Ավագանու որոշումները քվեարկելիս Ծառուկյանին չենք հարցրել

Ավագանու որոշումները քվեարկելիս Ծառուկյանին չենք հարցրել
Երեւանի կառավարման գործում, 2008-ից սկսած, իր ներդրումն ունեցավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ընտրություններում 2-րդ տեղն էր զբաղեցրել ու 17 մանդատով մտել էր քաղաքապետարան: Երբ ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից, ԲՀԿ-ն ինքնահռչակվեց քաղաքապետարանի ընդդիմություն ու լծվեց գործի:



 



Այդ ժամանակվա նրա գործելաոճը շատ նման էր վերջին ամիսներին ԲՀԿ-ի խորհրդարանական վարքագծին: Լեզվակռիվներ, խրոխտ ելույթներ, որոնք ավագանու նիստերը վերածել էին շոուների: Բայց բանը հասավ Ծառուկյանի միջամտությանը, ապա վիճակը հանդարտվեց: ԲՀԿ ավագանուց հեռացավ  ընդվզողը՝ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը, եւ նրա տեղը գրավեց Գուրգեն Գասպարյանը: Փոխվեց նաեւ մթնոլորտը. «կառուցողական» հարաբերություններ ձեւավորվեցին: Որոշեցին վեճերը տեղափոխել հանձնաժողովներ, իսկ նիստին, որին ներկա են նաեւ լրագրողները, ընդամենը դակել օրակարգը:



 



Մենք որոշեցինք պարզել, թե այս հնգամյակում ավագանու ԲՀԿ խմբակցությունը երեւանցու շահերից բխող քանի նախաձեռնությամբ  է հանդես եկել կամ երբեւէ հակազդե՞լ է ՀՀԿ-ի որոշումներին: Զրուցեցինք Երեւանի ավագանու ԲՀԿ ֆրակցիայի ղեկավար Գուրգեն Գասպարյանի հետ: «Մոտ տասը նախաձեռնություն եւ մի քանի տասնյակ առաջարկներով ենք հանդես եկել: Օրինակ, ավագանու աշխատանքային կանոնակարգը, որը «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությունն է, օրինակ, ծխախոտի, ոգելից խմիչքների թույլտվության գոտիավորման հետ կապված նախաձեռնություն ենք արել, որ տնտեսվարողներն ավելի քիչ տուրք են մուծել: Ասենք,  դարձել է 4-5 գոտի, օրինակ, Քոչարի փողոցի առաջային մասում եւ բակային հատվածում գտնվող խանութների տերերը տարբեր չափի տուրք են մուծել: Բակային մասում գտնվողները՝ ավելի քիչ, քան այն կրպակները, որտեղ ավելի մեծ է եղել շրջանառությունը:



 



Օրինակ, պատերազմի վետերաններին ու Արցախյան պատերազմի առաջին կարգի վետերաններին գույքահարկը զիջելու նախաձեռնությունը, որը հավանության արժանացավ: Դա անցած տարի էր: Էդ ժամանակ մենք նախաձեռնեցինք, որ դրա մեջ մտնի Արցախյան պատերազմի վետերանների երկրորդ կարգը…»,- մանրամասնեց ԲՀԿ-ականը: Մոտ տասը նախաձեռնությամբ են հանդես եկել, իսկ առաջարկները 5 տասնյակն անցել են, սակայն հիշատակվեցին միայն վերոնշյալները: Իսկ երբեւէ եղե՞լ է դեպք, երբ ԲՀԿ-ն դիմադրի եւ դեմ քվեարկի ՀՀԿ-ի առաջ քաշած հարցին: «Դե, դիսկուսիաներ շատ են եղել, բայց, ի վերջո, եկել ենք եզրահանգման…»,-պատասխանեց Գասպարյանը: Մեր զրուցակիցը ձոներգի տեսքով ներկայացրեց իրենց աշխատանքը, իբրեւ թե մշտապես Երեւանի քաղաքացու կողքին են եղել: Այդ դեպքում ԲՀԿ-ն բնակչության քանի՞ տոկոսի քվեին կարժանանա առաջիկա ընտրություններում, հարցրինք ԲՀԿ ֆրակցիայի ղեկավարին, ով այդ հարցին պատասխան չուներ՝ «չեմ կարող ասել, թող մայիսի 5-ին գնահատականը տա երեւանցին, մենք թափանցիկ աշխատել ենք, կանգնած ենք եղել թե տնտեսվարողի, թե բնակչի կողքին»:



 



Իսկ իրենց աշխատանքից գո՞հ են կուսակցությունում, ովքեր անխնա քննադատության են ենթարկում գործադիր մարմիններին, այդ թվում՝ քաղաքապետարանին: «Մեր աշխատանքը, բնական ա, որ գոհացրել ա մեր կուսակցության ղեկավարությանը, որովհետեւ մենք, ի վերջո ունենալով տասնյոթ մանդատ, այսինքն՝ մեծամասնություն չենք կազմել, բայց մեր կուսակցության գաղափարներին հավատարիմ ենք աշխատել»: Հետաքրքիր է նաեւ Ծառուկյանի միջամտությունն ավագանու ԲՀԿ ֆրակցիայի քվեարկության, դիրքորոշումների հարցում: Գաղտնիք չէ, որ ԱԺ-ում պատգամավորները վերջնական որոշումը կայացնում են Ծառուկյանին զանգահարելուց հետո, ինչի մասին վերջերս իրենց հեռուստաեթերով խոսեց Ծառուկյանը: Սակայն Գուրգեն Գասպարյանը վստահեցնում է, թե քվեարկում են խղճի մտոք: «Նման բան չի եղել երբեւիցե, որ հարցնենք, որը որ հոգեհարազատ ա եղել, կողմ ենք քվեարկել, որը չէ՝ դեմ ենք քվեարկել: Մեր խմբակցությունում հարցը  քննարկվել ա, ոնց խմբակցությունը որոշել ա, քննարկել ենք ու քվեարկել մեր կուսակցության սկզբունքների մեջ»: