ա թռչում, դեմքին դաժան տեսք ա տալիս ու ատամների արանքից արքայական մարտահրավերը նետում.

–Չջոգինք, հոպար, ուրեմն մեր արքայական տոհմն ու մեր ախպերությունը հե՜ե՞չ, ականջիդ հետևը կտեսնես` այ, էս թագն ու գահը էլ չես տեսնի:

–Չի տեսնի, բա` չի տեսնի, – վրա յա բերում առաջնակարգ վեզիրը, ու սկսվում ա ներցեղային երկրորդ բշտամարտը, որը, ցավոք, էս անգամ առանց մարդկային կորուստների չի անցնում, ու էն բանից հետո, երբ վիրավորված  ապստամբ ցեղակիցները հետ են քաշվում տուժածներին օգնություն ցույց տալու ու ուժերը վերադասավորելու համար, նոր թագավոր ա դառնում, ինչպես արդեն գլխի եք ընկնում` առաջնակարգ վեզիրը:



Էս մեր նորընծա թագավորը զգում ա, որ ինչ որ բան նենց չեղավ, ոնց որ պիտի լիներ` սկսում ա խոստումներ տալ ցեղակիցներին, թե անելու ա ամեն հնարավորը, նույնիսկ անհնարինը, որ թափված արյան պատճառած վիշտը մոռացվի, ու որ դրանից հետո բոլորն ապրելու են հաշտ ու համերաշխ, բարեկեցիկ, համարյա թե ճոխ, իսկ զոռբաները նաև ցոփ ու շվայտ կյանքով: Թվում ա, թե թագավորական խոսքին` ինքն էլ ափաշկարա տված, ի՞նչը կարա խանգարի, բայց արի ու տես, որ ամեն ինչ ասես գիր արած ու խափանված ըլներ: Երաշտը մի կողմից, կարկուտը մյուս կողմից վնաս ա որ տալիս են, էլ չեմ ասում ողկուզակերն ու նորահայտ ծիրանի որդը, ու բացի էդ, բոլոր պալատականները ասես ձեն-ձենի տված, թութակի նման սկսում են իրանց ու իրանց արքունիքը գովել ու պետական գանձարանի գանձերը քամուն տալ:



Ցեղակիցները սկսում են իրար հարցուփորձ անել, թե իրանց նախնիքը էդ ի՞նչ մեղք են գործել, որ տակիցը չեն կարում դուրս գան: Սնահավատ պառավները  սկսում են քչփչալ, թե չարքերը թագավորի` նախկին առաջնակարգ վեզիրի` նախկին ատենադպիրի ձեռքերից ու ոտքերից անտեսանելի փթանոցներ են կախել, որ հենց ուզենա շարժվի` իրան վնասի, կամ էլ որ ուրիշներին դիպչի` դրանցից մեծ կտորը ականջն մնա: Գիտուն թագավորի կողմնակիցներն էլ աջ ու ձախ առարկում են, թե էս լուսավոր աշխարհում ոչ մի անտեսանելի փթանոց էլ չի կարա ըլնի, խաչը իրանցն ա, զորությունը իրանք գիտեն. չարիքի արմատը վատ սովորությունն ա, որ անցնում ա թագավորից- թագավոր, ու էնպիսի ներքին պահանջ ա դառնում, ոնց որ, ասենք` ծխելը. մարդ որ մի անգամ հաբռգում ա, էլ ցմահ դրանից ազատվում չի, որ կյանքում չանի էլ` երազում պիտի անպայման տեսնի:



Ու հենց էդ խառը ժամանակներում մի պարապ-սարապ հրեշտակ ա էդ տեղերով անցնելիս ըլնում, տեսնըմ ա, որ ցեղակիցները հերթական անգամ պատրաստվում են բշտամարտի, հիշում ա, թե ինչ արժանահիշատակ գործեր ա կատարել դժվարության մեջ գտնվող էդ հին ցեղը, մտածում ա, թե ոնց օգնի: Մտածում ա, մտածում, ու որոշում ա մի սիրուն, չնաշխարհիկ ու իմաստուն առակ-ոտանավոր պարգևի նրանց, որ գոնե խելքի գան` մարդավարի ապրեն:



Էս բարի հրեշտակը կոկորդը մի լավ մաքրում ա, երեք անգամ ուշադրություն- ուշադրություն ա կանչում ու հրեշտակային-արձագանքող ձայնով սկսում.



Ուներ  արդար մի այգեգործ



Որդի ուշիմ, աշխատասեր,



Որ չէր սիրում նստել անգործ,



Մտորում էր, քաղում դասեր:



Միշտ արարում` ստեղծում բարին



Հերկում հողը`  հաղթում քարին,



Թեկուզ երաշտ լիներ տարին`



Տուրք չէր տալիս երբեք չարին:



Սիրեց, հարգեց մերձավորին,



Ինչպես իր սեփական անձը,



Հեռու վանեց մեղսավորին`



Մերժեց ավար առած գանձը:



Եկավ պահն այս երկնքի տակ`



Տեղ գրավեց գահին փառքի,



Եղավ ազնիվ, արդար, շիտակ`



Խիղճը չըհանեց վաճառքի:



Ու վերացան գող, ավազակ,



Վերադարձան պանդուխտ ու հեգ,



Գործի դարձան ծույլ, հելուզակ,



Շորորացին հասկ ու եղեգ:



Ահա այսպես արեք եւ դուք,



Թագավորներ ազնիվ ցեղի`



Անցնում են շուտ գանձ ու գահույք



Սուտ ու կեղծիք` դառնում լեղի:



Բարին ցանեք դուք փոխադարձ,



Ապրեք կյանքով երանավետ,



Կըվաստակեք երկնային վարձ



Ի փառս ցեղի` Անուն հավետ:



Էս որ լսում են ցեղակից արքաներն ու երևելիները, կաս կարմիր են կտրում ու պապանձվում, ասես Սանդարամետի գավազանով գլխներին տված ըլնեն, ու նենց` որ էս հրեշտակին թվում է, թե իրա սիրուն, չնաշխարհիկ ու իմաստուն առակ-ոտանավորը էդ ապերախտները չեն հավանել:



-Լսա՜՞ք, արա,- ցեղակիցների համար ամենահասկանալի բարբառով ահեղաձայն որոտում ա հրեշտակը:



-Հա՜, հա՜, Տեր Հրեշտակ, լսեցի՜նք, լսեցի՜նք, լսո՜ւմ ենք ու հնազանդվո՜ւմ,- իրարից առաջ ընկնելով ասում են ցեղակիցները:



-Նայեք, հա՜, եկող տարի արձակուրդիս օրերին էլի ստեղով եմ անցնելու, որ տեսա էլի իրար միս եք ուտում, էդ թագն ու գահը ձեռներիցդ կառնեմ, ու ոչ թե 600 տարի հետո, այլ այսուհետև ու հետայսու էլ դրանց  էրեսը չեք տեսնի, - ասում ա հրեշտակը ու ապշահար ցեղակիցների աչքի առաջ հետ սավառնում երկինք:



Ասում են, թե հենց էդ օրհնված սհաթի  լուսավոր օրվանից սկսած, մեր երեք թագավորներն ու բոլոր երևելիները բարի գործերից բացի այլազան գործեր էլ չեն անում, իսկ բարի գործերից ազատ ժամանակ առակներ  կարդում, ոմանք էլ նույնիսկ` գրում, ու էնքան սիրով են արտասանում ու մեկնաբանում էդ խորիմաստ առակները, որ ամբողջ ցեղը նրանցով հիանում ա ու մեծարում`  անվանելով Առակասեր թագավորներ, դե իսկ ազնիվ ցեղակիցներն էլ թեթևացած շունչ են քաշում ու երգ ու խաղ ասելով անցնում իրանց ստեղծագործ աշխատանքին: Ասում են մինչև օրս էլ էդ ազնիվ ցեղում բոլորն իրար ջան են ասում ու ջան լսում:



Էստեղ հեքիաթը վերջանում ա, մնում ա մաղթանքը. Բարին մեր Առակասեր թագավորներին ու ազնիվ ցեղին, իսկ չարը` աշխարհի բոլոր անառակ ու ագահ հաբռգածներին:



Մարգար ՄԱԽՍՈՒԴՅԱՆ