Րաֆֆի Հովհաննիսյան.«Դա կուսակցակռիվ կամ Սերժի ու Րաֆֆու կռիվ չէ»

Րաֆֆի Հովհաննիսյան.«Դա կուսակցակռիվ կամ Սերժի ու Րաֆֆու կռիվ չէ»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրումից հետո վերջինս հանդիպեց կուսակցության Գյումրու տարածքային կառույցի հետ:



 



«Ժառանգության» առաջնորդի կարծիքով,  հայ ժողովուրդը իր ամենավճռական ու հաղթական պայքարի նախաշեմին է, իրենք ունեն համախոհներ, ովքեր առանց որեւէ շահի միշտ աջակցել են ժողովրդին: «Այն ինչ պետք է անցնենք մինչեւ փետրվարի 18-ը եւ դրանից հետո կուսակցակռիվ չէ,  ոչ էլ «Ժառանգության» եւ հանրապետականի կռիվ, անգամ Սերժի ու Րաֆֆու կռիվ չէ,  այլ միասնական Հայաստանի այսօրվա եւ վաղվա պայքարն է: Ով չի ուզում, թող ընտրությունների օրը իր տանը նստի, բոյկոտի այդ ընտրությունները, իր բախտը նզովի, այդ կերպ շարունակի ապրել: Եթե մենք մեր ցավը, տառապանքը  հաղթահարենք վաղը այլ իրավիճակ կունենանք»:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ եթե պետական մարմինները միջամտեն ընտրությունների «ելքը» վճռելու համար, ապա գործ կունենան իր եւ ժողովրդի հետ՝ «Իմ ցանկությունն է, որ բոլոր թեկնածուների միջեւ հավասար պայմաններ ապահովվի, իսկ եթե պետական մարմինները «միջամտեն» ընտրությունների ելքի վրա, նրանք գործ կունենան ժողովրդի եւ անձամբ` իմ հետ».ասաց «Ժառանգության» առաջնորդը:



 



Թեկնածուն նշեց, որ եթե ինքը ընտրվի նախագահի պաշտոնում, տեղի կունենա բյուջեի «ճարպահանություն», ներդրումներ կլինեն ժողովուրդը կստանա իր  հասանելիքը: Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց, որ ինքը չի ունենա կախվածություն բիզնեսից, 5 տարվա ընթացքում Հայաստանը նոր Սահմանադրություն կունենա, նաեւ խորհրդարանական կառավարում կլինի: «Ես չեմ վիճարկում այն մարդկանց կարծիքները, թե  ընտրությունների արդյունքները կանխորոշված են, բայց դա նրանց կողմից պարտվողական քաղաքականության ընդունում է»:



 



Վերջում «Ժառանգության» առաջնորդը հույս հայտնեց, թե  ինքը  նախագահական ընտրություններում կհաղթահարի  երկրորդ փուլ անցնելու հնարավորությունը եւ դրանում կասկած չունի:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ