Մարտահրավեր իշխանությանը

Մարտահրավեր իշխանությանը
Այսօր սկսվում է ՀՀ նախագահի թեկնածուների փաստաթղթերի ներկայացման գործընթացը: Հունվարի 4-ից կսկսվի գրանցումը, եւ այլեւս ոչ ոք չի կարող ասել՝ «այդ մասին՝ հաջորդ դասին»: Ահա եւ եկել է հաջորդ դասը՝ այն «պատասխանելու» համար ընդամենը 10 օր ժամանակ է տրված: Հունվարի 4-ը վերջնաժամկետն է:



 



Թեեւ որոշ թեկնածուներ արդեն իսկ դուրս են թռել ընտրապայքարից. պարզվեց՝ պատրաստ չեն «հաջորդ դասին», եւ մկանների խաղն ընդամենը պատրանք էր՝ ֆիկցիա: Ոմանք դեռ փորձում են ամեն կերպ ձգել դասը «պատասխանելու» պահը՝ մի օր- երկու օր ժամանակ խնդրելով հասարակությունից: Թե ինչ է տալու այդ 1-2 օրը, ոչ ոք չի կարող բացատրել: Բայց հասարակությունը համբերատար է եւ պատրաստ է մի քանի օր էլ սպասել: Ամեն դեպքում՝ արդեն ունենք մի քանի թեկնածուների հայտարարությունները, որոնք չվախեցան եւ ձեռնոց նետեցին իշխանական թեկնածուին: Առաջինն այդ շարքում, անշուշտ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ով դեռ ամիսներ առաջ, վայր դնելով պատգամավորի մանդատը, հստակ հրապարակեց իր առաջադրվելու մտադրությունը եւ բաց ու նպատակասլաց գնում է այդ ուղիով: Հարգանքի արժանի համարձակություն:



 



Մյուսը Հրանտ Բագրատյանն է, ով թերեւս բարոյահոգեբանական խնդիրներ ունի՝ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու հետ եւ բնական է, որ իր որոշման հրապարակումը ձգում էր մինչեւ երեկ՝ սպասելով ՀԱԿ առաջնորդի որոշմանը: Երեկ վերջապես հրապարակվեց Բագրատյանի որոշումը եւս: Եթե հանկարծ Տեր-Պետրոսյանը վերջին պահին որոշի առաջադրվել եւ հայտարարի այդ մասին, ապա ՀՀ նախկին վարչապետը պատրաստակամություն է հայտնել, ինչպես եւ վայել է մտավորական մարդուն, զիջել իր տեղը ՀԱԿ առաջնորդին եւ դուրս գալ ընտրապայքարից: Սպասենք հաջորդ հայտարարություններին: