Մեր քաղաքը. Բուկովսկին՝ Երեւանում

Մեր քաղաքը. Բուկովսկին՝ Երեւանում
Երեւանի փողոցներում, գարեջրատներում մի քանի ամիս է, ինչ երեւում է ամերիկացի արձակագիր Չարլզ Բուկովսկին, եւ նա խմում ու հայհոյում է, գնում մարմնավաճառների մոտ ու գրում՝ որտեղ ոնց պատահի: Բայց Երեւանում նա ավելի շատ բանաստեղծություններ է գրում, որոնք տեղադրվում են կայքերում, բլոգներում, մարդաշատ վայրերում: Ժամանակին Երեւանի փողոցներով քայլել են Սարտրը, Սարոյանը, Սթայնբեքը, Կոելյոն, ուրիշները, բայց հիմնավորապես մնացել է Մարկեսը, մի փոքր՝ Ռեմբոն, մի քիչ՝ Կաֆկան, քչից մի քիչ ավելի՝ Խորխե Լուիս Բորխեսը, քչից ավելի շատ՝ Ռեյ Բրեդբերին եւ այլն, եւ այլն: Հիմա վերադառնանք Չարլզին: Ամերիկյան «Կեղտոտ ռեալիզմի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Հենրի Կարլ Բուկովսկին, ծնվել է 1920 թվականին, Գերմանիայի Անդերնախ քաղաքում: Ծանր մանկություն, հիվանդություններ, հոր հետ կոնֆլիկտ, որից հետո ծնոտին իջեցրած պինդ հարված. այս ամենը գրականագետների, հոգեբանների համար հետագայում դարձել են նրա գրականության աշխարհայացը հասկանալու ու վերծանելու հիմնական ուղենիշներ: Բուկովսկին իր առաջին գրական փորձերն արել է արդեն հասուն տարիքում: Աշխատելով փոստատանը՝ Չարլզն անվերջ խմում էր եւ ընկնում փողոցային կռիվների ու ծեծկռտուքների մեջ: Նա խմում էր, եւ ալկոհոլը դարձել էր կյանքի հավատարիմ ընկերն ու ապրելակերպը:



www.youtube.com-ում տեղադրված տեսաձայնագրություններում, որտեղ գրողը հարցազրույցներ է տալիս ու պատմում իր արկածների մասին` քեֆը, հումորն ու ֆաքերը միշտ իրենց տեղերում են: Բուկովսկու գրիչն առատ էր` բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպեր, լրագրողական հոդվածներ, հիշողություններ: Առայսօր դեռ հրապարակվում են նրա անտիպ գործերը, բայց նրա գրականության ու կերպարի հեղինակությունը մեծ ճանաչում ունի ԱՄՆ-ից դուրս: Ամերիկացի գրող, լրագրող Բիլ Բուֆորդը 1983 թվականին շրջանառության մեջ դրեց «Կեղտոտ ռեալիզմ» տերմինը եւ գրում էր, որ այն հյուսիսամերիկյան գրական շարժում է, որի հեղինակները լեզվի մինիմալիստական, անպաճույճ սինտաքսով, ժարգոնի ցայտուն դրսեւորմամբ եւ գրոտեսկի հասցվող մթնոլորտով պատմում են ամերիկյան ադերգրաունդում ապրող աղքատ, հասարակությունից դուրս մղված հերոսների` գողերի, մարդասպանների, խուժանների, պոռնիկների, թմրամոլների, բոլոր-բոլոր դուրսպրծուկների կեցությունը:



Եվ «Կեղտոտ ռեալիզմի» առաջատար համարում են Բուկովսկուն: Այս շարժման հետեւորդներից էին նաեւ Թոբիաս Վոլֆը, Ռայմոնտ Քարվերը, Ֆրեդերիկ Բարթլմին եւ շատ ուրիշներ:



Խորհրդային Միության փլուզումից հետո Բուկովսկու գրքերը պարզապես գրավեցին ռուսական գրքի շուկան: Մեծ Արջի երկրում ալկոհոլիզմը, մարմնավաճառությունը, հանցավորության բարձր ցուցանիշը, գրաքննության  ավարտը էական դեր ունեցան նրա գրականության տարածման ու հավանության համար: Բուկովսկին խոսում էր հատակում ապրող մարդուն հասկանալի լեզվով` հարազատ անմիջականությամբ սղագրելով այդ կյանքի ամենակարեւոր եւ բացարձակապես ոչ կարեւոր դրվագներն ու զգացողությունները:



Այսպիսով, Երեւան նա մուտք գործեց Ռուսաստանից եւ ռուսերենով, հետո, ինչ-որ ժամանակահատվածում հարմարվելով մեր տեղանքին ու բնավորությանը, մնաց ու դարձավ սիրելի: Հիմա Բուկի որոշ բանաստեղծություններ կարելի է տեսնել նաեւ հայերենով` գրական կայքերում, այս կամ այն քննարկմանը: Եվ հարազատությունը, որ կա նրա գրականության հանդեպ, բնավ պատահական չէ: Հայկական անդերգրաունդը` իր բազմազանությամբ ու յուրահատկությամբ, դեռեւս խորությամբ ուսումնասիրված չէ, եւ նրա սրտում ապրող մարդկային կյանքը գրականությանը կարող է հիմնավոր ու առատ բերք տալ: Ինչեւէ, Բուկը Երեւանում է, եւ դա ուրախալի է: Մնում է անհարկի չէժանացնել նրան, ինչպես Երեւանը սիրած մյուս գրողներին, թե չէ Բուկը կզայրանա ու բոլորին կուղարկի իր իմացած ամենալավ տեղը: